«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ստամոքսի այրոց, բուժումը

Ստամոքսի այրոց, բուժումը

Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ: Որպես կանոն, այն առաջանում է սուր, ճարպոտ կամ տապակած սննդի օգտագործման հետևանքով: Բայց այն ոչ բոլոր հիվանդների մոտ է արտահայտվում:

 

Պատճառն այն է, որ ստամոքսի և կերակրափողի միջև տեղակայված է սեղմակը՝ մկանային օղակ, որը նորմայում բացվում է միայն այն ժամանակ, երբ սնունդը կերակրափողից անցնում է ստամոքս: Որոշ հիվանդների մոտ այդ սեղմակը միշտ բաց է մնում և ստամոքսի պարունակությունը պարբերաբար մղվում է դեպի վերև: Արդյունքում աղաթթուն և լեղին հայտնվում են կերակրափողում և, գրգռելով նրա լորձաթաղանթը, առաջացնում են այրոց:

 

Ցավոք, չգործող սեղմակի հետ ոչինչ անել հնարավոր չէ: Այրոցի պատճառը վերացնելը գործնականում անհնարին է: Բայց, որպեսզի տհաճ զգացողությունը պակասի, պետք է հետևել որոշակի կանոնների:

 

Օրինակ, ուտելուց հետո, 1-2 ժամվա ընթացքում, պետք է չպառկել և չկռանալ, պետք է սննդից բացառել տապակած, աղի, ճարպոտ, պահածոյացված կերակուրները, ճարպոտ ձուկը: Պետք է բացառել նաև թարմ հացը, գերադասելի է օգտագործել հին, չորացած հաց, սև հաց:

 

Շերտավոր խմորով թխվածքներից պետք է հրաժարվել:

 

Պետք է օգտագործել ոչ յուղոտ մսեղեն, այն էլ՝ խաշած վիճակում:

 

Բանջարեղենից խորհուրդ են տրվում ծաղկակաղամբը, գազարը, կարտոֆիլը, դդմիկը: Դրանք պետք է խաշել կամ պատրաստել գոլորշու վրա:

 

Այրոց կարող են առաջացնել վարունգը, սպիտակ կաղամբը, բողկը, սունկը, թթու դրված և մարինացված բանջարեղենը:

 

Կաթի և կաթնամթերքի հաճախակի օգտագործումն օգնում է այրոցի ժամանակ, բացառություն են պանրի կծու տեսակները և թթու կաթնամթերքը (մածուն, կեֆիր):

 

Հակացուցված են մրգերի և հատապտուղների թթու տեսակները:

 

Ըմպելիքներից կարելի է օգտագործել ոչ թունդ թեյ, թարմ բանջարեղենային հյութեր (բազուկ, գազար): Հակացուցված են գազավորված ըմպելիքները, կվասը, սուրճը:

Սնունդը պետք է ընդունել քիչ քանակներով օրը 6 անգամ: Կերակրի ջերմությունը էական դեր չի խաղում, իսկ աղը պետք է պակասեցնել:

16.04.2021