«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Տախիկարդիա

Տախիկարդիա

Տախիկարդիան առիթմիայի տեսակ է, որը բնութագրվում է սրտային կծկումների րոպեում 90-ից ավելի հաճախականությամբ:

Տախիկարդիան նորմայի տարբերակ է՝ հուզական կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության, թթվածնի պակասի, օդի ջերմաստիճանի բարձրացման, մարմնի հորիզոնական դիրքից կտրուկ ուղղահայացի անցնելու, որոշ դեղերի, սուրճի, ալկոհոլի ազդեցության ժամանակ: 7 տարեկանից փոքրերի մոտ տախիկարդիան համարվում է ֆիզիոլոգիական նորմա:

Ախտաբանական տախիկարդիան առաջանում է սիրտ-անոթային և այլ համակարգերի հիվանդությունների հետևանքում:
 
Տախիկարդիան արտահայտվում է պարանոցային անոթների պուլսացիայով, սրտխփոցի զգացողությամբ, անհանգստությամբ, ուշագնացությամբ, գլխապտույտով: Արտահայտված տախիկարդիան կարող է բերել սուր սրտային անբավարարության, սրտի կանգի, սրտամկանի ինֆարկտի:

Սրտի կծկումների հաճախացման պատճառերից ելնելով, տարբերում են ֆիզիոլոգիական տախիկարդիա, որն ի հայտ է գալիս սրտի նորմալ աշխատանքի պայմաններում և ախտաբանական տախիկարդիա, որը զարգանում է հանգիստ ժամանակ` որևէ ախտաբանության հետևանքով:

Ախտաբանական տախիկարդիան վտանգավոր է, քանի որ բերում է արտամղվող արյան ծավալի պակասի, արյան շրջանառության այլ խանգարումների:  Չափից ավելի հաճախակի սրտխփոցի ժամանակ սրտի փորոքները չեն հասցնում լցվել արյունով, պակասում է սրտային արտամղումը, իջնում է զարկերակային ճնշումը, նվազում է արյան և թթվածնի հոսքը դեպի հյուսվածքներ և օրգաններ:

Երկարատև տախիկարդիան բերում է առիթմոգեն կարդիոպաթիայի զարգացման, սրտի կծկողականության խանգարման, և նրա ծավալի մեծացման:

Կախված սրտում էլեկտրական իմպուլսներ առաջացնող աղբյուրից, տարբերում են հետևյալ տախիկարդիաները.

  • Սինուսային. սինուսային հանգույցի (նորմայում սրտային ռիթմը դրդող) ակտիվության բարձրացման հետևանքով,
  • Պարոքսիզմալ (էկտոպիկ) տախիկարդիա. ռիթմի գեներատորը գտնվում է սինուսային հանգույցից դուրս՝ փորոքներում (փորոքային տախիկարդիա) կամ նախասրտերում (վերփորոքային տախիկարդիա): Որպես օրենք, ընթանում է նոպաների ձևով (պարոքսիզմալ տախիկարդիա), որոնք սկսվում և վերջանում են հանկարծaki, տևում են մի քանի րոպեից մինչև մի քանի օր, սրտխփոցի հաճախականությունն այդ ժամանակ մշտապես մնում է բարձր:


Սինուսային տախիկարդիան բնորոշվում է սրտի կծկումների հաճախականությամբ՝ 120-220 զարկ րոպեում, աստիճանաkան սկզբով, նորմալ սինուսային ռիթմով:

Առաջացման պատճառները

Սինուսային տախիկարդիան հանդիպում է տարբեր տարիքային խմբերում, հաճախ առողջ մարդկանց, նաև սրտային հիվանդություններով պացիենտների մոտ:

Սինուսային տախիկարդիան սիրտ-անոթային հիվանդություններով պացիենտների մոտ հաճախ ձախ փորոքի ֆունկցիայի խանգարման, սրտային անբավարարության վաղ արտահայտություն է: Սինուսային տախիկարդիայի պատճառ կարող են լինել միոկարդի ինֆարկտը, ծանր ստենոկարդիան, կանգային և սուր քրոնիկական սրտային անբավարարությունը, տոքսիկոինֆեկցիոն, ռևմատիկ և այլ գենեզի միոկարդիտները, կարդիոսկլերոզը, կարդիոմիոպաթիան, սրտի արատները, ադգեզիվ և էքսուդատիվ պերիկարդիտը, բակտերիալ էնդոկարդիտը:

Տախիկարդիայի պատճառ կարող են լինել նյարդաբանական հիվանդությունները՝ ենթակեղևային հանգույցների, գլխուղեղի կեղևի առաջնային դիսֆունկցիա, վեգետատիվ նյարդային համակարգի խանգարում (աֆեկտիվ պսիխոզներ, նևրոզ), նեյրոցիրկուլյատոր դիստոնիա:

Տախիկարդիայի հաճախակի պատճառներից են էնդոկրին խանգարումները (ֆեոխրոմոցիտոմիա, թիրեոտոքսիկոզ), սուր անոթային անբավարարությունները (կոլլափս, շոկ, սուր արյան կորուստ), սակավարյունությունը, սուր ցավային նոպաները:

Տախիկարդիա կարող է առաջացնել ջերմային տենդը` տարբեր վարակիչ-բորբոքային հիվանդությունների ժամանակ (անգինա, թոքաբորբ, սեպսիս և այլն): Մարմնի ջերմության բարձրացումը 1 աստիճանով սրտի կծկումների հաճախականությունն արագացնում է րոպեում 10-15 զարկ` երեխաների մոտ, 8-9 զարկ` մեծահասակների մոտ:

Դեղորայքային և տոքսիկ տախիկարդիան զարգանում է սինուսային հանգույցի վրա դեղորայքային և քիմիական նութերի ազդեցությամբ. վագոլիտիկներ (ատրոպ), սիմպատոմիմետիկներ (ադրենալին, նորադրենալին), էուֆիլին, թիրեոտրոպ հորմոն, կորտիկեստերոիդներ, դիուրետիկներ, կոֆեին, հիպոտենզիվ պատրաստուկներ, նիկոտին, ալկոհոլ, թույներ (նիտրատներ և այլն):

Սկզբնաղբյուր.  likar.info


05.02.2020