«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ. ախտանշանները

Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ. ախտանշանները

Ենթաստամոքսային գեղձը կատարում է երկու գործառույթ.

  • մարսողական գործընթացն ապահովում է սնունդը յուրացնող ֆերմենտներով,
  • սինթեզում է հորմոններ, որոնք անհրաժեշտ են շաքարը նորմայի սահմաններում պահելու համար:

Կախված ենթաստանոքսային գեղձում ախտաբանության տեղակայումից, տուժում է այս կամ այն գործընթացը:

ՊԱՆԿՐԵԱՏԻՏ

Պանկրեատիտը լինում է սուր և քրոնիկ:

Սուր պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է՝ նրա հյուսվածքի վրա պանկրեատիկ հյութի ազդեցության հետևանքով:

Ախտանշանները


  • Ուժեղ, չդադարող ցավ` սրտագդալի շրջանում, ենթակողում, որը տարածվում է դեպի թևը և կրծոսկրը,
  • հաճախակի, հյուծող փսխում, երբեմն` լեղիով կամ չմարսված սննդով,
  • որովայնի փքվածություն,
  • մաշկի կապտություն` դեմքին, պորտի շուրջը և իրանի կողմնային մասերում,
  • հնարավոր է մաշկի և լորձաթաղանթի դեղնություն:


Չբուժված սուր պանկրեատիտը կարող է անցնել քրոնիկ փուլի:

Քրոնիկ պանկրեատիտը զարգանում է դանդաղ, տարիներով:

 

Սկզբնական շրջանում հիվանդությունը բնորոշվում է որովայնային ցավերով, ինչպես նաև սրտի շրջանում, գոտկատեղում` ցավերով:

 

Սովորաբար, ցավերն ի հայտ են գալիս ճարպոտ, սուր, տապակած սննդի և ալկոհոլի ընդունումից հետո: Միաժամանակ, դիտվում են մարսողական խանգարումներ՝ սրտխառնոց, փսխում, փորկապություն և/կամ լուծ, մեթեորիզմ, գխտոց, այրոցի զգացում: Որոշ մթերքների նկատմամբ կարող է անընկալություն լինել:

Հետագայում գեղձը դադարում է կատարել իր գործառույթը՝ հորմոններ արտադրելը: Ցավերն անցնում են, սակայն արտահայտվում են մարսողական խանգարումները՝ լուծ, որովայնի փքվածություն, քաշի անկում:

ԵՆԹԱՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ԳԵՂՁԻ ԿԻՍՏԱ

Կիստան հեղուկով լցված գոյացություն է, որը պանկրեատիտի կամ վնասվածքի հետևանքով կարող է առաջանալ ենթաստամոքսային գեղձում: Այն արտահայտվում է սուր պանկրեատիտի նոպայի նման՝ ցավ` հատկապես սննդակարգի խախտման կամ ալկոհոլի օգտագործման պատճառով, որովայնի փքվածություն, լուծ, փսխում: Հնարավոր են նաև ծարավի զգացում, բերանի չորություն, մեզի քանակի ավելացում, դեղնություն:

ԵՆԹԱՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ

Սա ծանր ուռուցքաբանական հիվանդություն է: Հիվանդությունն արտահայտվում է.


  • որովայնի փքվածությամբ,
  • սրտխառնոցով և փսխումով,
  • ախորժակի բացակայությամբ և կտրուկ նիհարումով,
  • վատ ինքնազգացողությամբ և թուլությամբ,
  • մաշկի դեղնությամբ:


Երբեմն ուռուցքն արտահայտվում է թրոմբոֆլեբիտով՝ ոտքերի երակների բորբոքմամբ:

Ավելի ուշ այս ախտանիշներին միանում է ցավը` ձախ թուլակողում, որը կարող է լինել նաև` գոտևորող: Ուշ փուլերում որովայնի չափերն ավելի են մեծանում:

ԻՆՍՈՒԼԻՆԱԿԱԽՅԱԼ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏ

Հիվանդությունն անվանում են նաև առաջին տիպի դիաբետ կամ յուվենիլային, քանի որ արտահայտվում է մանկական և դեռահասային տարիքում: Այս հիվանդության ժամանակ ենթաստամոքսային գեղձը դադարում է ինսուլին արտադրել, որի պատճառով գլյուկոզան չի յուրացվում և կուտակվում է արյան մեջ: Արդյունքում, օրգանիզմի բջիջները սնունդ չեն ստանում և էներգիայի պակաս է դիտվում:

Հիվանդությունն սկսվում է սուր, հետևյալ ախտանշաններով.


  • մշտական, ուժեղ ծարավի զգացում, բերանի չորություն,
  • հաճախակի միզարձակություն և մեզի մեծ քանակ,
  • մշտական քաղցի զգացողություն, բայց, միաժամանակ` քաշի անկում,
  • շուտ հոգնածություն, անաշխատունակություն,
  • քոր, ուժեղ քրտնարտադրության նոպաներ,
  • ցավ` որովայնում, սրտխառնոց,
  • հաճախակի մրսածական հիվանդություններով և այլ վարակներով հիվանդանալու հակում, քրոնիկ հիվանդությունների սրացում:

 

Առաջին տիպի շաքարային դիաբետը բուժման չի ենթարկվում, բայց հիվանդությունը հնարավոր է կոմպենսացնել՝ շաքարի մակարդակը պահելով նորմայի սահմաններում, ինչն ապահովելու համար ամբողջ կյանքում հիվանդը ստանում է ինսուլինի ներարկումներ` բժշկի նշանակմամբ և հսկողությամբ:

15.02.2021