Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Խորանիստ երակների թրոմբոզ
Զարկերակները սրտից դեպի մարմնի հյուսվածքներ են տանում թթվածնով հարուստ արյունը, իսկ երակները սիրտ են վերադարձնում թթվածնից աղքատ արյունը: Երակները լինում են մակերեսային, որոնք մաշկին շատ մոտ են, խորանիստ՝ մկանների շուրջ, և պերֆորանտ (հաղորդակցական) երակներ, որոնք միակողմանի փականներով կապում են խորանիստ և մակերեսային երակները:
Խորանիստ երակները թափվում են ստորին սիներակ, որն, իր հերթին, միանում է սրտին: Խորանիստ երակների թրոմբոզը (ԽԵԹ) նրանցում թրոմբի առաջացումն է: Սովորաբար, այն դիտվում է ստորին վերջույթների և կոնքի երակներում, հազվադեպ՝ վերին վերջույթներում:
Խորանիստ անոթների թրոմբոզն արտահայտվում է այտուցվածությամբ, ցավով և տաքության զգացողությամբ: Այս ախտանշաններն արտահայտվում են թրոմբի տեղակայման շրջանում: Առկա վիճակի ամենածանր բարդությունը թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան է, երբ թրոմբը, դուրս գալով խորանիստ երակներից, հասնում է թոքային զարկերակներին ու խցանում: Դրա հետևանքով թոքերում և սրտում առաջանում է հիպերտենզիա: Դա ծայրահեղ ծանր վիճակ է, որը կարող է մահվան ելք ունենալ:
Խորանիստ անոթների թրոմբոզը դժվար է ախտորոշվում, սակայն ժամանակին կատարված ախտորոշումը և բուժումը կարող են արդյունավետ լինել:
Պատճառները
Թրոմբոզին նպաստում է երկարատև անշարժության արդյունքում երակներում արյան դանդաղ հոսքը կամ կանգը:
Հիմնական պատճառներն են.
• վիրահատական միջամտությունները ոտքերի հոդերում, որովայնի խոռոչում և կրծքավանդակում,
• ազդրի և ծնկի կոտրվածքները,
• երկարատև ճամփորդությունները,
• արյան մակարդելիության ժառանգական խնդիրները,
• ուռուցքային հիվանդությունները,
• երկարատև անկողնային ռեժիմը:
Նպաստող գործոններ են` սրտի իշեմիկ հիվանդությունը, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումը, ավելորդ քաշը, հղիությունը:
Ձեռքերի երակների թրոմբոզին նպաստող գործոններն են.
• ներքին կաթետրի առկայությունը,
• էլեկտրախթանիչի առկայությունը,
• երակների շրջանում ուռուցքների առկայությունը:
Ախտորոշումը
Զննումից և անամնեզ հավաքելուց հետո բժիշկը նշանակում է երակների ուլտրաձայնային դուպլեքս սքանավորում, որը հնարավորություն է տալիս չափել երակի տրամագիծը, այնտեղ առկա թրոմբները և արյան հոսքի արագությունը: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև Ֆլեբոգրաֆիա, որի ժամանակ երակի մեջ ներմուծվում է կոնտրաստ նյութ և ռենտգեն հետազոտությամբ ուսումնասիրվում երակների անատոմիան, թրոմբների առկայությունը:
Բուժումը
Սովորաբար, բուժումը կոնսերվատիվ է:
• Հակամակարդիչներ՝ թրոմբի առաջացումը և հետագա աճը կանխող դեղորայք. հեպարինը նշանակվում է 5-7 օր, որից հետո` պերօրալ ընդունման դեղեր (վարֆարինի հաբեր` 6 ամիս շարունակ): Պետք է չմոռանալ, որ հակամակարդիչները կարող են նպաստել արյունահոսությունների առաջացմանը: Այդ պատճառով բուժման ամբողջ ընթացքում անհրաժեշտ է կատարել արյան հետազոտություն:
• Եթե թրոմբի չափերը շատ մեծ են, երբեմն խորհուևդ է տրվում իրականացնել թրոմբոլիզիս (թրոմբի լուծում): Այս հետազոտության ժամանակ երակի մեջ ներմուծվում է համապատասխան պատրաստուկ: Թրոմբոլիտիկները նույնպես կարող են արյունահոսության պատճառ լինել:
• Երբեմն անհրաժեշտ է լինում վիրահատական թրոմբէկտոմիա կատարել (թրոմբը հեռացնել երակից):
• Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի վտանգի դեպքում ստորին սիներակում ներդրվում է հատուկ մետաղական ֆիլտր (КАВА-ФИЛЬТР), որը կարող է պաշտպանել թոքային էմբոլիայից՝ թրոմբը կանգնեցնելով մինչև նրա թոքային զարկերակ հասնելը:
• Այտուցը նվազեցնելու համար օգտագործում է էլաստիկ բինտ:
• Նշանակվում են ֆլեբոտոնիկներ (դետրալեքս):