«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Հիպերտոնիկների խնդիրները. ինչպես ապրել ցածր ճնշումով

Հիպերտոնիկների խնդիրները. ինչպես ապրել ցածր ճնշումով

Հիպերտոնիան զարկերակային բարձր ճնշումն է, վտանգավոր վիճակ, որի մասին անընդհատ հիշեցնում են բժիշկները: Իսկ հիպոտոնիային` ցածր ճնշմանը, ավելի քիչ ուշադրություն է դարձվում: Եվ դա հասկանալի է, քանի որ հիպոտոնիան չի առաջացնում լուրջ բարդություններ և կյանքի համար վտանգ չի ներկայացնում: Այնուամենայնիվ, այն նկատելի կարող է ազդել կյանքի որակի, աշխատանքի, ուսման, հանգստի վրա: Ավելին, հիպոտոնիան կարող է լուրջ հիվանդության ախտանիշ լինել, և այդ դեպքում անուշադրության մատնելը սխալ կլինի:


Ի՞ՆՉՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ՀԻՊՈՏՈՆԻԱ


Եթե մշտապես 140/90-ից բարձր ճնշումը խոսում է հիպերտոնիկ հիվանդության մասին, ապա հիպոտոնիայի դեպքում ամեն բան այդքան պարզ չէ: Բժիշկները մինչ այժմ դեռ չեն որոշել, թե զարկերակային ճնշման (ԶՃ) ինչպիսի ցուցանիշն է սահմանային: Գրականության մեջ այդ առումով հանդիպում են տարբեր թվեր. 90/60, 100/60, 95/60` կանանց և 100/60` տղամարդկանց համար: Բայց բժիշկների մեծամասնությունը հիպոտոնիա է համարում 100/60-ից ցածր ճնշումը:


Հիպոտոնիան կարող է լինել առաջնային, կապված չլինել այլ ախտաբանությունների հետ և առաջանալ անոթների ցածր տոնուսի արդյունքում: Բայց կարող է լինել նաև որևէ հիվանդության հետևանք, որի դեպքում գործ ունենք  երկրորդային հիպոտոնիայի հետ:
Որպես կանոն, առաջնային հիպոտոնիան լինում է երեխաների և դեռահասների, նիհար կազմվածքով կանանց, պրոֆեսիոնալ սպորտսմենների, կրկեսի և բալետի արտիստների մոտ:

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ՀԻՊՈՏՈՆԻԱՆ


Հիպոտոնիան ոչ միշտ է համարվում հիվանդություն: Շատերը, ունենալով մշտական ցածր ճնշում, իրենց հիանալի են զգում և դա համարվում է նրանց ԶՃ նորման: Մյուսները մշտապես տառապում են ցածր ճնշման պատճառով:


Հիպոտոնիայի ախտանիշներն են.

 

  • հոգնածության զգացողությունը,
  • գլխացավը,
  • գլխապտույտը ,ուշաթափությունը
  • զգայունություն տոթ տարածքների նկատմամբ,
  • բարձր մեթեոկախվածությունը (եղանակային զգայունություն),
  • ուժեղ քրտնարտադրությունը,
  • անքնությունը.
  • բարձր նյարդային գրգռողականությունը:


Հետաքրքիր է, որ հիպոտոնիկների ինքնազգացողության համար մեծ նշանակություն ունի օրվա ժամը: Այսպես, նրանք արթնանում են քնի պակասի զգացողությամբ, ջարդված, քրտնած, և միայն 1-2 ժամից վիճակը կարգավորվում է: Օրվա ընթացքում աշխատունակությունը կրկին վատանում է, իսկ երեկոյան կրկին ակտիվ են ու առույգ:


Հիպոտոնիկները սիրում են սառը եղանակը, քանի որ ցուրտը շոգից ավելի լավ են տանում: Նրանց համար դժվար է լինել հասարակական տրանսպորտում, ամբոխի մեջ. տոթի պատճառով նրանց մոտ սկսում է գլխացավ և գլխապտույտ, անգամ կարող է ուշաթափություն լինել:


Ուշաթափությունը կարող է առաջանալ նաև պառկած տեղից արագ բարձրանալիս, հատկապես առավոտյան` քնից հետո:
Հիպոտոնիկների ինքնազգացողությունը կարող է վատանել նաև խնջույքների առատ սննդից հետո և ուժեղ հուզական ապրումներից:


Այսպիսով, հիպոտոնիան կարող է բավականին բարդացնել կյանքը, բայց հնարավոր է խնդիրները նվազագույնի հասցնել:


ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՐԵԼ ՀԻՊՈՏՈՆԻԱՅՈՎ


Եթե հիպոտոնիան այլ հիվանդությհան հետևանք է, բնական է, պետք է բուժումն սկսել հենց դրանից: Դա արդեն բժշկի խնդիրն է:
Առաջնային հիպոտոնիային դեղերը չեն օգնում, նախ պետք է վերանայել ապրելակերպը:


Եթե հնարավոր է, ռեժիմը պետք է հարմարեցնել ինքնազգացողությանը` առավոտյան քնել ավելի երկար, հնարավոր է քուն նաև օրվա ընթացքում` 1-2 ժամ: Ցավոք, ոչ բոլորը կարող են իրենց դա թույլ տալ:


Իսկ ահա, անոթների մարզում կարող է կատարել յուրաքանչյուր ոք, քանի որ անոթների թույլ տոնուսն է ցածր ճնշման պատճառը: Այն բարձրացնելու համար լավ է սառը ցնցուղը` ջրի ջերմաստիճանի աստիճանական նվազմամբ, լավ է նաև կոնտրաստ ցնցուղը, բայց անցումը տաքից` սառը չպետք է կտրուկ լինի: Ոմանք խորհուրդ են տալիս հաճախել շոգեբաղնիս, բայց բժիշկները դա համարում են վտանգից ոչ զերծ: Բոլոր դեպքերում, եթե հաճախում եք շոգեբաղնիս, ապա պետք է այն կարճատև լինի, իսկ ջերմաստիճանը` խնայող:


Համարվում է, որ սուրճը տոնուսավորում է: Եթե այն օգնում է առույգանալ, կարելի է օգտագործել, սակայն առանձնապես տարվել դրանով պետք չէ, բավական է օրը 2-3 գավաթը: Կարելի է փորձել անոթների տոնուսը բարձրացնել կանաչ թեյով, բայց որակյալ թեյով:


Քանի որ հիպոտոնիկներին առատ սնվելը ցանկալի չէ, պետք է ուտել հաճախ, փոքր բաժիններով:


Հիպոտոնիկների առաջին ընկերը թարմ օդն է: Հաճախ սովորական զբոսանքն անցկացնում է գլխացավը:  Հաճախ պետք է զբոսնել, քայլել, քնել բաց պատուհանով, կամ լավ օդափոխել սենյակը քնից առաջ:


Եվ, իհարկե, ֆիզիկական ծանրաբեռնվածություն. ցածր ճնշում ունեցողների համար այն կենսական անհրաժեշտություն է: Դա կարող է լինել մարզանքի կոմպլեքս (առանց գլխի կտրուկ շարժումների), հեծանվասպորտ, լող: Սակայն ծանրաբեռնվածությունը պետք է լինի չափավոր:


Այս ամենը կարող են նկատելիորեն հարմարավետ դարձնել հիպոտոնիկի կյանքը:


Սկզբնաղբյուր՝ medsovet.info



03.04.2020