«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Քրոնիկ պանկրեատիտ

Քրոնիկ պանկրեատիտ

Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքային հիվանդությունն է: Տարբերում են սուր և քրոնիկ պանկրեատիտներ:

 

Քրոնիկ պանկրեատիտը երկարատև բորբոքային գործընթաց է, որը կարող է պարբերաբար սրանալ: Երկու տարբերակի դեպքում էլ հնարավոր են ծանր բարդություններ:

 

Պանկրեատիտին նպաստում են վնասակար սովորությունները, սխալ ապրելակերպը. ալկոհոլի, ծխախոտի, դեղերի, սխալ սննդակարգի ազդեցությամբ հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ:  

 

Պատճառները
Պանկրեատիտ հաճախ կարող է զարգանալ որովայնի խոռոչում վիրահատություններից, որովայնի վնասվածքներից, որոշ դեղերի օգտագործումից հետո: Երբեմն պատճառ կարող են լինել վարակիչ հիվանդությունները, բնածին արատները, օրգանիզմում կալցիումի բարձր քանակությունը:

 

Ենթաստամոքսային գեղձը կառուցվածքով և ֆունկցիայով երկու տարբեր մասից է կազմված՝ էկզոկրին, որի բջիջները մարսողական ֆերմենտներ են արտադրում, և` էնդոկրին, որի բջիջներն արտադրում են հորմոններ՝ ինսուլին, գլյուկագոն և այլն: Առողջ օրգանում արտադրված ֆերմենտները ծորանով անցնում են 12-մատնյա աղի և այնտեղ ակտիվանում: Իսկ գեղձի բորբոքման ժամանակ դրանք ակտիվանում են օրգանի ներսում և վնասում նրան:

 

Ախտանշանները
Քրոնիկ պանկրեատիտի ախտանշաններն ավելի թույլ են արտահայտվում, քան սուր պանկրեատիտի դեպքում, այդ պատճառով հաճախ բուժառուներն ուշ են դիմում բժշկի:

 

Ախտանշաններն են.


•    քաշի նվազում,
•    Որովայնի վերին հատվածի շրջանում` ցավ, և՛ մշտական, և՛ նոպայաձև, որն ուժեղանում է ճարպոտ և սուր սննդի ընդունումից,
•    ջրիկ, յուղային և գարշահոտ կղանք,
•    մարսողության խանգարումներ՝ որովայնի լարվածություն, մեթիորիզմ:

 

Քրոնիկ պանկրեատիտի սրացման ժամանակ դիտվում են սրտխառնոց, փսխում, որովայնի ցավերի ուժգնացում և տարածում դեպի գոտկատեղ: Ցավը քրոնիկ պանկրեատիտի ժամանակ կարող է կապ չունենալ սննդի ընդունման հետ: Որպես օրենք, տհաճ զգացողությունները տևում են մի քանի ժամ: Հաճախ միակ ախտանշանը դիարեան է լինում:

 

Քրոնիկ պանկրեատիտի բարդությունները.


•    հյուծում, նիհարում, մարմնի քաշի նվազում,
•    շաքարային դիաբետհ
•    քրոնիկ ցավային համախտանիշ,
•    լեղու և ենթաստամոսային գեղձի արտադրության հոսքի խանգարում.
•    վիտամինների և հանքային նյութերի անբավարարություն,
•    ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ անբավարարություն,
•    հեղուկի կուտակում` որովայնի խոռոչում,
•    ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:


Այս բոլոր ախտանշանները վտանգավոր են առողջության և կյանքի համար:

 

Քրոնիկ պանկրեատիտի տեսակները

 

Քրոնիկ պանկրեատիտի արտահայտման տեսակները տարբեր են.


•    Տոքսիկ. պատճառն ալկոհոլն է, ծխախոտը, հիպերկալցեմիան, դեղերը և զանազան տոքսիններ,
•    Իդեոպաթիկ. առանց նկատելի պատճառների,
•    Ժառանգական,
•    Աուտոիմուն,
•    Օբստրուկտիվ. զարգանում է սեկրետի հոսքի խանգարման հետևանքով:


Ախտորոշումը
Ախտորոշվում է գանգատների, լաբորատոր (արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություններ, որովայնի խոռոչի էքսուդատի մանրէաբանական քննություն)  և գործիքային հետազոտությունների (որովայնի խոռոչի ՈՒՁՀ, ՄՌՏ, ՀՏ, ռենտգենոգրաֆիա) օգնությամբ:
Քրոնիկ պանկրեատիտի ախտորոշումն ավելի բարդ է: 10-15 տոկոս դեպքերում հանդիպում է անցավ պանկրեատիտ:

 

Լաբորատոր հետազոտություններ
Իրականացվում են ենթաստամոքսային գեղձի անուղղակի ֆունկցիոնալ հետազոտություններ՝ կղանքում ճարպի քանակի և էլաստազ-1-ի ակտիվության որոշում:

 

Կատարվում է շնչառական թեստ
Արյան մեջ որոշվում է գլիկոզիլացված հեմոգլոբինի քանակը:

 

Արյան հետազոտությամբ որոշվում է.


•    ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների քանակը,
•    բորբոքային փոփոխությունները,
•    էլեկտրոլիտները, ամիլազաը, երբեմն նաև՝ լիպազան:

 

Գործիքային հետազոտություններ.


•    ՈՒՁՀ
•    Մուլտիսպիրալային համակարգչային տոմոգրաֆիա,
•    էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտություն,
•    մագնիտա-ռեզոնանսային պանկրեատիկոխոլանգիոգրաֆիա,
•    ռետրոգրադ էնդոսկոպիկ խոլանգիոպանկրեատոգրաֆիա:


Քրոնիկ պանկրեատիտի ախտորոշման համար մշակվել են նաև ֆունկցիոնալ թեստեր, որոնք զգայուն են, սակայն շատ ծախսատար են և մեթոդն ինվազիվ է: Այդ պատճառով օգտագործվում են, երբ մյուս բոլոր մեթոդներն անբավարար են:

 

Դրանցից են.


•    Ենթաստամոքսային գեղձի արտադրության հավաքում և հետազոտություն,
•    12-մատնյա աղու պարունակության հավաքում և հետազոտություն:

Քրոնիկ պանկրեատիտի բուժման մեթոդները

 

Մեծ նշանակություն ունի ճիշտ սննդակարգը և առողջ ապրելակերպը, վնասակար սովորությունների բացառումը:
Նշանակվում են ֆերմենտատիվ պատրաստուկներ, սրացման դեպքում պացիենտը հոսպիտալացվում է:

 

Անհրաժեշտ են.


•    հիվանդության պատճառ` վնասակար սովորությունների բացառում, դեզինտոքսիկացիոն, հակաբորբոքիչ թերապիա,
•    անհրաժեշտ սննդակարգ,
•    ցավի վերահսկում,
•    սննդի լիարժեք մարսման վերականգնում,
•    հորմոնալ բալանսի վերականգնում:


Քրոնիկ պանկրեատիտի դեպքում վիրահատական միջամտություն իրականացվում է հազվադեպ:

08.01.2021