Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ
Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի (ՊՁՀ) ժամանակ կանանց մոտ առաջանում է տղամարդու հորմոնների ուժեղացած արտադրություն, որը բերում է օրգանիզմում այնպիսի փոփոխությունների, ինչպիսիք են՝ դաշտանային ցիկլի պարբերականության խանգարումը, դեմքի և մարմնի մազակալումը, իսկ գլխի մազածածկ մասի` մազաթափություն:
Այս համախտանիշը կարող է նաև առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ դիաբետ, սրտի հիվանդություններ և այլն:
Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը հորմոնալ խանգարում է, որը կարող է դիտվել կանանց մոտ` վերարտադրողական շրջանում (15-44 տարեկանում): Կանանց 70 տոկոսը, որոնց մոտ առկա է նշված համախտանիշը, այդ մասին չեն իմանում:
Պատճառները
Ժառանգականությունը. հետազոտությունները ցույց են տալիս, որ ՊՁՀ-ն ժառանգաբար փոխանցվում է:
Ինսուլինի նկատմամբ ռեզիստենտությունը: Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշով կանանց 70 տոկոսի մոտ առկա է ինսուլինի նկատմամբ ռեզիստենտություն, և նրանց օրգանիզմի բջիջներն անհրաժեշտ կերպով չեն կարողանում օգտագործել ինսուլինը:
Ինսուլինը հորմոն է, որն արտադրվում է, որպեսզի սննդի և ըմպելիքների հետ օրգանիզմ ներմուծված շաքարն արդյունքում վերածի էներգիայի:
Երբ բջիջները չեն կարողանում ճիշտ օգտագործել ինսուլինը, օրգանիզմում այդ հորմոնի նկատմամբ ավելանում է պահանջը, հաջորդիվ` ենթաստամոքսային գեղձն սկսում է ավելի շատ ինսուլին արտադրել: Ինսուլինի ավելցուկը կնոջ օրգանիզմում բերում է տեստոստերոնի ուժեղացված արտադրության:
Բորբոքումները: Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշով կանանց մոտ հաճախ օրգանիզմում զարգանում են բորբոքային վիճակներ և բարձրանում է որևէ ինֆեկցիայով վարակվելու վտանգը: Ճարպակալումը նույնպես կարող է նպաստել բորբոքային խնդիրների վտանգի մեծացմանը:
Ախտանշանները
- Անկանոն դաշտան. ձվազատման բացակայությունը խանգարում է ամենամսյա դաշտանային ցիկլերի նորմալ ընթացքին:
- Առատ արյունահոսություն. արգանդում արյուն է կուտակվում` երկար ժամանակվա ընթացքում, այդ պատճառով երբեմն դաշտանը կարող է ընթանալ ավելի ծանր, քան` սովորաբար:
- Մազակալում. կանանց 70 տոկոսի մոտ դիտվում է դեմքի, մարմնի մազակալում, այդ թվում՝ մեջքի, որովայնի և կրծքավանդակի:
- Ակնե. տղամարդու հորմոնները կարող են մաշկը դարձնել ավելի ճարպոտ և առաջացնել ակնե այնպիսի շրջաններում, ինչպիսիք են՝ դեմքը, կրծքավանդակը, մեջքի վերին հատվածը:
- Քաշի ավելացում. կանանց մոտավորապես 80 տոկոսն ունենում է ավելորդ քաշ կամ ճարպակալում,
- Տղամարդկային տիպի ճաղատություն. գլխի մազերը բարակում են և թափվում:
Բուժումը
Ապրելակերպի փոփոխությունը պոլիկիստոզ ձվարանների համախտանիշով հիվանդների բուժման մեջ առաջին տեղում է: Կարևոր է նաև քաշի կարգավորումը, որը նվազեցնում է համախտանիշի ախտանշանները և մեծացնում հղիության հավանականությունը: Սննդակարգը և
ֆիզիկական ակտիվությունը նպաստում են ավելորդ քաշից ազատվելուն:
Եթե ապրելակերպի փոփոխությունն արդյունք չի տալիս, կարելի է դիմել դեղորայքային բուժման: Հակաբեղմնավորիչ հաբերը և մետֆորմինն օգնում են վերականգնել դաշտանային ցիկլը և նվազեցնել պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի ծանրությունը:


