«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Ծերությունը և առողջությունը

Ծերությունը և առողջությունը

Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը:

 

Սրտանոթային համակարգ

 

Ոսկրածուծում տեղի է ունենում ճարպային կուտակում և արյունաստեղծ բջիջների քանակի նվազում: Այդ դեպքում էրիթրոցիտների պակասը լրացվում է նրանց ավելի երկար կյանքի, գործունեության և ծավալի մեծացման հաշվին (մինչև 145 օր, երբ նորմայում այն 120 օր է):

 

Արդյունքում նվազում է նրանց թթվածին և ածխաթթու գազ տեղափոխելու ունակությունը: 40 տարեկանից հետո բարձրանում է արյան մակարդելիությունը, մեծանում է անոթներում թրոմբառաջացման հավանականությունը:

 

Բարձր տարիքի մարդկանց մոտ՝ սրտամկանի գործունեության ակտիվության անբավարարության հետևանքով, վատանում է օրգան-համակարգերին թթվածնի մատակարարումը: Զարգանում է սրտամկանի պրոգրեսիվող սկլերոզ, ատրոֆիա, կամ, հակառակը՝ միոկարդի հիպերտրոֆիա, որոնց հիմնական պատճառը սրտի թթվածնային անբավարարությունն է և նրա գրգռողականության խանգարումը:
Կարևոր պատճառ են նաև անոթների աթերոսկլերոտիկ փոփոխությունները՝ նրանց պատերում լիպիդների, կալցիումի կուտակումը և շարակցական հյուսվածքի առաջացումը: Դրա հետևանքով կարող է նեղանալ կամ լիովին փակվել անոթների, մազանոթների լուսանցքը: Այդ փոփոխությունների պատճառով արյան շրջանառության մեծ անոթներում բարձրանում է արյան զարկերակային ճնշումը և ի հայտ է գալիս օրգանների հիպօքսիա: Մինչդեռ երակային ճնշումն, ընդհակառակը՝ իջնում է երակների հարթ մկանների առանձգականության շնորհիվ: Դա բերում է երակներում արյան կանգի և երակային թրոմբոզի:

 

Շնչական համակարգ

 

Կանգային և ատրոֆիկ գործընթացների հետևանքով փոքրանում է բրոնխների լուսանցքը, նվազում է թոքային հյուսվածքի առաձգականությունը: Դա հանգեցնում է գազափոխանակության խանգարման, և ծեր հասակում փոքրանում է շնչառության խորությունն ու նրա արդյունավետությունը:

 

Այս փոփոխությունները հատկապես բնորոշ են ոչ ակտիվ կյանք վարող մարդկանց:

 

Մարսողական համակարգ

 

Առողջության և երկարակեցության վրա արտաքին միջավայրի ազդող գործոններից են տարիքի հետկապված մարսողական համակարգում ատրոֆիկ և դիստրոֆիկ փոփոխությունները, նաև ատամների վատ վիճակը, թքագեղձերի վատ աշխատանքը, ծամիչ և միմիկայի մկանների ատրոֆիան, ծնոտներում ոսկրային փոփոխությունները:

 

Ատրոֆիկ փոփոխությունները ստամոքսում, աղիներում, լյարդում, ենթաստամոքսային գեղձում վատացնում են մարսողությունը և սննդանյութերի յուրացումը:

 

Մեծ փոփոխություններ են դիտվում լյարդի պարենխիմայում. նվազում է քաշը մինչև 1100-1200 գր (երիտասարդների մոտ 1450-1600 գր է), որն ուղեկցվում է սպիտակուցային, ածխաջրատային, ճարպային փոխանակության խանգարումով, իջնում է նրա դետօքսիկացիոն գործառույթը, իսկ լեղապարկում կանգային երևույթները նպաստում են բորբոքային խնդիրների, լեղաքարերի առաջացմանը:

 

40-50 տարեկանից բարձր տարիքում նկատելի կերպով ընթանում է ճարպի կուտակում, որը նպաստում է լյարդի ծավալի մեծացմանը, խոլեսթերինի քանակի բարձրացմանն` արյան մեջ, որն էլ աթերոսկլերոզի պատճառ է դառնում:

 

Ճարպակալման կարևոր պայմանը մեծ քանակի սննդի ընունումն է, որը նաև վաղաժամ ծերացման պատճառ է: Այն կրճատում է կյանքի տևողությունը 6-7 տարով:

 

Միզասեռական և էնդոկրին համակարգ

 

Ծերացման ընթացքում ի հայտ են գալիս բնորոշ փոփոխություններ մաշկում, երիկամներում, ներքին սեկրեցիայի գեղձերում: Քանի որ վատանում է մաշկի արյան շրջանառությունը, այն կորցնում է առաձգականությունը, մանրէասպան հատկությունը, ենթարկվում ատրոֆիայի:

 

Արդյունքում բարձրանում է մաշկում ախտաբանական գործընթացների վտանգը:

 

Վատանում է երիկամների կոնցենտրացիոն հնարավորությունը, որի հետևանքով աճում է դիուրեզի մակարդակը` հատկապես գիշերային ժամերին: Միաժամանակ, իջնում է երիկամների էքսկրետոր գործառույթը, և օրգանիզմից չեն հեռանում քսենոբիոտիկներն ու ընդունած դեղորայքը: Մոտավորապես 50 տոկոսով նվազում է օրվա մեզի քանակը, իսկ միզապարկի սեղմակների (սֆինկտր) ատրոֆիան հանգեցնում է անմիզապահության, ինչը խիստ բնորոշ է կանանց կլիմաքսի շրջանում:

 

Հիպոթալամուսի, հիպոֆիզի, մակերիկամների, վահանագեղձի աշխատանքը տարիների ընթացքում առանձնապես չի փոխվում, սակայն ենթաստամոքսային գեղձում նվազում է ինսուլինի արտադրությունը, որը կարող է առաջացնել շաքարային դիաբետ:

 

Վերարտադրողական ունակությունը տղամարդկանց մոտ նվազում է 50 տարեկանից հետո (տեստոստերոնը և այլ անդրոգեններն ամորձիներում քիչ են արտադրվում): Նվազում է նաև սպերմատոգենեզը և սպերմայի որակը: Այնուամենայնիվ, սպերմատոգենեզը և սեռական ակտիվությունը կարող են պահպանվել մինչև 80-90 տարեկանը:

 

Կանանց մոտ կլիմաքսը սկսվում է մոտավորապես 50 տարեկանում: Շատերի մոտ այն ընթանում է ծանր՝ սրտի իշեմիկ հիվանդություն, օստեոպորոզ, դեպրեսիա և այլն, ինչը անվանվում է կլիմակտերիկ համախտանիշ:

 

Նյարդային համակարգ

 

Ծերացման ընթացքում դեստրուկտիվ փոփոխություններ են դիտվում նաև նյարդային համակարգում, բայց դրանք այնքան ցայտուն չեն, որքան այլ օրգան-համակարգերում:  60 տարեկանից հետո փոքրանում է գլխուղեղի և նրա կեղևային հատվածի ծավալը: Արյան շրջանառության վատացման արդյունքում 10-20 տոկոսով պակասում է նյարդային բջիջների քանակը, իսկ որոշ հատվածներում` անգամ 30-50 տոկոսով: Խանգարվում է կապը նյարդային կենտրոնների միջև, գլխուղեղի կարգավորող և ինտեգրացիոն գործունեությունը: Այդ ամենի հետևանքով դիտվում են ծերունական դեպրեսիա, թուլամտություն, պարկինսոնիզմ և այլն:

 

Նյարդային համակարգը սերտ կապված է ընդհանուր առողջական վիճակի հետ, և եթե առկա են թուլություն, դյուրհոգնելիություն, նյարդային վիճակ, անհանգստություն, հիշողության անկում, անտարբերություն` կյանքի նկատմամբ, արդեն պետք է անհանգստանալ օրգանիզմում ինչ-որ ախտաբանության զարգացման համար:

 

Նյարդային համակարգի վիճակը բարելավելուն նպաստում է ակտիվ կյանքը:


08.11.2021