«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Թութք

Թութք

Հեմորոիդալ հանգույցներն առկա են յուրաքանչյուրի օրգանիզմում: Դրանք կավերնոզ երակները, շարակցական հյուսվածքը և մկանային թելիկները ծածկող անալ խողովակի լորձաթաղանթի ծալքեր են: Նրանք, բացի մկանային սեղմիչի /սֆինկտրի/ լրացուցիչ մաս լինելուց, նաև պահում են կղանքային մասսաները:

 

Հանգիստ վիճակում հեմորոիդալ հանգույցները մասնակցում են անալ խողովակը ծածկելուն, իսկ դեֆեկացիայի ժամանակ այդ բրգիկները պետք է հարթվեն այնպես, որ չխանգարեն կղանքի դուրս գալուն: Հեմորոիդալ հանգույցներն անալ խողովակի պատերին ամրացված են շարակցական և մկանային թելիկներով: Եթե դա խանգարվում է ուժեղ նքոցների հետևանքով, հանգույցները լորձաթաղանթի հետ իջնում են ներքև:  Դրան հետևում է արյան շրջանառության փոփոխություն և խանգարում, որը բերում է հեմորոիդալ հանգույցների մեծացմանը և դեպի դուրս փքվելուն:

 

Հիվանդության փուլերը

  1. հեմորոիդալ հանգույցների մեծացում՝ արյունահոսությամբ ուղեկցվող,
  2. հեմորոիդալ հանգույցները դեֆեկացիայի ժամանակ դուրս են գալիս, բայց ինքնուրույն վերականգնվում են,
  3. հեմորոիդալ հանգույցները դեֆեկացիայի ժամանակ դուրս են գալիս և ուղղվում միայն ձեռքի օգնությամբ,
  4. հեմորոիդալ հանգույցները դեֆեկացիայի ժամանակ դուրս են գալիս և չեն ուղղվում` հեմորոիդալ հանգույցների սուր թրոմբոզ, հանգույցները չեն ուղղվում, առկա է սուր ցավ:

 

Ցանկացած փուլում հնարավոր է արյունահոսություն:

 

Հիվանդության ախտանշանները.

  • դեֆեկացիայի ժամանակ` արյան առկայություն,
  • քոր, թացություն և արտադրություններ` հետանցքում,
  • հեմորոիդալ հանգույցների արտանկում,


Նպաստող գործոնները.

  • դեֆեկացիայի ժամանակ` հաճախակի և երկարատև նքոցներ,
  • ներորովայնային ճնշման բարձրացում,
  • կղանքի պինդ մասսաներ,
  • լուծ:


Այս ամռնից զատ, որոշակի դեր ունի նաև ժառանգական նախատրամադրվածությունը:

22.03.2021