«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Աբդոմինալ միգրեն

Աբդոմինալ միգրեն

Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ:

 

Պատճառները

 

Աբդոմինալ միգրենի զարգացման պատճառները դեռևս պարզված չեն, բայց ենթադրվում է, որ հիվանդությունը մուլտիգործոնային էթիոլոգիա ունի: Բազմաթիվ հետազոտությունների ընթացքում հաստատվել է, որ պաթոլոգիայում հիմնական դեր է խաղում հոգեբանական գործոնը՝ կապված հիվանդի բնավորության որոշ անհատական յուրահատկությունների, ինչպես նաև՝ ընտանեկան փոխհարաբերությունների հետ:

 

Հիվանդության զարգացմանը մեծ մասամբ հակված են անհանգիստ մարդիկ և երեխաները, որոնք զգայուն են ցավի նկատմամբ:

 

Նպաստող հանգամանք է հանդիսանում հարազատների, ծնողների /հատկապես մոր/ հոգեբանական վիճակը: Պարզված է, որ աբդոմինալ միգրենով հիվանդանում են այն երեխաները, որոնց ընտանիքում մոր մոտ առկա է նևրոզի մեծ ռիսկ: Օրինակ, 5 տոկոս դեպքերում այս հիվանդությունը դիտվում է այն ընտանիքներում, որտեղ մեկ կամ երկու ծնողները տառապում են միգրենով, որը խոսում է ժառանգական նախատրամադրվածության մասին:

 

Արդեն հայտնի տվյալների հիման վրա կարելի է ենթադրել, որ աբդոմինալ միգրենը զարգանում է գենետիկ նախատրամադրվածության ֆոնի վրա հոգեբանական գործոնի ազդեցությամբ:

 

Նպաստող գործոններից են նաև՝ ծանր հոգեէմոցիոնալ ծանրաբեռնվածությունը, մեթեոզգայունությունը, քնի խանգարումը, արտահայտված ֆիզիկական գերհոգնածությունը, որոշ մթերքների ընդունումը:

 

Ախտանշանները

 

Աբդոմինալ միգրենն արտահայտվում է որովայնում տրանզիտոր պարոքսիզմալ ցավերով, որոնք հերթագայվում են անսիմպտոմ ընդմիջումներով՝ մի քանի շաբաթ կամ ամիս տևողությամբ: Հիվանդության հիմնական ախտանշանը հանդիսանում է տանելի կամ ուժեղ արտահայտված աբդոմինալ ցավը, որը տեղակայվում է հարպորտային շրջանում և 16 տոկոս դեպքերում ունի տարածված բնույթ: Բուժառուները որովայնի ցավը բնորոշում են որպես բութ կամ նվվացող: Նոպաները կարող են ուղեկցվել ախորժակի բացակայությամբ՝ անոռեքսիայով, սրտխառնոցով, փսխումով, լուծով: Ցավը բացասաբար է ազդում հիվանդի /երեխայի/ նորմալ ընդունակությունների վրա: Մեծ մասամբ երեխայի պահվածքը կախված է նրա տարիքից, օրինակ, փոքր երեխաները նոպայի ժամանակ սկսում են կամակորություններ անել, պահանջել, որ գրկեն իրենց, այն ժամանակ, երբ մեծ տարիքի երեխաները նոպայի ժամանակ չեն կարողանում դպրոց հաճախել և գերադասում են մնալ անկողնում:

 

Կարող է լինել նաև մաշկի գունատություն, վերջույթների սառնություն:

 

Ախտորոշումը

 

Ախտորոշման դժվարությունը կապված է ախտանշանների ոչ յուրահատուկ լինելու հետ՝ դրանք նման են ստամոքս-աղիքային մի շարք հիվանդությունների: Ախտորոշման համար անհրաժեշտ է հաստատել համախտանիշի բացառապես ֆունկցիոնալ բնույթը, որը պահանջում է մանրակրկիտ հետազոտություն /ստամոքս-աղիքային համակարգի անատոմիական, նեոպլաստիկ, բորբոքային խանգարումների/: Այդպիսի հիվանդներին նշանակվում է անամնեզի հավաքում, զննում, որովայնի պալպացիա, անհրաժեշտության դեպքում իրականացվում են որովայնի օրգանների ուլտրաձայնային կամ ռենտգեն հետազոտություններ, ինչպես նաև ՄՌՏ կամ համակարգչային տոմոգրաֆիա:

 

Բուժումը

 

Թերապիայի սկզբունքները համապատասխանում են սովորական միգրենի բուժման մեթոդներին: Թերապևտիկ միջոցառումները պետք է անցկացվեն կոմպլեքս մոտեցմամբ, որտեղ ներառված են աբդոմինալգիայի նոպաների վերացումը և միջնոպային բուժումը: Նշանակվում են ոչստերոիդային հակաբորբոքիչներ, կոդեին պարունակող պրեպարատներ և պարացետամոլ:


Կանխարգելում


Կանխարգելմանը նպաստում են՝ ընտանեկան բարենպաստ միջավայրը և փոխհարաբերությունները, օրվա ռեժիմի կարգավորումը, ճիշտ սնունդը, երեխայի թույլատրելի հոգեէմոցիոնալ ծանրաբեռնվածությունը:

 

12.03.2021