«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Ի՞նչ է անոռեքսիան

Ի՞նչ է անոռեքսիան

Մինչ վերջերս էլ նորաձև էին չափազանց նիհար մոդելները: Շատ ու շատ աղջիկներ ու կանայք էին փորձում հետևել նրանց` հանուն ցանկալի չափսերի օրգանիզմը զրկանքների մատնելով: Ի դեպ, մտագարություն հիշեցնող այդ խանգարումները համաճարակի վերածվելու սպառնալիք են դարձել:

Անոռեքսիայի զոհ են դառնում հիմնականում 13-18 տարեկանները: Նրանց ծնողները երբեմն նույնիսկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց սիրելիների հետ: Ուշքի են գալիս այն ժամանակ, երբ արդեն ոչինչ հնարավոր չէ շտկել: Հետևաբար, պետք է զինվել տարրական  գիտելիքներով, որոնք կհուշեն անորեքսիայի սպառնալիքի մասին:

Առաջին. հանկարծ ձեր զավակը որոշում է, որ պետք է քաշը գցի` սկզբում այդ նպատակի համար դիետիկ սնունդ նախընտրելով, իսկ հետո նաև սովորական սննդից ընդհանրապես հրաժարվելով: Ընդ որում, ինքնագնահատումն արդեն ճիշտ ուղղությամբ չի գնում. նիհարիկ աղջիկն իրեն հաստլիկ է համարում ու շարունակ խոսում, որ հարկավոր է նիհարել, որը վերածվում է սևեռուն գաղափարի:

Անոռեքսիան անտեսանելի ու շատ վտանգավոր խութեր ունի. իր զոհին կտրում, պոկում է սովորական կյանքից ու դատապարտում կատարյալ միայնության: Անոռեքսիայով տառապող աղջիկը չի շփվում ընկերների հետ, խուսափում է նրանցից, ի վերջո, ընկնում խոր դեպրեսիայի մեջ, տանջվում անքնությունից, ասես մեղքի զգացումը տանջում է յուրաքանչյուր կերած պատառի համար, դրա համար էլ ուտելուց հետո փորձում է արհեստականորեն փսխում առաջ բերել:

Մի շատ կարևոր ախտանշան էլ կա. անոռեկտիկների մոտ դաշտանային ցիկլի խանգարում է առաջանում ու վերականգնվում է  հորմոնային բուժումից հետո: Եթե նման ախտանշաններ հայտնաբերել եք, ուրեմն  շտապեք բժշկի. այս հիվանդությունը դժվար է բուժվում, հաճախ  դրա վրա տարիներ են ծախսվում, երբեմն, նույնիսկ բուժումն այլևս ապարդյուն է համարվում:

Անոռեքսիան մահացության  ելքով մեծ տոկոս  է կազմում մյուս հոգեբանական հիվանդությունների շարքում:

Ինչպե՞ս կարելի է բուժվել

Անոռեքսիան հիվանդություն է, սակայն այն բուժելու համար դեղեր չկան: Ու, քանի որ այն հոգեբանական հիվանդություն է, նշանակվում են ընդհանուր նշանակության դեղեր, հակադեպրեսանտներ, տրանկվիլիզատորներ, որոնք օգնում են հիվանդին ձերբազատվել տագնապի զգացումից:

Դպրոցներում հարկավոր է աղջիկներին կանխարգելող ծրագիր ուսուցանել, բացատրել, որ օրգանիզմին սննդից զրկելը կամ սննդի սահմանափակումը կարող է հանգեցնել ճարպային ու մկանային հյուսվածքների քայքայման: Խանգարվում է դաշտանային ցիկլը, նյութափոխանակությունը, վատանում է հիշողությունը, հեմոգլոբինի պակաս է առաջանում: Եվ, բնականաբար, հյուծված, ուժահատ օրգանիզմին ցանկացած վարակ կարող է մահվան հանգեցնել:

Ասվածից կարելի է հետևություն անել. աղջիկների վարքագծի նշված յուրաքանչյուր փոփոխության դեպքում զգոն եղեք, քանի որ դա կարող է անոռեքսիայի սկիզբ ազդարարել: Որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացրեք խնդիր ունեցող երեխային: Հիշե՛ք, որ այն դժվար է բուժվում ու հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Փաստեր ու թվեր

Ամբողջ աշխարհում անոռեքսիայից տառապում է կանանց 2%-ը և տղամարդկանց 0,4%-ը: Ժամանակին բուժման դեպքում ապաքինվում է նրանց  50%-ը:

Անոռեքսիայով տառապում են առավելապես սպիտակամորթերը:

Հիվանդների 10%-ը մահանում է հիվանդության պատճառով առաջացած բարդություններից և օրգանիզմի չափազանց հյուծումից:

Անոռեքսիայով հիվանդների սրտի ռիթմն է խանգարվում, առաջանում է երիկամային անբավարարություն, սովորականից ցածր է մարմնի ջերմաստիճանը, արյան ճնշումը, մազերը բարակ ու փափուկ են` զուրկ օգտակար նյութերից:

Անոռեքսիայով հիվանդները մարմնի նվազ զանգվածի պատճառով խիստ վատ են տանում ցուրտը:

Փոքր տարիքում անոռեքսիան կարող է զարգացման ու աճի խանգարման հանգեցնել:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անոռեքսիայով հիվանդները տառապում են օսթեոպորոզից կամ ոսկրի բարակացումից:

09.06.2018