Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Պարանոցային օստեոխոնդրոզ. ցավային համախտանիշ
Պարանոցային օստեոխոնդրոզը կազմափոխական (դեգեներատիվ) գործընթաց է. այն միջողնային սկավառակների գործառույթի խանգարումն է, որը հանգեցնում է ողների իջեցման/նստեցման:
Նորմայում միջողնային սկավառակները փափուկ խտություն ունեն, դրանք առաձգական են, պարունակում են շատ խոնավություն և շարժումների դեպքում ծառայում են որպես հարվածամեղմիչ (ամորտիզատոր)` շրջադարձերի, թեքումների, գլխի շրջանաձև շարժումների դեպքում: Սակայն կազմափոխական գործընթացներում միջողնային սկավառակները կորցնում են խոնավությունը և կարծրանում կռճիկի պես, ինչն էլ բացասաբար է անդրադառնում հոդերի վրա, որոնցով ողներն իրար հետ կապված են (այնպես, ինչպես մատնահատվածները):
Ծանրաբեռնվածությունը միջողնային սկավառակների վրա
Ինչու են հոդերը տուժում: Ողների միջև շերտավորումը, կորցնելով առաձգականությունը և կարծրանալով, նվազում է «բարձրությամբ», այդ պատճառով էլ դրանք «նստում են» իրար վրա և հոդերի վրա ծանրաբեռնվածությունն էլ ավելանում է: Եվ, քանի որ դրանք նշանակալիորեն նյարդավորվում են, արդյունքում ողնաշարի պարանոցային հատվածում հրահրում են տեղային ցավ, շարժման դեպքում ճրթճրթոց է առաջանում, ծանրություններ վերցնելիս` անհարմարավետություն: Համապատասխանաբար արձագանքում են նաև պարանոցի մկանները. դրանք ամբողջ ժամանակ լարված են:
Սկավառակի ճողվածք
Երբ օստեոխոնդրոզի հետևանքով սկավառակի ճողվածք է առաջանում, այն կարող է հրահրել նյարդարմատների սեղման, որոնք դուրս են գալիս միջողնային բացվածքից և նյարդավորում են ձեռքերի (ողնաշարի պարանոցային հատվածի արմատներ), ոտքերի (գոտկատեղա-սրբոսկրային հատվածի արմատներ), իրանի (կրծքային հատվածի արմատներ) որոշ հատվածներ: Դրա համար միջողնային սկավառակների ճողվածքի դեպքում կայուն ցավ է դրսևորվում, որն արտահայտված բնույթ է կրում, մատները թմրում են կամ, կարծես, ասեղներով ծակծկում են, կամ էլ, կարծես,«մրջյուններ են վազվզում» մարմնով մեկ: Այս բոլորն էլ նյարդարմատների գրգռման ախտանիշներն են:
Ողների ոսկրային աճում
Օստեոխոնդրոզի դեպքում ձևախախտվում են հենց ողները: Առաջանում է ոսկրային աճ` ելուստների և երիթների տեսքով, որոնք էլ կարող են ցավային համախտանիշ հրահրել: Ինչու՞: Մակաճերը կարող են ճնշել առաջնային և հետևի երկայնակի ջիլերի վրա, որոնք ամուր կպած են ողներին և ինտենսիվ նյարդավորում են: Պարանոցային ողների լայնակի ելուստներով անցնում են ողնաշարային երկու զարկերակները: Դրանք արյուն են մատակարարում գլխուղեղի ցողունային կառուցվածքին ու փոքր ուղեղին, դրա կենսական կարևոր կենտրոններին: Փոքր ուղեղը պատասխանատու է շարժումների կոորդինացիայի և կայունության համար, դրա համար ողների ոսկրային աճն ազդում է ողնաշարային զարկերակի պատերի վրա, դրանով հրահրելով սպազմեր և հանգեցնելով հենաշարժական համակարգի խանգարումների:
Ողնաշարային զարկերակի գրգռման ախտանիշները հետևյալն են.
- գլխապտույտներ,
- երերուն քայլվածք,
- ականջներում և գլխում աղմուկ:
Ողնաշարի զարկերակի մոտ է գտնվում վեգետատիվ նյարդային հանգույցների շղթան, որոնց գրգռվածությունը փոխում է գլխուղեղի անոթների լուսանցքն ու տոնուսը: Ողի մարմնիկի աճի և կարծրացման դեպքում հարակից ջլերի այս հանգույցները գրգռվում են ու ազդանշան ուղարկում գլխուղեղի անոթների աուտոռեգուլյացիայի (ինքնակարգավորման) կենտրոնին: Այն վնասում է կենտրոնի աշխատանքին, հանգեցնելով զարկերակների և երակների տոնուսի ապահավասարակշռության ու անջատման/ մեկուսացման (արտերիոլ և վենուլ), ինչն անխուսափելիորեն հրահրում է անգիոդիստոնիկ գլխացավեր:
Գլխացավերն օստեոխոնդրոզի դեպքում
Գլխուղեղն ինքը գլխացավեր չի հրահրում, նույնիսկ, եթե դրա կառուցվածքում առկա է որևէ պաթոլոգիական ախտընթաց: Ցավային ազդակները գալիս են գլխուղեղն արյուն մատակարարող անոթների պատերից: Եվ սա գլխացավերի առաջին հիմնական պատճառն է. գանգի խոռոչից երակային ետհոսքի դժվարացումը և, որպես հետևանք, ներգանգային ճնշման բարձրացումը: Եվ միգրենը, և գլխում ծանրության զգացողությունը պայմանավորված են գլխուղեղում երակների գերլցվածությամբ: Գլխացավերի երկրորդ պատճառը գանգի խոռոչից լիկվորի ետհոսքի խանգարումն է: Լիկվորի չափից ավելի կուտակումը, որը գտնվում է ենթաթաղանթային տարածությունում և շրջապատում է գլխուղեղը, հրահրում է կարծր ուղեղաթաղանթի ձգվածություն: Հենց դա էլ հանգեցնում է ներգանգային ճնշման բարձրացման և արտահայտված գլխացավերի:
Պարանոցային օստեոխոնդրոզի դեպքում գլխացավերի հիմնական պատճառը վեգետատիվ նյարդային հանգույցների հակազդումն է: Իսկ ողնաշարային զարկերակի հակազդումը ոչ այնքան գլխացավն է, որքան գլխապտույտը: Մարդը թեքում է գլուխը, ողնաշարային զարկերակը սեղմվում է և նրան մի կողմ է տանում: Գոյություն ունի 2 լորդոզ` պարանոցային և գոտկատեղա-սրբոսկրային: Օստեոխոնդրոզի դեպքում առաջանում է կամ լորդոզի ուժեղացում, կամ էլ դրա շտկում/ուղղում, ինչն անբարենպաստ է պարանոցային մկանների համար: Առաջանում է, այսպես կոչված, միոտոնիկ հակազդում` երկարատև, մկանային ուժեղ կրճատում և դանդաղ թուլացում:
Ծոծրակային հատվածում, աջից և ձախից, դուրս են գալիս երկու կարևոր նյարդեր` մեծ և փոքր ծոծրակային: Լարված մկաններն օստեոխոնդրոզի դեպքում հանգեցնում են դրանց ճնշման և պարանոցա-ծոծրակային հատվածում դրսևորում են արտահայտված գլխացավեր:
Օստեոխոնդրոզի բուժումը
Գոյություն ունեն դեղպատրաստուկներ, խոնդոպրոտեկտորներ, որոնք թույլ են տալիս լավացնել կռճիկային հյուսվածքի սնուցումը: Դրանց են դասվում խանդրալոնն ու աֆլուտոպը, որոնք ներկայումս լայնորեն կիրառվում են և բավական մատչելի են: Օստեոխոնդրոզի 2-րդ փուլի առկայության դեպքում դրանք կարելի է օգտագործել տարին մեկ անգամ, կուրսը 10-20 ներարկում է:
Վիրահատական բուժման են ենթակա օստեոխոնդրոզի այն փուլերը, որոնք հանգեցնում են 0,7 սմ-ից ավելի միջողնային ճողվածքների առաջացման: Սկավառակների տեղաշարժման դեպքում, երբ դրանք արդեն լիովին կորցրել են իրենց առաձգականությունը և ճնշում են ողնաշարային խողովակի խոռոչին, որտեղից միջողնային բացվածք դուրս են գալիս նյարդարմատները, որոնք հնարավոր չէ կասեցնել դեղպատրաստուկներով:
Վիրահատության ընթացքում սկավառակի այն հատվածը, որն ընկել է ողնաշարային խողովակի մեջ և նյարդարմատի սեղմում է առաջացրել, հեռացվում է: Սկավառակի խոռոչում վերստուգում է անցկացվում. փոփոխված հատվածները հեռացվում են, որպեսզի հիվանդությունը չկրկնվի: Սկավառակի մնացած պահպանված հատվածներին չեն դիպչում:
Օստեոխոնդրոզի դեպքում ամենից շատ տուժում են ողնաշարի շարժողական հատվածները` պարանոցային և գոտկատեղա-սրբոսկրային: Ընդ որում, գոտկատեղային օստեոխոնդրոզը 1,5 անգամ ավելի շատ է հանդիպում, քան պարանոցայինը, որովհետև ողների վրա դրա ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է: Եթե պարանոցային ողների վրա պահվում է միայն գլուխը, ապա գոտկատեղա-սրբոսկրային ողների վրա ամբողջ մարմինն է: Եթե օստեոխոնդրոզ է առաջացել, ապա տուժում է ողների ողջ շարակցական հյուսվածքը:
Մանուալ թերապիա
Մանուալ թերապիան օստեոխոնդրոզի դեպքում օգնում է, սակայն միայն որոշակի փուլերում: Այն ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է ու կատարվում է միայն ռենտգենաախտորոշման և ՄՌՏ-հետազոտության առկայության դեպքում, որովհետև օստեոխոնդրոզի անվան տակ կարող են ընթանալ նաև ուռուցքաբանական ախտընթացներ, պաթոլոգիական կոտրվածքներ և այլն: Մանուալ թերապևտին դիմելուց առաջ, հարկ է հետազոտություն անցնել, որպեսզի հաստատվի կամ բացառվի սկավառակի ճողվածքի առկայությունը, որոշելու դրա չափերը: Եթե որոշվում է սկավառակի ընկնող ճողվածք, ապա մանուալ թերապիան ոչ մի օգուտ չի տա: Այն հակացուցված է:
Օստեոխոնդրոզի կանխարգելումը
Սա կարևոր է: Օստեոխոնդրոզը նշանակալիորեն երիտասարդացել է: Եթե նախկինում այն հիմնականում հանդիպում էր 50 տարեկանից հետո, ապա ներկայումս արդեն յուրաքանչյուր երկրորդի մոտ դրսևորվում է մոտ 30 տարեկանում: Վաղ օստեոխոնդրոզի զարգացմանն առաջին հերթին հանգեցնում է նստակյաց կենսակերպը:
Ըստ արտահայտվածության, օստեոխոնդրոզը բաժանվում է մի քանի աստիճանի` 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ: Առաջին աստիճանի օստեոխոնդրոզը 20 տարեկանին մոտ հանդիպում է յուրաքանչյուր երկրորդի մոտ, չնայած կլինիկորեն այն կարող է ոչ մի ձևով չարտահայտվել: Ինչպես յուրաքանչյուր հիվանդություն, վաղ օստեխոնդրոզն ավելի դյուրին է կանխարգելել, քան բուժել:
Հարկ է հետևել, որպեսզի գլուխը երկար ժամանակ թեք դիրքում չմնա և յուրաքանչյուր 40 րոպեն մեկ այն պետք է նորմալ վիճակի վերադարձնել:
Կարելի է պարանոցի մկանների ինքնամերսում կատարել, ներքևից շրջանաձև շարժումներով բարձրանալով դեպի գլուխը: Դա կօգնի հանել ողների և միջողնային սկավառակների լարվածությունը: Գլխով շրջանաձև շարժումներ կատարել չի կարելի:
Վաղ օստեոխոնդրոզը կանխարգելելման համար, հարկ է շատ շարժվել և ողնաշարի այս կամ այն հատվածի վրա չթողնել մեծ ծանրաբեռնվածություն ընկնի: Երբեմն ժամերով նստելով համակարգչի առջև, չենք մտածում, որ «տանջում» ենք միջողնային սկավառակներին: Ողնաշարի վրա բարերար ազդեցություն է թողնում նաև լողը, որի ժամանակ աշխատում են թիկունքի մկանները, լավանում արյան մատակարարումը: Միջողնային սկավառակները սեփական անոթներ չունեն: Դրանք սնվում են ողներից, համապատասխանաբար, որպեսզի նվազեցնեն կամ կանխարգելեն միջողնային սկավառակների կազմափոխական ախտընթացները, ողնաշարում լավացնելով արյան հոսքն ու շրջանառությունը: Իսկ դրա համար հարկ է ակտիվ կենսակերպ վարել:


