Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
7 մոլորություն հիվանդ թիկունքի մասին
1. Որպեսզի թիկունքը չցավի, հարկ է ուղիղ նստել
Իրավամբ, կորացած թիկունքն այնքան հաճելի չեն: Սակայն նստել այնպես, կարծես «փայտ եք կուլ տվել», նույնպես` չարժե: Այդ դեպքում թիկունքի մկանները գերլարվում են և, արդյունքում, ստանում ենք այն, ինչի դեմ փորձում ենք պայքարել, այսինքն` ցավերի: Եթե օրվա ընթացքում ստիպված եք երկար նստել, ապա պարբերաբար աթոռի հետ միասին շարժվեք առաջ ու ետ, երբեմն` ձգվեք:
2. Ծանրություններ բարձրացնելը վնասում է թիկունքին
Իրականում կարևոր չէ, թե ինչ եք բարձրացնում, այլ ինչպես եք դա անում: Հասկանալի է, որ ուժերից վեր ծանրություն բարձրացնել պետք չէ: Այդ դեպքում կորացնում եք ոչ թե թիկունքը, այլ` ոտքերը: Ծանրությունը հարկ է պահել իրանին մոտ, այլ ոչ թե ձգված ձեռքերի, նաև խուսափել ձեռքերով ծանրությունն այս ու այն կողմ պտտելուց (երբ ոտքերն անշարժ են, իսկ մենք պտտում ենք իրանի միայն վերին մասը): Մի փորձեք ինչ-որ բան բարձրացնել գետնից, հատկապես, եթե նստած դիրքում եք, թեկուզ` մատիտ: Այն կարող է թիկունքի մկաններին վնասել:
3. Թիկունքի ցավերի դեպքում հարկ է պառկել
Դա ճիշտ է, սակայն` սուր ցավի դեպքում միայն, որն առաջացել է գերլարվածության կամ վնասվածքի արդյունքում:: Եվ, նույնիսկ այդ դեպքում չարժե երկար ժամանակ մնալ հորիզոնական դիրքում:
4. Թիկունքի ցավերի պատճառը կարող են լինել միայն վնասվածքները
Միշտ չէ, որ թիկունքի ցավերի պատճառը ողնաշարի հետ կապված վնասվածքներն են: Առավել հաճախ ցավում են մկանները: Ի դեպ, մկանային կմախքն է ուժ ու դիմացկունություն հաղորդում թիկունքին: Բացի այդ, մկանները կարող են ցավել թունավորման դեպքում: Գրիպի ժամանակ մկանային թուլությունը կամ դրանց կոտրտվածությունը դրա վառ ապացույցն են: Դեպի թիկունք գնացող ցավի պատճառ կարող են լինել նաև երիկամների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները, նաև` դաշտանը: Նյարդերի ախտահարումը, միջողնային սկավառակներում դիստրոֆիկ գործընթացները (օստեոխոնդրոզ), նույնիսկ, հոգեկան ուժեղ ապրումները կարող են ցավային համախտանիշի պատճառ լինել:
5. Նիհար մարդկանց թիկունքը չի ցավում
Սննդակարգերի պատճառով նիհարող ոսկրերը նույնպես կորցնում են քաշը, նաև` ամրությունը, ինչի հետևանքով մկաններն այլևս ի վիճակի չեն լինում պահել ողնաշարն ու հոդերը: Արդյունքում` ամենաանսպասելի հատվածներում ճաքեր ու կոտրվածքներ ստանալու ռիսկն է բարձրանում: Մեկ այլ ծայրահեղություն է ավելորդ քաշը, ինչը թիկունքի համար պակաս փորձություն չէ:
6. Թիկունքի ցավերի դեպքում ֆիզիկական վարժությունները ցուցված չեն
Բուժական ֆիզկուլտուրան, հատկապես` լողը, բարերար ազդեցություն են թողնում թիկունքի մկանների վրա: Ֆիզիկական պարբերաբար կատարվող վարժությունները, որոնք հատուկ ընտրում է բժիշկը, օգնում են ո՛չ միայն թիկունքի ցավերին (իհարկե, սրացումներից հետո), այլև կանխարգելում են ռեցիդիվները: Հիվանդ թիկունքի հիմնական թշնամին հիպոդինամիան է: Ակտիվ կենսակերպ վարող, սպորտով զբաղվող մարդիկ առավել քիչ են տառապում այս ցավերից:
7. Թիկունքի համար կոշտ ներքնակն ավելի լավ է, քան` փափուկը
Այս կարծիքը միանշանակ չէ, մարդիկ տարբեր են: Բոլորին հանձնարարել քնել կոշտ ներքնակների վրա, այնքան էլ ճիշտ չէ: Իսպանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել: Նրանք հետազոտության մասնակիցներին խնդրել են իրենց ներքնակի կոշտությունը գնահատել 10 բալանոց սանդղակով (որտեղ 10-ը փափուկ ներքնակն է, իսկ 1-ը` բետոնե հատակը), հետո ուսումնասիրել են նրանց վիճակը: Այսպես, ամենաառողջ թիկունք ունեցել են այն իսպանացիները, ովքեր քնել են միջին կոշտության ներքնակի վրա (5,6 միավոր): Նրանք, ովքեր քնել են կոշտ ներքնակի վրա (2,3 միավոր), բազմաթիվ խնդիրներ են ունեցել: Ընդ որում, թիկունքի հետ կապված տհաճություններն սկսվել են ոչ թե ներքնակը գնելուց առաջ, այլ դրանից հետո:
Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու


