«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ցավ աջ թուլակողում

Ցավ աջ թուլակողում

Աջ թուլակողում ցավերը կարող են առաջանալ սպոնտան` ընդհանուր լավ վիճակի ֆոնի վրա: Դա համարվում է տագնապային նշան, որը խոսում է որովայնի խոռոչի մեկ կամ մի քանի օրգանների ախտաբանության մասին: Ցավն օրգանիզմի բնական պաշտպանական ֆունկցիա է: Ցավով օրգանիզմը հայտնում է մարդուն, որ ինչ-որ բան այն չէ: Աջ թուլակողի շրջանում գտնվում են լեղապարկը, լյարդը, ստոծանու աջ մասը և ստամոքսի որոշ հատվածը: Այդ օրգանների հետ կապված ցանկացած խնդիր կարող է ցավային զգացողություն առաջացնել: Աջ թուլակողի ցավերն արտահայտման տարբեր աստիճաններ ունեն և տարբեր բնույթ են կրում:


Տարբերում ենք  ցավերի հետևյալ տեսակները.

 

 

  • սուր,
  • այրող,
  • բութ,
  • ձգող,
  • նվվացող,
  • պուլսացող,
  • պայթեցնող:


Անկասկած, կան ցավերի այլ բազմաթիվ տեսակներ, բայց թվարկվածները ամենահաճախ նկարագրվող ցավերն են պացիենտների կողմից: Հենց ցավի բնույթն է հաճախ օգնում դնել նախնական ախտորոշումը, իսկ երբեմն, անցկացնել տարբերակիչ ախտորոշում:
Աջ թուլակողի ցավով ուղեկցվող հիվանդությունների մեծ մասը զուգակցվում են այլ ախտանիշների հետ՝ մարմնի բարձր ջերմություն, փսխում և այլն:

Առաջացման պատճառները


Աջ թուլակողի ցավային զգացողությունները կարող են հետևանք լինել շատ ախտաբանական գործընթացների: Դրանցից յուրաքանչյուրին բնորոշ է ցավի իր բնույթը: Ցավի պատճառ ավելի հաճախ կարող են լինել.

 

  • Որովայնի խոռոչի վնասվածքները: Օրգանների տրավմատիկ վնասումը կարող է ուղեկցվել աջ թուլակողի սուր ցավով: Որոշ վնասվածքների հետևանքները կարող են խիստ վտանգավոր լինել, այդ պատճառով անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:
  • Լեղապարկի և լեղուղիների սուր և քրոնիկ հիվանդությունները: Լեղուղիների խցանման, սուր խոլեցիստիտի ժամանակ կարող են ի հայտ գալ սուր ցավեր աջ թուլակողում: Լեղապարկի տոնուսի բարձրացման ժամանակ ցավը կտրուկ է և կարճատև: Հաճախ նման ախտաբանությունների դեպքում ցավը կարող է ճառագայթել աջ կողմ: Քրոնիկ խոլեցիստիտին բնորոշ է բութ ցավը:
  • 12-մատնյա աղու հիվանդությունները (սուր կամ քրոնիկ դուոդենիտ): Հելիկոբակտեր պիլորիով պայմանավորված խոցային դուոդենիտի ժամանակ լինում են ծակող ցավեր` հիմնականում գիշերը, որոնք հանգստանում են սնունդ ընդունելիս: Այդ վիճակն ուղեկցվում է նաև որովայնի փքվածությամբ, սրտխառնոցով և ծանրության զգացողությամբ` որովայնում: Քրոնիկ դուոդենիտին բնորոշ է բութ, նվվացող ցավը:
  • Լյարդի հիվանդությունները: Չնայած հեպատիտների բոլոր տեսակները կարող են ընթանալ անախտանիշ, հիվանդությունների այս խմբին բնորոշ է նվվացող ցավն` աջ թուլակողում: Ցավն ուժեղանում է հեպատիտի մյուս ախտանշանների զարգացմանը զուգընթաց: Ցավի ինտենսիվությունն ու արտահայտվածությունը կապված է հիվանդության տեսակից և վիրուսի ակտիվության աստիճանից: Աջ թուլակողի նվվացող ցավը կարող է լինել նաև լյարդի ցիռոզի (կլինիկորեն արտահայտված փուլերում) կամ լյարդի քաղցկեղի ախտանշան:
  • Ողնաշարի կրծքային հատվածի ախտաբանությունները (օստեոխոնդրոզ): Ողնաշարի կրծքային հատվածի օստեոխոնդրոզի ժամանակ կարող են լինել ցավային զգացողություններ, որոնք ուժեղանում են ներշնչման կամ արտաշնչման ժամանակ:
  • Հելմինթոզները: Հելմինթների տեղակայումից կախված (դրանք կարող են լինել ինչպես աղիներում, այնպես էլ լեղուղիներում և լեղապարկում) ցավը կարող է տատանվել թույլ նվվացող բնույթից մինչև կտրուկ և անտանելի ցավը:
21.10.2019