«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ախտանշանները` լյարդի խնդիրների ժամանակ. ժամանակն է` ահազանգելու

Ախտանշանները` լյարդի խնդիրների ժամանակ. ժամանակն է` ահազանգելու

Կյանքի ընթացքում լյարդն աշխատում է օր ու գիշեր և առանց ընդմիջման: Ամեն պահ նրա մեջ ընթանում են բազմաթիվ կենսաքիմիական գործընթացներ. որոշ նյութեր քայքայվում են, մյուսներն՝ առաջանում, ընթանում է սպիտակուցների, ճարպերի, ածխաջրատների նյութափոխանակություն, տոքսինների չեզոքացում, հորմոնների, լեղաթթուների, խոլեսթերինի արտադրություն:

 

Այս ամենից զատ, սխալ սննդի, վնասակար սովորությունների (ալկոհոլ, ճարպոտ սնունդ, դեղեր) արդյունքում ստեղծվում է լյարդի լրացուցիչ ծանրաբեռնվածություն և զարգանում են տարբեր խնդիրներ:

Լյարդի հիվանդությունների վտանգավորությունն այն է, որ դրանք անմիջապես չեն արտահայտվում, կամ, թույլ լինելու պատճառով, անուշադրության են մատնվում:

Լյարդի հիվանդություններն են.


  • վիրուսային հեպատիտները,
  • լյարդի ցիրոզը,
  • պարազիտար հիվանդությունները՝ լյամբլիոզ, ասկարիդոզ, օպիստորխոզ և այլն,
  • ստեատոզը (ճարպային հեպատոզ):

 

Սովորաբար, հիվանդություններն արտահայտվում են ցավով, բայց լյարդի պարագայում ամեն ինչ այլ է: Եթե լյարդի շրջանում ի հայտ է գալիս ցավ, ուրեմն հիվանդությունն արդեն խորացած է: Լյարդն` ինքնին, չի ցավում, այնտեղ չկան նյարդային վերջույթներ: Դա է պատճառը, որ մինչև հիվանդության ուշ փուլերը ցավ չի արտահայտվում: Մեծ քանակությամբ ցավային ռեցեպտորներ տեղակայված են նրա ստրոմայում՝ թաղանթում: Այդ է պատճառը, որ ցավն սկսում է այն ժամանակ, երբ լյարդը մեծանում է չափերով և ճնշում թաղանթին՝ վնասելով վերջինիս:

Հիվանդ լյարդի ախտանշանները

Դեղնություն

 

Լյարդի պաթոլոգիաների ժամանակ մաշկը, լորձաթաղանթները, ակնագնդերը դեղին երանգ են ստանում: Դրա պատճառը բիլիռուբինն է, որը նորմայում հեռանում է կղանքով:

 

Լյարդի ախտահարման արդյունքում բիլիռուբինն անցնում է արյան մեջ և պատճառ դառնում դեղնության: Դա լինում է ստեատոզների վերջին ստադիայում, ցիռոզի, հեպատիտների ժամանակ:

Լեզվի փառակալում

Եթե լեզվի փառը դեղին, դեղնա-կանաչ, դեղնա-սև գույն ունի և պահպանվում է շաբաթից ավելի, դա վկայում է լյարդի և լեղուղիների խնդիրների մասին: Որքան հաստ է փառը, այնքան լյարդը շատ է ախտահարված:

Մուգ մեզ և անգույն կղանք

Մեզը մուգ գույն է ստանում բիլիռուբինի պատճառով, որը լյարդի ախտահարման ժամանակ հեռանում է երիկամներով, իսկ կղանքը, հակառակը, դառնում է կավագույն, քանի որ այդ պիգմենտը բացակայում է:

Բերանում` պղնձի կամ դառը համ

Այս ախտանշանը բնորոշ է մարսողական մի շարք ախտաբանությունների, այդ թվում՝ լյարդի (լյամբլյոզ, հեպատիտ, ցիրոզ, քաղցկեղ): Դառնության պատճառը` լեղու անցումն է կերակրափող:

Սրտխառնոց

Լյարդի խնդիրների ժամանակ սրտխառնոցը հաճախ հանդիպող ախտանշան է, միևնույն ժամանակ, այն ուղեկցում է նաև բազմաթիվ այլ հիվանդությունների: Սակայն լյարդի հետ կապված սրտխառնոցը համառ է, ուղեկցվում է ախորժակի բացակայությամբ և որոշ սննդատեսակների անընկալությամբ (հաճախ՝ ճարպոտ սննդի): Երբեմն լինում է նաև` փսխում, որից հետո հիվանդն իրեն փոքր ինչ լավ է զգում:

Լյարդի այլ ախտանշաններ


  • Մաշկի քոր,
  • շագանակագույն պիգմենտային բծեր,
  • արտահայտված երակային ցանց` որովայնի վրա,
  • քսանտոմաներ՝ մաշկին ճարպային գոյացություններ,
  • մարսողության խանգարում՝ լուծ, մեթեորիզմ:


Տղամարդկանց մոտ արտահայտվում են նաև հորմոնալ խանգարումներ.


  • կրծքագեղձերի մեծացում,
  • տեստոստերոնի արտադրության նվազում,
  • ամորձիների փոքրացում, արդյունքում՝ էրեկտիլ դիսֆունկցիա,


Կանանց մոտ.

  • դաշտանային ցիկլի խանգարում,
  • քնի խանգարում,
  • ախորժակի բացակայություն:


Ախտորոշումը

Անհրաժեշտ է այցելել թերապևտի, ում նշանակած հետազոտությունների արդյունքներով արդեն անհրաժեշտ է դիմել գաստրոէնտերոլոգի, ինֆեկցիոնիստի, հեպատոլոգի խորհրդատվության:

Լյարդի վիճակը պարզելու համար կարևոր են լյարդային հետազոտությունները.


  • ԱՍՏ (ասպարտատամինոտրանսֆերազա)
  • ԱԼՏ (ալանինամինոտրանսֆերազա)
  • ԳԳՏ (գամա-գլյուտամիլտրանսպեպտիդազա)
  • ընդհանուր բիլիռուբին,
  • հիմնային ֆոսֆատազա:

 

Ընդհանրապես, բժիշկները խորհուրդ են տալիս կանխարգելիչ նպատակով  պարբերաբար ստուգել լյարդի վիճակը: Դա հատկապես կարևոր է ճարպակալման, շաքարային դիաբետի, ալկոհոլ շատ օգտագործելու դեպքերում:

 

 

08.02.2021