«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Կլաստերային գլխացավեր

Կլաստերային գլխացավեր

Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն:

 

Կլաստերային գլխացավերը հանդիպում են 1000-ից մեկ մարդու մոտ: Հիվանդների 85 տոկոսը տղամարդիկ են: Որպես կանոն, հիվանդությունն սկսում է արտահայտվել սեռական հասունացման շրջանում և միայն հազվադեպ դեպքերում՝ մեծահասակների մոտ:

 

Այդ գլխացավերն ունեն ցիկլիկ բնույթ, քանի որ նրանց առաջացման հարցում դեր ունի հիպոթալամուսը, որը պատասխանատու է օրգանիզմի կենսաբանական ռիթմերի համար: Հիպոթալամուսից տրված ազդանշանն ակտիվացնում է դեմքի զգայունությունը նյարդավորող եռորյակ նյարդը: Այն ընդգրկում է ճակատը, ակնախոռոչները և այտերը, ինչի պատճատով կլաստերային գլխացավերի ժամանակ ցավը կենտրոնանում է աչքերում::

 

Պատճառները

 

Երկար ժամանակ կլաստերային գլխացավերի պատճառը համարվում էին լայնացած անոթները, որոնք ճնշելով եռորյակ նյարդին, առաջացնում են ուժեղ ցավ ակնախոռոչում: Հետագայում այդ տեսությունը մերժվեց, սակայն առայսօր ցավերի ստույգ պատճառը հայտնաբերված չէ:

 

Ապացուցված է, որ կլաստերային գլխացավերը փոխանցվում են սերնդից սերունդ, որը թույլ է տալիս խոսել գենետիկայի մասին:

 

Առավել ճշմարտանման տեսությունը հիմնվում է գլխացավերի ժամանակ հիստամինի և սերոտոնինի հանկարծակի ավելացման վրա, որը հիպոթալամուսին ստիպում է եռորյակ նյարդին ազդանշան ուղարկել: Այդ պատճառով այդ տեսությունն անվանում են նաև հիստամինային գլխացավի համախտանիշ:

 

Ի տարբերություն միգրենի, կլաստերային գլխացավերը կապված չեն որոշակի տրիգերների հետ, որոնք կարող են դրդել նոպան: Այնուամենայնիվ, կան գործոններ, որոնք կարող են նպաստել այդ վիճակի զարգացմանը.

 

  • սեռը. տղամարդիկ հիվանդանում են 4 անգամ ավելի հաճախ,
  • տարիքը. հիվանդությունն իրեն զգացնել է տալիս դեռահաս տարիքում, բայց առաջին նոպաները կարող են նաև ավելի ուշ լինել,
  • ծխելը. հիստամինային գլխացավերի համախտանիշով տառապողների 5 տոկոսից ավելին ծխողներ են,
  • ալկոհոլ. ցավերի ժամանակ ալկոհոլի օգտագործումը կարող է վատացնել վիճակը,
  • ընտանեկան անամնեզ. այն փոխանցվում է սերնդից սերունդ, այդ պատճառով հիվանդության վտանգը մեծ է, եթե ընտանիքում արդեն կան նման հիվանդներ:

 

Կլաստերային գլխացավերը միակողմանի ուժեղ գլխացավերի նոպաներ են, որոնք տևում են 15 րոպեից մինչև 3 ժամ: Նոպաների մեծ մասը (75 տոկոս) տևում է մեկ ժամից ոչ ավելի և սկսվում են գիշերը կամ վաղ առավոտյան:

 

Գլխացավն սկսում է հանկարծակի, առանց նախանշանների և ցավը հիմնականում զգացվում է միայն դեմքի մի կողմում, իսկ ցավի կենտրոնը տեղակայված է ակնախոռոչի հետևում կամ վերևում: Լինում են նաև երկկողմանի ցավեր:

 

Հիվանդները նշում են այնքան ուժեղ ցավ, որ նրանք հաճախ մտածում են ինքնասպանության մասին: Այդ պատճառով այդ գլխացավերն անվանում են նաև սուիցիդալ:

 

Գլխացավերին բնորոշ ախտանշան է սրացման պարբերականությունը, նոպաները սկսում են ամեն օր նույն ժամին, ունեն միևնույն տևողությունը և արտահայտվում են տարվա նույն եղանակին: Նոպաների հաճախականությւնը տատանվում է՝ 1-8 օր:

 

Ցավի նոպաները կարող են ուղեկցվել կոպի իջեցմամբ, բբերի նեղացմամբ, կոնյուկտիվայի կարմրությամբ, արցունքահոսությամբ, հարբուխով և հազվադեպ՝ ցավի կողմում դեմքի կարմրությամբ, քրտնոտությամբ և այտուցվածությամբ:

 

Նոպայի ժամանակ հիվանդի մոտ կարող են բարձրանալ աղմուկի և լույսի նկատմամբ զգայունությունը: Շատ քիչ դեպքերում լինում են նաև սրտխառնոց, գիտակցության մշուշված վիճակ, ագրեսիվություն և անհանգստություն:

 

Հիվանդությունը փոխում է մարդկանց հոգեբանական մակարդակը, փոխվում է կյանքի որակը, հիվանդները որևէ գործ ծրագրելիս պետք է հաշվի առնեն նոպաների ժամանակը: Ապագայում այդ ամենը բերում է տագնապային նոպաների, խորը դեպրեսիայի և սոցիալական մեկուսացման:

 

Ախտորոշումը և բուժումը

 

Ախտորոշումը բարդանում է այն պատճառով, որ բժշկությունը դեռևս չի հայտնաբերել թեստեր, որոնցով կարելի է հաստատել ախտորոշումը:

 

Եթե բժիշկը կասկածում է կլաստերային գլխացավ, հիվանդին առաջարկում է օրագիր պահել և այնտեղ նշել նոպայի սկիզբը, տևողությունը, ուժգնությունը: Միայն ցիկլի առկայությամբ կարելի է ճշտել ախտորոշումը:

 

Ախտորոշման գործընթացը կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի:

 

Բուժման նպատակը նոպայի ժամանակ ցավի ուժգնության թեթևացնելն է: Արդյունավետ է սումատրիպտանի ներարկումը, որն օգտագործվում է միգրենի ժամանակ: Այն ճնշում է եռորյակ նյարդն ակտիվացնող  սերոտոնինը և հանում է ցավը: Միգրենի դեպքում նշանակվող մյուս պատրաստուկներն այնքան էլ արդյունավետ չեն:

 

Ցավի ուժգնությունը նվազեցնում է նաև թթվածինը՝ 20 րոպե թթվածնային դիմակի օգտագործումը հանում է նոպան:

 

Կան դեղեր, որոնք թույլ են տալիս կանխել, կամ թուլացնել  նոպաների տևողությունը և ուժգնությունը: Որպես օրենք, դրանք նշանակվում են, եթե սրացումը տևում է երկու շաբաթից ավելի կամ նոպաները հաճախ են կրկնվում: Այդ դեղերից են պրեդնիզոնը, վերապամիլը, նատրիումի դիվալպրոեքսը:

 

Եթե ոչինչ չի օգնում, դիմում են վիրաբուժական միջամտության, որի ժամանակ պաշարման է ենթարկվում եռորյակ նյարդը, և նոպաները վերանում են:

09.06.2021