«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Մարզասրահում առողջության համար հնարավոր վնասները

Մարզասրահում առողջության համար հնարավոր վնասները

Ֆիզիկական ակտիվությունը և սպորտն առողջ ապրելակերպի անհրաժեշտ պայման են: Շատ հիվանդություններ, եթե ոչ ուղղակիորեն, ապա` անուղղակի, կապված են հիպոդինամիայի հետ: Եվ ներկայում շատերն են, դա հասկանալով, հաճախում մարզասրահներ:

Բայց պետք է իմանալ, որ երբեմն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է վնաս հասցնել առողջությանը: Օրինակ, եթե երիտասարդը, որը  բազմոցին ժամեր անցկացնելուց, գարեջուր և չիպսեր վայելելուց հետո գնում է ֆիթնես սրահ կամ լողավազան, և մնացած ամբողջ օրն անցկացնում այնտեղ, դա կարող է վատ վերջանալ. հաջորդ օրը կարող են արտահայտվել ուժեղ մկանացավեր` լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում` հնարավոր է հայտնվել հիվանդանոցում:

Վազք


Վազքը ֆիզիկական ակտիվության ամենատարածված ձևերից է: Սակայն ոգևորվել և միանգամից մեծ տարածություններ հաղթահարել` չարժե, դա կարող է վնասակար լինել. հևոց, աչքերի առջև` մթագնում, գուցե նաև` գիտակցության կորուստ: Վազքը պետք է սկսել փոքր տարածություններից և դանդաղ տեմպից:

Պետք է հաշվի առնել նաև, որ վազքը ոչ բոլորին է օգտակար: Այն չի թույլատրվում թրոմբոֆլեբիտի, Սրտի բնածին արատների, միտրալ սթենոզի, թիրեոտոքսիկոզի, ողնաշարային հիվանդությունների և մի շարք այլ ախտաբանությունների ժամանակ:

Այդ պատճառով վազքից առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Որոշ բժիշկներ 50-նն անց մարդկանց խորհուրդ են տալիս վազքը փոխարինել քայլքով /կարելի է նաև սկանդինավյան քայլք/:

 

Ֆիթնես


Ֆիթնեսը հրաշալի առողջարարական միջոց է, բայց այստեղ ևս սահմանափակումներ կան: Դրանք են` ողնաշարի հիվանդությունները, երակների վարիկոզ լայնացումը, սրտի գործունեության խանգարումը, հիպերտոնիան: Պետք է ժամանակավորապես բացառել պարապմունքը վատ ինքնազգացողության, մրսածության ժամանակ, վիրահատություններից և այլ իրավիճակներից հետո, երբ օրգանիզմը թուլացած է: Ի դեպ, խիստ սննդակարգը` զուգակցված ինտենսիվ մարզումների հետ, նույնպես կարող է վնասել առողջությունը:

Մարզասարքեր


Մարզումները մարզասարքերով, հատկապես սկսնակների համար, կարող են վնասվածքների պատճառներ դառնալ, ընդ որում, հաճախ դրանք մկանների և ջլերի ձգվածություններն են: Հիմնականում պատճառն այն է, որ գերագնահատվում են սեփական ուժերը և մեծ ծանրաբեռնվածություն է տրվում մկաններին, նաև նախապատրաստական աշխատանք չի կատարվուն, որն օգնում է «տաքացնել» մկանները և նրանց պատրաստել մարզման:

Մարզասրահ հաճախել շաբաթը 2 անգամ` մեկական ժամով, բավարար է:

Նախքան ուժային վարժությունները ցանկալի է անցնել թեստ, որպեսզի պարզ լինի, թե օրգանիզմն ինչպես կարձագանքի այդ մարզումներին:

Չվնասել

  • Սպորտի ցանկացած   ձևի ժամանակ կարևոր է` չվնասել: Օրգանիզմն ինքը կհուշի, թե երբ է պետք կանգ առնել:
  • Պետք է ուշադրություն դարձնել մաշկի գույնին` չափազանց գունատությունը կամ կարմրությունն արդեն մեծ ծանրաբեռնվածության ազդանշան է:
  • Անպայման պետք է վերահսկել պուլսը` ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ և հետո. տարբերությունը պետք է լինի 70 տոկոսից ավելի:
  • Մարզումը պետք է անմիջապես դադարեցնել, եթե ի հայտ են եկել գլխապտույտ, հևոց, թուլություն, աչքերի առաջ` մթագնում:
  • Չափից ավելի հաճախակի մարզումները չեն ավելացնում առողջությունը և չեն երիտասարդացնում, այլ հակառակը, հյուծում են օրգանիզմը, առաջացնում վնասվածքներ և հիվանդությունների սրացումներ:

 

Սպորտային սնունդ


Շատերը կարծում են, որ սպորտային սնունդը վնասակար է առողջության համար: Դրա պատաճառը, թերևս, այն է, որ անվտանգ սննդարար խառնուրդները շփոթում են անաբոլիկների հետ, որոնք մկանային մասսան ավելացնող հորմոնալ պատրաստուկներ են: Իսկ սպորտային սնունդն այլ է. դրան պատկանում են սննդային էլեմենտների` պրոտեինների /սպիտակուցներ/, ածխաջրատների, վիտամինների, ամինաթթուների, հանքային նյութերի  խառնուրդները:

Սովորական սննդից դրանք տարբերվում են այն բանով, որ շուտ են յուրացվում և օրգանիզմին ապահովում մեծ քանակի էներգիայով:

«Սպորտային սննունը» ներառում էտարբեր սննդային հավելումներ: Դրանք կարող են լինել սովորական պրոտեին, կամ պրոտեինի և ածխաջրատի խառնուրդ, կարող են լինել նաև որոշակի ամինաթթուներ, օրինակ` կրեատին կամ գլյուտամին: Եվ, եթե առաջինները լիովին անվտանգ են, ապա երկրորդներն ունեն հակացուցումներ և ընդունման յուրահատկություններ: Բացի այդ, ինչպես  որոշ նյութերի, այնպես էլ սպորտային սննդի նկատմամբ, գոյություն ունի անհատական անընկալություն. կարող են լինել ալերգիա, կողմնակի երևույթներ` սրտխառնոց, ստամոքսի այրոց և խանգարում:

Սպորտային սնունդը որևէ վնաս չի պատճառի, եթե այն ընդունվի ճիշտ  ժամանակին և անհրաժեշտ չափաբաժնով: Այստեղ չի գործում «որքան շատ` այնքան լավ» սկզբունքը: Չափաբաժնի բարձրացումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ` ծանրաբեռնել ստամոքսը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը: Այդ սնունդը պետք է ընդունել ոչ քաղցած ժամանակ: Սպորտային սննդի որոշ տեսակներ պետք է միաժամանակ չընդունել` դրանք կարող են անգամ չեզոքացնել միմյանց: Դրանք ճիշտ ընդունելու համար հարկ է ուշադիր կարդալ ընդունման ուղեցույցը և խստորեն հետևել դրան:
 

Սկզբնաղբյուր՝ medsovet.info



20.01.2020