Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ. ախտանշանները
Ենթաստամոքսային գեղձը կատարում է երկու գործառույթ.
- մարսողական գործընթացն ապահովում է սնունդը յուրացնող ֆերմենտներով,
- սինթեզում է հորմոններ, որոնք անհրաժեշտ են շաքարը նորմայի սահմաններում պահելու համար:
Կախված ենթաստանոքսային գեղձում ախտաբանության տեղակայումից, տուժում է այս կամ այն գործընթացը:
ՊԱՆԿՐԵԱՏԻՏ
Պանկրեատիտը լինում է սուր և քրոնիկ:
Սուր պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է՝ նրա հյուսվածքի վրա պանկրեատիկ հյութի ազդեցության հետևանքով:
Ախտանշանները
- Ուժեղ, չդադարող ցավ` սրտագդալի շրջանում, ենթակողում, որը տարածվում է դեպի թևը և կրծոսկրը,
- հաճախակի, հյուծող փսխում, երբեմն` լեղիով կամ չմարսված սննդով,
- որովայնի փքվածություն,
- մաշկի կապտություն` դեմքին, պորտի շուրջը և իրանի կողմնային մասերում,
- հնարավոր է մաշկի և լորձաթաղանթի դեղնություն:
Չբուժված սուր պանկրեատիտը կարող է անցնել քրոնիկ փուլի:
Քրոնիկ պանկրեատիտը զարգանում է դանդաղ, տարիներով:
Սկզբնական շրջանում հիվանդությունը բնորոշվում է որովայնային ցավերով, ինչպես նաև սրտի շրջանում, գոտկատեղում` ցավերով:
Սովորաբար, ցավերն ի հայտ են գալիս ճարպոտ, սուր, տապակած սննդի և ալկոհոլի ընդունումից հետո: Միաժամանակ, դիտվում են մարսողական խանգարումներ՝ սրտխառնոց, փսխում, փորկապություն և/կամ լուծ, մեթեորիզմ, գխտոց, այրոցի զգացում: Որոշ մթերքների նկատմամբ կարող է անընկալություն լինել:
Հետագայում գեղձը դադարում է կատարել իր գործառույթը՝ հորմոններ արտադրելը: Ցավերն անցնում են, սակայն արտահայտվում են մարսողական խանգարումները՝ լուծ, որովայնի փքվածություն, քաշի անկում:
ԵՆԹԱՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ԳԵՂՁԻ ԿԻՍՏԱ
Կիստան հեղուկով լցված գոյացություն է, որը պանկրեատիտի կամ վնասվածքի հետևանքով կարող է առաջանալ ենթաստամոքսային գեղձում: Այն արտահայտվում է սուր պանկրեատիտի նոպայի նման՝ ցավ` հատկապես սննդակարգի խախտման կամ ալկոհոլի օգտագործման պատճառով, որովայնի փքվածություն, լուծ, փսխում: Հնարավոր են նաև ծարավի զգացում, բերանի չորություն, մեզի քանակի ավելացում, դեղնություն:
ԵՆԹԱՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ
Սա ծանր ուռուցքաբանական հիվանդություն է: Հիվանդությունն արտահայտվում է.
- որովայնի փքվածությամբ,
- սրտխառնոցով և փսխումով,
- ախորժակի բացակայությամբ և կտրուկ նիհարումով,
- վատ ինքնազգացողությամբ և թուլությամբ,
- մաշկի դեղնությամբ:
Երբեմն ուռուցքն արտահայտվում է թրոմբոֆլեբիտով՝ ոտքերի երակների բորբոքմամբ:
Ավելի ուշ այս ախտանիշներին միանում է ցավը` ձախ թուլակողում, որը կարող է լինել նաև` գոտևորող: Ուշ փուլերում որովայնի չափերն ավելի են մեծանում:
ԻՆՍՈՒԼԻՆԱԿԱԽՅԱԼ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏ
Հիվանդությունն անվանում են նաև առաջին տիպի դիաբետ կամ յուվենիլային, քանի որ արտահայտվում է մանկական և դեռահասային տարիքում: Այս հիվանդության ժամանակ ենթաստամոքսային գեղձը դադարում է ինսուլին արտադրել, որի պատճառով գլյուկոզան չի յուրացվում և կուտակվում է արյան մեջ: Արդյունքում, օրգանիզմի բջիջները սնունդ չեն ստանում և էներգիայի պակաս է դիտվում:
Հիվանդությունն սկսվում է սուր, հետևյալ ախտանշաններով.
- մշտական, ուժեղ ծարավի զգացում, բերանի չորություն,
- հաճախակի միզարձակություն և մեզի մեծ քանակ,
- մշտական քաղցի զգացողություն, բայց, միաժամանակ` քաշի անկում,
- շուտ հոգնածություն, անաշխատունակություն,
- քոր, ուժեղ քրտնարտադրության նոպաներ,
- ցավ` որովայնում, սրտխառնոց,
- հաճախակի մրսածական հիվանդություններով և այլ վարակներով հիվանդանալու հակում, քրոնիկ հիվանդությունների սրացում:
Առաջին տիպի շաքարային դիաբետը բուժման չի ենթարկվում, բայց հիվանդությունը հնարավոր է կոմպենսացնել՝ շաքարի մակարդակը պահելով նորմայի սահմաններում, ինչն ապահովելու համար ամբողջ կյանքում հիվանդը ստանում է ինսուլինի ներարկումներ` բժշկի նշանակմամբ և հսկողությամբ:


