«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Կոկսարթրոզ. պատճառներն ու ախտանիշները

Կոկսարթրոզ. պատճառներն ու ախտանիշները

Կոկսարթրոզը կամ  կոնքազդրի  հոդի ձևախախտված արթրոզը հոդերի ամենատարածված պաթոլոգիաներից մեկն է: Այն  ուղեկցվում է հոդի կառուցվածքի և ֆունկցիայի  խանգարմամբ:

Կոկսարթրոզը հենա-շարժական ապարատի հիվանդությունների շարքում կազմում է 48%, սակայն մեծ մասամբ,  պայմանավորված է տարիքային փոփոխություններով և հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ: Ընդ որում, տղամարդկանց մոտ այն երկու անգամ ավելի շատ է հանդիպում:

Կոկսարթրոզի պատճառները տարբեր են: Դա կարող է լինել և նախկինում տարած վնասվածքները (կոտրվածքներ, միկրովնասվածքներ,  հոդախախտումներ և այլն), և բորբոքային գործընթացները (կոկսիտ), և կոնքազդրային հոդի այլ պաթոլոգիաները.

  • ազդրի գլխիկի բնածին հոդախախտում,
  • կոնքի և  ազդոսկրագլխիկի միացման հատվածի կոտրվածքներ,
  • ազդրի վզիկի կոտրվածքներ,
  • ազդրագլխիկի կոտրվածքներ և նեկրոզներ,
  • բարորակ և չարորակ ուռուցքներ,
  • Պեջետի հիվանդությամբ հրահրված արթրոզներ,
  • ռևմատոիդ արթրոզներ:


Սակայն կոկսարթրոզի գրեթե 50% դեպքերի պատճառը կապված չէ  նախորդող բորբոքային հիվանդությունների, տարած վնասվածքների կամ ուռուցքի զարգացման հետ: Շատ գիտնականներ կարծում են, որ պատճառը հարկ է փնտրել հոդի հատվածի արյան շրջանառության խանգարման մեջ (երակային ետհոսքի և զարկերակային ներհոսքի վատթարացում), որն էլ կարող է կոկսարթրոզի զարգացման պատճառը լինել:

Կոկսարթրոզի հիմնական ախտանիշները

  • Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում ցավի զգացողություն կոնքազդրային հոդում:
  • Դժվարություններ աթոռից վեր կենալուց կամ կքանստելուց, քայլելիս (մարդն սկսում է կաղալ ցավի պատճառով):


Հետաքրիքր է. Կոկսարթրոզի դեպքում ցավերն ուժեղանում են, երբ մարդը երկար ժամանակ մի դիրքում է նստած լինում, կամ ընդհակառակը, երբ երկար ժամանակ ոտքի վրա կանգնած է մնում:

Կոկսարթրոզի զարգացման երեք փուլեր

Առաջին փուլում ցավն առաջանում է միայն ֆիզիկական ծանրաբեռնվածության, երկար քայլելու կամ վազելու դեպքում և արագ անցնում է:

Երկրորդ փուլում ցավերն ավելի են ուժեղանում, տարածվում են ազդրով մեկ և անցնում միայն հանգիստ վիճակում: Դրա հետ մեկտեղ, մարդն սկսում է կաղալ, հատկապես, երբ ստիպված է երկար քայլել: Նվազում է ազդրի շարժման տատանման մեծությունը, ընդ որում, ոչ միայն ցավային համախտանիշի, այլև դրա համար պատասխանատու մկանների թուլության պատճառով:

Երրորդ փուլում ցավերն անհանգստացնում են անընդմեջ, նույնիսկ, գիշերը: Նստատեղի, նաև ազդրի և ծնկների մկանները այնքան են թուլանում, որ մարդն ստիպված է լինում դիմել ձեռնափայտի օգնությանը: Ցավը փոխհատուցելու համար նա հենվում է ոչ թե ոտքի թաթերի, այլ մատների վրա, ողնաշարն ամբոջությամբ առաջ բերելով, ինչն էլ հանգեցնում է գոտկատեղային լորդոզի: Սակայն այդպիսի փոխհատուցումը միայն ավելացնում է ծանրաբեռնվածությունը կոնքազդրային հոդերի վրա և այն ավելի է ձևախախտվում:

Կոկսարթրոզի դեպքում ռենտգենյան հետազոտության ժամանակ հայտնաբերվում է.

  • հոդային ճեղքերի նեղացում, ընդ որում, հատկապես այն հատվածում, որի վրա շարժումների դեպքում ընկնում է հիմնական ծանրությունը:
  • ոսկրային հյուսվածքի կառուցվածքի փոփոխություն:
  • ազդրագլխիկի ձևախախտում, ազդրի վզիկի հաստացում
  • նորագոյացություն հոդի այն հատվածում, որը ծանրաբեռնվածության չի ենթարկվել:


Կոկսարթրոզի թերապևտիկ բուժումը

Թերապևտիկ բուժումը ներառում է.

  • ցավազրկոզ և հակաբորբոքային ոչ ստերոիդ պատրաստուկների նշանակում,
  • վիտամիններ, ռումալոն` կռճիկային հյուսվածքի օքսիդա-վերականգնողական գործընթացի լավացման համար, դիմեկսիդի թրջոցներ (կուրսը 10-15 օր),
  • նովոկաինի, դիմեկսիդի լուծույթով էլեկտրաֆորեզ,
  • ուլտրաձայնային թերապիա, մագնիտաթերապիա, լազերաթերապիա,
  • ստորին վերջույթների և գոտկատեղային հատվածի մերսում,
  • բուժական ֆիզկուլտուրա և ֆիզիոթերապիա, որն ուղղված է մկանների ամրացմանն ու ախտահարված հոդերի շարժունության վերականգնմանը:
 

Կոկսարթրոզի վիրահատական բուժումը

Եթե հիվանդությունը սաստկանում է և ցավեր առաջանում են ոչ միայն ֆիզիկական ծանրաբեռնվածությունների դեպքում, այլև հանգիստ վիճակում, նվազում է աշխատունակությունը և խանգարվում  ակտիվ կենսակերպը, եթե դեղպատրաստուկները այնքան էլ արդյունավետ չեն, ապա հանձնարարվում է վիրահատական միջամտություն և կոնքազդրային հոդի փոխարինում արհեստականով (էնդոպրոթեզավորում):

Ներկայումս էնդոպրոթեզավորումը կոկսարթրոզի բուժման ամենառաջավոր մեթոդն է: Վրահատական տյալ միջամտությամբ պացիենտների թիվն օրեցօր ավելանում է և նրանք ոչ միայն 60-75 տարեկան անձինք են, այլև երիտասարդներ: Օրինակ, ԱՄՆ-ում տարեկան 120 000 նմանատիպ վիրահատություններ են կատարվում և շատ մեծ հաջողությամբ, առավել ևս, որ պրոթեզների պատրաստման նոր տեխնոլոգիաները նվազեցրել են ետվիրահատական բարդությունները: Նման վիրահատությունից հետո վերականգնողական ժամանակահատվածը կարող է տևել 1-6 ամիս, դրա հետ մեկտեղ, պացիենտը հիվանդանոցում է մնում է 15 օր, իսկ վերականգնումն անցնում է տնային պայմաններում:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012

09.06.2018