Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Մարդու գլխուղեղի զարմանալի հատկությունները
Գլխուղեղային նյութ: Իր ամբողջ պատմության ընթացքում մարդկությունն ուղեղն ուսումնասիրելիս լուրջ բարդությունների հետ է բախվել: Ե՛վ հին եգիպտացիները, և՛ առաջին փիլիսոփաները, ինչպիսին Արիստոտելն էր, թերագնահատել են այն առեղծվածային նյութը, որը գտնվում է գանգատուփի մեջ:
Հանրահռչակ անատոմ Գալենն ուղեղին վերապահում էր շարժողական ակտիվության և խոսելու հնարավորության ղեկավարի դերը, բայց նույնիսկ նա անտեսել էր սպիտակ և գորշ նյութը, կարծելով, որ ուղեղում հիմնական աշխատանքը կատարում են հեղուկով լցված փորոքները:
Մարդու ուղեղը մեծ է...
Չափահաս մարդու գլխուղեղի զանգվածը միջինը 1,3-1,4 կգ է: Գանգատուփի մոտ 80%-ը լցված է գլխուղեղով, մնացած 20%-ը հավասարապես բաժանված է արյան, ողնուղեղային հեղուկի, պաշտպանական նյարդային հյուսվածքի միջև: Եթե այս ամենը խառնեն` գլխուղեղը, արյունն ու հեղուկը, ապա ստացված նյութի ծավալը կկազմի մոտ 1,7 լիտր:
Բայց այն փոքրանում է
Մոտավորապես 5 հազար տարի առաջ մարդու ուղեղի ծավալն ավելի մեծ է եղել: «Ամբողջ աշխարհի` Եվրոպայի, Չինաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, ստացված հնագիտական տվյալներից մեզ հայտնի է, որ գլխուղեղի ծավալը փոքրացել է մոտավորապես 150 սմ3, նախկինում նրա ծավալը կազմում էր 1350 սմ3: Դա, կոպիտ հաշվարկով, 10 տոկոս է»,- պատմում է պալեօնտոլոգ Ջոն Հոքսը` Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանից:
Հետազոտողները չգիտեն, թե ինչու է գլխուղեղի ծավալը փոքրանում, բայց ենթադրում են, որ այն զարգանում և առավել արդյունավետ է դառնում: Կարծիք կա նաև, որ գանգատուփն է փոքրանում, քանի որ ժամանակակից մարդու այժմյան սննդակարգն առավել փափուկ սննդից է բաղկացած ու մեծ և ուժեղ ծնոտներն այլևս պետք չեն:
Ինչպիսին էլ որ լինի պատճառը, գլխուղեղի չափերից անմիջականորեն կախված չէ ինտելեկտի մակարդակը, քանի որ չկան ապացույցներ, թե հին մարդիկ առավել խելացի են եղել, քան ժամանակակիցներն են:
Ուղեղը էներգիայի կենտրոնացումն է
Ժամանակակից մարդու գլխուղեղը ծայրահեղ էներգատար է: Նրա ծավալը կազմում է մարմնի ծավալի մոտավորապես 2%-ը, բայց, դրա հետ մեկտեղ, այն օգտագործում է արյան մեջ եղած թթվածնի մոտավորապես 20%-ը և գլյուկոզայի` 25%-ը:
Գիտնականներն իրենց առջև խնդիր էին դրել պարզել, թե ի՞նչն է էներգիայի աղբյուր խոշոր գլխուղեղի զարգացման համար: Շատ հետազոտողներ պնդում են, որ նման աղբյուր եղել է միսը` բերելով նախնադարյան մարդկանց որսորդական հմտությունների օրինակը: Մասնագետների մեկ այլ խումբ կարծում է, որ միսն այնքան էլ հուսալի աղբյուր չի եղել: 2007 թ. կատարված հետազոտություններն ապացուցեցին, որ ժամանակակից շիմպանզեները կարողանում են փորել հանել կալորիաներով հարուստ արմատապտուղները: Հնարավոր է, նախնադարյան մարդիկ նույն բանն են արել` գլխուղեղի էներգիան ապահովելով բուսական սննդով:
Ինչ վերաբերում է գլխուղեղի գնդաձև լինելուն, դրա վերաբերյալ երեք հիմնական վարկած կա` կլիմայի փոփոխությունը, էկոլոգիայի պահանջները և սոցիալական մրցակցությունը:
Ուղեղի ծալքերը մարդուն խելացի են դարձնում
Որ՞ն է մարդու ինտելեկտի գաղտնիքը: Պատասխանը կարող է լինել` ուղեղի ծալքերը: Մարդու գլխուղեղի մակերեսը, որն անվանվում է մեծ կիսագնդերի կեղև, ծածկված է բազմաթիվ գալարներով ու ակոսներով և հագեցած է մոտավորապես 100 միլիարդ նեյրոններով` նյարդային բջիջներով: Նման մակերեսը հնարավորություն է տալիս ծավալով մեծ, համապատասխանաբար շատ էներգիա պահանջող գլխուղեղին տեղավորվել ոչ մեծ գանգատուփում: Մեր ազգական պրիմատների ուղեղի գալարների քանակը տարբեր է, այնպես, ինչպես մյուս բանական կենդանիներինը, օրինակ` փղինը: Բացի դրանից, հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դելֆինների ուղեղի գալարները նույնիսկ առավել արտահայտված են, քան մարդկանց մոտ:
Գլխուղեղի բջիջների մեծ մասը նեյրոններ են
Այն կարծիքը, թե մենք օգտագործում ենք մեր գլխուղեղի հնարավորության միայն 10%-ը, ճիշտ չէ, դրա փոխարեն հաստատ կարող ենք ասել, որ նեյրոնները կազմում են գլխուղեղի բոլոր բջիջների միայն 10%-ը: Մնացած 90%-ը, որը գլխուղեղի ամբողջ զանգվածի մոտավորապես կեսն է կազմում, կոչվում է նեյրոգլիա կամ գլիա, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «սոսինձ»: Նյարդաբանները նախկինում կարծում էին, թե նեյրոգլիան պարզապես կպչուն նյութ է, որը պահում է նեյրոնները: Բայց վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ նրա դերը շատ ավելի կարևոր է: Այդ քիչ նկատելի բջիջները մաքրում են ավելորդ նեյրոմեդիատորները, ապահովում են իմունային պաշտպանությունը, ինչպես նաև նպաստում են սինափսների (նեյրոնների միջև միացություններ) աճին և գործառույթներին: Պարզվում է պասիվ մեծամասնությունն այնքան էլ պասիվ չէ:
Գլխուղեղը ընտրյալների տեղն է
Գլխուղեղի արյան համակարգի բջիջները, որոնք կոչվում են հեմատոէնցեֆալիկ պատնեշ, աշխատում են պահապանների պես, միայն որոշ մոլեկուլների են թույլ տալիս հասնել գլխուղեղին: Մազանոթները, որոնք գլխուղեղի մատակարարներն են, դասավորված են սերտորեն կապված բջիջներով, որոնք պահում են խոշոր մոլեկուլներին: Հեմատոէնցեֆալիկ պատնեշի հատուկ սպիտակուցներն անհրաժեշտ սննդարար նյութերը փոխանցում են գլխուղեղ: Եվ միայն ընտրյալներն են «ներսում հայտնվում»:
Հեմատոէնցեֆալիկ պատնեշը պաշտպանում է գլխուղեղը, բայց այն կարող է նաև թույլ չտալ թափանցել կյանք փրկող դեղերին: Բժիշկները, ովքեր գլխուղեղի ուռուցքների բուժման միջոցներ են որոնում, կարող են դեղերի օգնությամբ բջիջների միջև եղած կապը բացել, ինչը, սակայն, գլխուղեղը կարող է ժամանակավորապես խոցելի դարձնել ինֆեկցիաների հանդեպ: Հեմատոէնցեֆալիկ պատնեշի միջով դեղը տեղ հասցնելու հիանալի միջոց են նանոտեխնոլոգիաները: Հատուկ մշակված նանոմասնիկները կարող են թափանցնել պատնեշի միջով: Ապագայում նանոմասնիկների և քիմիաթերապիայի համադրությունը կարող է ուռուցքների ոչնչացման միջոց դառնալ:
Գլխուղեղը սաղմնավորվում է խողովակի ձևով
Գլխուղեղի սաղմնավորումը վաղ է տեղի ունենում: Բեղմնավորումից երեք շաբաթ հետո սաղմնային բջիջների շերտը, որը կոչվում է «նյարդային պլաստինկա», ոլորվում և ուղեղային խողովակ է դառնում: Այդ հյուսվածքն էլ կենտրոնական նյարդային համակարգն է ձևավորում:
Գլխուղեղային խողովակը աճում և ձևափոխվում է առաջին երեք ամիսների ընթացքում (երբ բջիջները ձևափոխվում են, դառնում են տարբեր հատուկ հյուսվածքներ, որոնք անհրաժեշտ են մարմնի մասերի ստեղծման համար): Նեյրոգլիան և նեյրոնները սկսում են ձևավորվել երկրորդ եռամսյակի ընթացքում: Գալարներն ավելի ուշ են ձևավորվում: 24-րդ շաբաթում մագնիսա-ռեզոնանսային հետազոտությունը ցույց է տալիս միայն մի քանի ձևավորված գալարներ, սաղմնային ուղեղի մակերեսը հիմնակում հարթ է լինում: Երրորդ եռամսյակի սկզբին, 26-րդ շաբաթում գալարները խորանում են և գլխուղեղն արդեն նորածնի գլխուղեղի տեսքն է ստանում:
Դեռահասի գլխուղեղը լիովին ձևավորված չէ
Դեռահասային վարքագծի թերությունները մասամբ կապված են գլխուղեղի զարգացման առանձնահատկությունների հետ: Գլխուղեղի գորշ նյութի ձևավորման գագաթնակետը սեռական հասունացման սկիզբն է: Բազմաթիվ խնդիրների համար պատասխանատու գլխուղեղի հատվածները լիովին ձևավորվում են միայն 16-17 տարեկանում: Գիտնականները նաև ապացուցել են, որ դեռահասների մոտ եսասիրությունը հիմնավորված է նյարդային մակարդակի վրա: Կատարելով արարքներ, որոնք ազդում են ուրիշների վրա, դեռահասները մեծահասակներից հազվադեպ են օգտագործում գլխուղեղի նախաճակատային կեղևը, իսկ այդ հատվածը կապված է կարեկցանքի և մեղավորության զգացման հետ: Գիտնականների խոսքերով, դեռահասները կարեկցել սովորում են սոցիալիզացիայի միջոցով: Դա լիովին արդարացնում է մինչև 20 տարեկանը նրանց եսասիրությունը:
Գլխուղեղը մշտապես փոփոխվում է
ժամանակին գիտնականները հայտարարեցին, որ երբ մարդը չափահաս է դառնում, նրա ուղեղը նոր նյարդային կապեր ձևավորելու ընդունակությունը կորցնում է: Կարծիք կա, որ այդ ընդունակությունը, որն անվանում են «հարմարվողականություն», կապված է մանկության և պատանեկության հետ: Դա ճիշտ չէ: Կատարված մի շարք հետազոտությունների արդյունքում ապացուցվեց, որ չափահաս մարդկանց մոտ նեյրոնների միջև նոր կապեր են ստեղծվում: Միևնույն ժամանակ, մեդիտացիայի ուսումնասիրությունը թույլ տվեց ապացուցել, որ մտավոր ակտիվ գործունեությունը կարող է փոխել գլխուղեղի և՛ կառուցվածքը, և՛ գործառնությունը:
Կարծիք կա, որ տղամարդիկ և կանայք գլխուղեղի տարբեր կառուցվածք ունեն: Ճիշտ է, տղամարդու և կանանց հորմոնները տարբեր կերպ են ազդում գլխուղեղի զարգացման վրա, որի հետևանքով նրանք տարբեր կերպ են զգում ցավը, որոշումներ ընդունում և հաղթահարում սթրեսները: Սակայն, մեծ մասամբ, տղամարդու և կնոջ գլխուղեղները (և ընդունակությունները) միանման են:
Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու


