«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ինչո՞վ է վտանգավոր խոլեսթերինի բարձրացումն արյան մեջ

Ինչո՞վ է վտանգավոր խոլեսթերինի բարձրացումն արյան մեջ

Խոլեսթերինը ճարպանման նյութ է, առանց որի անհնարին է օրգանիզմի գործունեությունը: Այն բջջային թաղանթների կայունությունն ապահովվող  յուրահատուկ շինարարական հենք է, մտնում է նաև լեղու, սեռական հորմոնների և վիտամին D3-ի կազմի մեջ:


Խոլեսթերինի մեծ մասը /մոտավորապես 80 տոկոսը/ արտադրվում է լյարդում, փոքր մասը /մոտավորապես 20 տոկոսը/ ներմուծվում է սննդի հետ:
Արյան մեջ խոլեսթերինը պարունակվում է բարդ միացությունների` լիպոպրոտեիդների ձևով: Տարբերում են «լավ» խոլեսթերին` բարձր խտության լիպոպրոտեիդներ, որոնց միջոցով խոլեսթերինի ավելցուկը հեռանում է օրգանիզմից, և «վատ» խոլեսթերին` ցածր խտության լիպոպրոտեիդներ, որոնք վատ են հեռանում օրգանիզմից և ինչ-որ մասը «նստում է» անոթների պատերին` ձևավորելով խոլեսթերինային թիթեղներ:


Անոթների պատերին խոլեսթերինային թիթեղների առաջացման գործընթացը կոչվում է աթերոսկլերոզ: Աթերոսկլերոզի ժամանակ արյունատար անոթների լուսանցքն աստիճանաբար նեղանում է, որի արդյունքում խանգարվում է թթվածնի և սննդային նյութերի մատակարարումը հյուսվածքներին ու օրգաններին: Առավել հաճախ զարգանում է սրտի և գլխուղեղի անոթների աթերոսկլերոզ:


Սրտի անոթների աթերոսկլերոզը սկզբում արտահայտվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ` ցավերով, որն, ի վերջո, կարող է բերել ինֆարկտի: Գլխուղեղի անոթների աթերոսկլերոզն արտահայտվում է ուշադրության, հիշողության, մտավոր գործունեության վատացումով, գլխացավերով, քնի խանգարումով: Գլխուղեղի անոթների արտահայտված նեղացումը կարող է բերել ինսուլտի:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տվյալների համաձայն, արյան մեջ խոլեսթերինի բարձրացումը /հիպերխոլեսթերինէմիան/ դիտարկվում է մոլորակի մոտավորապես 200 միլիոն բնակչի մոտ: Առավել հաճախ այն հայտնաբեվում է ավելորդ քաշով և շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց մոտ:


Եթե խոլեսթերինի մակարդակն արյան մեջ նորմայից բարձր է, պետք է վերանայել սնունդը և դիմել մասնագետի: Նման իրավիճակում խորհուրդ է տրվում օգտագործել խոլեսթերինի ցածր պարունակությամբ մթերքներ, սահմանափակել ձվի դեղնուցի, ձկնկիթի, լյարդի, ճարպոտ և տապակած կերակուրների օգտագործումը, կենդանական ճարպերը փոխարինել բուսականով, ավելացնել մեծ քանակի բջջանք պարունակող մթերքներ:


Սննդի կարգավորմանը զուգահեռ, բժիշկը կարող է նշանակել արյան մեջ խոլեսթերինն իջեցնող դեղորայք: Այդ դեղերը ընտրվում են անհատականորեն, քանի որ ունեն մի շարք հակացուցումներ: Ցավոք, նույնիսկ ամենաժամանակակից դեղերը ոչ միշտ են լիովին կարգավորում խոլեսթերինի մակարդակն արյան մեջ, այդ պատճառով վերջին շրջանում մասնագետներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում մետաբոլիկ պատրաստուկների վրա, որոնք ընդունակ են լավացնել համակցված բուժումը:

 

Սկզբնաղբյուր՝ medsovet.info



16.01.2020