«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ստամոքսի խոցի ախտանշանները. ինչպե՞ս ճանաչել հիվանդությունը

Ստամոքսի խոցի ախտանշանները. ինչպե՞ս ճանաչել հիվանդությունը

Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը շատ տարածված է: Հաճախ հիվանդանում են 50 տարեկանն անց տղամարդիկ, թեև հիվանդանում են նաև` երիտասարդները, կանայք և, անգամ, երեխաները:

 

Ստամոքսի խոցը նրա լորձաթաղանթի վրա մեկ կամ մի քանի խոցերն են, որոնք հետևանք են ագրեսիվ գործոնների ազդեցության՝ մանրէներ, դեղեր և այլն: Հիվանդությունը հյուծող է և վտանգավոր` իր բարդություններով: Որքան բուժումը շուտ է սկսվում, այնքան ելքն արդյունավետ է: Բայց, ցավոք, հիվանդությունը երբեմն կարող է ընթանալ անախտանիշ և հայտնաբերվել պատահաբար կամ` արդեն բարդությունների շրջանում:

Ախտանշանները

Ցավ

Ցավը խոցային հիվանդության հիմնական ախտանիշն է: Այն բավականին ինտենսիվ է, արտահայտվում է որովայնի կենտրոնում և սրտագդալի շրջանում և կապ ունի սննդի ընդունման հետ: Ցավը կարող է ի հայտ գալ նաև գիշերը, ուտելուց մի քանի ժամ անց (գիշերային ցավեր, սոված ցավեր), կամ՝ 2-3 ժամ անց, և աստիճանաբար ուժեղանալ (ուշացած ցավեր), կամ էլ` ուտելուց կես ժամ անց: Ամեն բան կախված է խոցի տեղակայումից:

Ցավը կարող է տարածվել դեպի գոտկատեղ, թիակներ, պորտի շրջան:
Ախտորոշիչ նշանակություն ունի այն, որ ցավն անցնում է սնունդ (ոչ թթու) ընդունելու ժամանակ կամ անտացիդներ ընդունելուց հետո: Ցավն առաջանում է ստամոքսի լորձաթաղանթի վրա ստամոքսահյութի ազդեցության պատճառով, իսկ սնունդը կամ անտացիդը չեզոքացնում են թթուն: Ցավն իր բնույթով սուր է կամ բութ, նվվացող կամ կծկող:

Դիսպեպտիկ արտահայտություններ

Երբեմն ցավն ուղեկցվում է ստամոքսում տհաճ զգացողություններով՝ այրոց, գխտոց, պայթելու զգացողություն: Կարող են լինել փորկապություն կամ լուծ, սրտխառնոց, փսխում: Այս ախտանիշները հանդիպում են նաև մարսողական համակարգի այլ հիվանդությունների ժամանակ, սակայն ուտելուց որոշ ժամանակ հետո ի հայտ եկող այրոցն ու գխտոցն ավելի հատուկ են խոցին:

Անախտանիշ խոց

Սա հիվանդության ամենավտանգավոր ձևն է: Ստամոքսի լորձաթաղանթը քայքայվում է, սակայն դա ոչնչով չի արտահայտվում, ի վերջո, հանգեցնում է լուրջ, կյանքին սպառնացող բարդությունների կամ ուռուցքի զարգացման:

Անախտանիշ խոցի հակված են.


  • մեծահասակները,
  • շաքարային դիաբետով տառապողները,
  • մշտապես ալկոհոլ օգտագործողները,
  • մշտապես ոչ ստերոիդ հակաբորբոքիչներ օգտագործողները:


Ռիսկի այս խմբի պացիենտներին պետք է պարբերաբար հետազոտել՝ հիվանդության զարգացումը կանխելու համար:

Խոցի պատռում

Խոցի պատռման՝ պերֆորացիայի, ժամանակ ստամոքսի պատին ստեղծվում է բացվածք, որտեղից ստամոքսահյութը կարող է թափանցել որովայնի խոռոչ: Դրա հետևանքով կարող է զարգանալ կյանքի համար վտանգավոր վիճակ՝ պերիտոնիտ:

Հիմնական ախտանշանը անտանելի, հանկարծակի առաջացող սուր ցավն է, որը նման է դաշույնի հարվածի: Այն սկզբում ի հայտ է գալիս որովայնի վերին հատվածում կամ պորտի շուրջը, իսկ հետո տարածվում է ամբողջ որովայնով: Որովայնի մկանները խիստ լարվում են (տախտականման որովայն):

Ցավը թեթևացնելու համար հիվանդը ոտքերը ծալած պառկում է կողքի:

 

Ուժեղ ցավը շարունակվում է մի քանի ժամ, հետո մի փոքր հանդարտվում է, քանի որ նյարդային համակարգը արտադրում է ցավը հանգստացնող նյութ: Որովայնի խոռոչում զարգանում է տարածուն բորբոքական գործընթաց, որի մեջ ներառվում է նաև որովայնամիզը: Որովայնամզի բորբոքումը` պերիտոնիտը, կյաքին սպառնացող վիճակ է և բուժման ուշացումը կարող է ճակատագրական լինել, այստեղ յուրաքանչյուր ժամն ունի նշանակություն: Եթե հիվանդին օգնություն չցուցաբերվի՝ մի քանի ժամից վիճակը անհամատեղելի կդառնա կյանքի հետ: Այդ պատճառով անհրաժեշտ է հիվանդին շտապ տեղափոխել հիվանդանոց: Բուժումը վիրահատական է:

22.02.2021