«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Ինչպե՞ս խուսափել հիվանդանալուց

Ինչպե՞ս խուսափել հիվանդանալուց

Մանրէների ու վիրուսների հետ ամեն օր «շփվում» է յուրաքանչյուրը: Որոշ մարդիկ շատ դյուրին հիվանդանում են, իսկ մյուսները ինֆեկցիայի հանդեպ կայունություն ունեն: Ինչո՞ւ: Իսկ հնարավո՞ր է չհիվանդանալ:

Տարբեր տեսակների վիրուսներով և մանրէներով վարակվելու հավանականությունը տպավորություն է ստեղծում, թե մեր թշնամին արտաքին աշխարհից է, թե հիվանդանում ենք` վարակվելով մեկ ուրիշից: Սակայն առավել օգտակար կլինի օրգանիզմի պաշտպանական ուժերն ամրացնել:

Ինչպես է կառուցված իմունային համակարգը

«Մանրէն ոչինչ է, իմունիտետն` ամեն ինչ»,- ասել է ֆրանսիացի միկրոկենսաբան Լուի Պաստերը: Այլ խոսքերով, եթե օրգանիզմը կայուն իմունիտետ ունի, ապա մանրէներն ու վիրուսները չեն կարող, առաջինը` թափանցել օրգանիզմ, երկրորդը` բազմանալ օրգանիզմում: Իմունային համակարգի օրգաններն ու բջիջները «տարածված» են ամբողջ օրգանիզմով և կապված են անմիջականորեն արյունատար և լիմֆատիկ անոթների հետ: Ողնուղեղում ձևավորվում և զարգացման առաջին փուլն են անցնում մակրոֆագերն ու լիմֆոցիտները` իմունաբանական հսկողության «գլխավոր գործող անձինք»: 

Լիմֆոցիտները բաժանվում են երկու մեծ խմբի: B-լիմֆոցիտները ողնուղեղից «ճանապարհ են ընկնում» դեպի բոլոր լիմֆոիդ օրգանները, որոնց թվին են պատկանում փայծաղը, շնչուղիների և աղիների լորձաթաղանթները, ինչպես նաև, լիմֆոհանգույցները: Նրանց գործառույթը հակամարմիններ արտադրելն է` սպիտակուցային մոլեկուլներ, որոնք իմունագլոբուլիններին են պատկանում: Միանալով օտարածին բջիջներին, հակամարմինները դրանց թուլացնում են և հնարավորություն են տալիս պաշտպաններին` մակրոֆագերին և այլ բջիջներին կատարել իրենց բարի գործը: Ավելի պարզ, B-լիմֆոցիտները պատասխանատու են մանրէներից, պարզագույն միկրոօրգանիզմներից ու դրանց թունավոր արտազատուկներից օրգանիզմի պաշտպանության համար: 

T-լիմֆոցիտները ակտիվանում են, երբ վիրուսային հարձակման վտանգ կա, դրանք քայքայում են ուռուցքների կամ դոնորական փոխպատվաստումների ագրեսիվ բջիջները: Թիմուսում բարդ կենսաքիմիական գործընթաց է կատարվում, որի արդյունքում T-լիմֆոցիտները բաժանվում են T-հելպերների, որոնք ուժեղացնում են B-լիմֆոցիտների և T- «քիլլերների» աշխատանքը: Վերջինները, շփվելով ախտահարված բջիջների հետ, քայքայում են վիրուսները (իսկ հակամարմինները չեզոքացնում են արյան մեջ անցած վիրուսի մասնիկները):

Աջակցող խումբ

Մանրամասնորեն հասկանալով իմունային համակարգի աշխատանքը, գիտնականները կարողացան ստեղծել իմունային համակարգի աշխատանքին աջակցման կամ խթանման տարբեր միջոցներ: Հաջողվեց խոշոր եղջերավոր կենդանիների թիմուսից (օրինակ, «T-ակտիվինը») և ողնուղեղից պատրաստուկներ ստանալ, որոնք և՛ կողմնակի արդյունքներ չունեն, և՛ ուռուցքաբանական հիվանդությունների, հեպատիտների, ՄԻԱՎ-ի դեմ պայքարի «ծանր հրետանիներ» են դարձել: 

Ժամանակակից պատրաստուկները հնարավորություն են տալիս ավելացնել նյութերի քանակը, որոնք նորմայում գոյություն ունեն մեր օրգանիզմում, բայց ինֆեկցիայի դեմ պայքարում դրանք կարող են պարզապես անբավարար լինել:

Դրանք իմունագլոբուլիններն են, այսինքն, պատրաստի հակամարմինները, ինչպես նաև ինտերֆերոնը և նրա սինթետիկ համանմանները, որոնք օգնում են պայքարել գրիպի և շնչառական համակարգի այլ վիրուսային ինֆեկցիաների, վիրուսային հեպատիտների դեմ: Սինթետիկ պատրաստուկները` իմունամոդուլյատորները (կամ իմունաբուստերները) խթանում են հակամարմինների ձևավորումը, որոնք պայքարում են հերպեսի վիրուսի դեմ, կիրառվում են գրիպի բուժման և կանխարգելման համար: Բայց բժիշկները զգուշավորությամբ են վերաբերվում իմունամոդուլյատորներին:

«Դրանց կիրառման ոլորտը կլինիկական իմունաբանությունն է,- ասում են նրանք: - Տասնամյակների փորձը ցույց է տվել, որ դրանք կարող են պարադոքսալ ռեակցիաներ տալ, գաղտնի ինֆեկցիոն ախտընթացից մինչև ասթմատիկ նոպա»: Նրանց համոզմամբ, գոյություն ունեն երկու բնագավառ, որտեղ իմունամոդուլյատորների կիրառումը միշտ արդարացված է. բորբոքային ախտընթացների բուժման դեպքում` հակաբիոտիկների հետ զուգակցված, և ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում` քիմիաթերապիայի կուրսերի ընդմիջումներին: Միևնույն ժամանակ, իմունաբանները դեռ վերջնականապես չեն որոշել` իմունամոդուլյատորների երկարատև օգտագործումը օգտակա՞ր է օրգանիզմի իմունային ռեսուրսների համար: «Մեր իմունային համակարգի վիճակը չի կարելի առանձնացնել սիրտ-անոթային, նյարդային, էնդոկրին համակարգերից: Այդ պատճառով չի հանձնարարվում իմունամոդուլյատորները կանխարգելման, իմունիտետի ամրացման նպատակով օգտագործել, հատկապես` ինքնուրույն: Այն կարող է իր հետևից բերել քրոնիկական հիվանդությունների սրացման շղթայական ռեակցիան»: 

Մանրէ՞, թե՞` վիրուս

Մանրէն կենդանի միկրոօրգանիզմ է, որը կա ամենուր, նաև մարդու օրգանիզմում` բոլոր օրգաններում և համակարգերում (բացի արյունից և ողնուղեղային հեղուկից): Մեր օրգանիզմում «ապաստան» են գտել միլիարդավոր մանրէներ, առանց որոնց մենք պարզապես չէինք ապրի: Երբ դրանց որոշ տեսակների պոպուլյացիան կտրուկ ավելանում է, մենք հիվանդանում ենք, օրինակ, բրոնխիտով, թոքերի բորբոքումով: Մանրէների որոշ տեսակներ կարող են տիֆի, խոլերայի, դիֆթերիայի, տուբերկուլոզի պատճառ դառնալ: Հակաբիոտիկները կամ ոչնչացնում են մանրէները (և՛ վնասակար, և՛ օգտակար), կամ կանգնեցնում են դրանց բազմացումը:

Վիրուսը բազմանում է միայն այն դեպքում, երբ ընկնում է մեր օրգանիզմի բջջի մեջ: Հակաբիոտիկները վիրուսային հիվանդությունների դեպքում (գրիպ, հարբուխ և այլն) անարդյունավետ են: Այդ հիվանդությունները բուժվում են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք լիովին այլ սկզբունքով են պատրաստված (օրինակ, դեղեր, որոնց կազմի մեջ ԴՆԹ-ի մասնիկներ կան, դրանք տեղակայվում են վիրուսի ԴՆԹ-ի մեջ և կանխարգելում են դրա բազմացումը):

Ինչպե՞ս օգնել իմունիտետին

Նախևառաջ հարկ է գիտակցել` մանրէների, վիրուսների, սնկերի հետ շփումից խուսափելու ջանքերն իզուր են: Եթե անվերջ վարակազերծ արվի ամեն ինչ և ամենուր, ապա կոչնչանան նաև օգտակար մանրէները և առողջությանը վնաս կհասցվի:

Մանրէային ֆլորան` աղիքայինն է, մաշկայինը, որոնք մեզ համար կենսական անհրաժեշտություն են: Գոյություն ունի նաև տան յուրահատուկ «բարեկամական» միկրոֆլորա: Եթե սկսենք կուրորեն ոչնչացնել այդ «փոքրիկ կյանքերը», ինչպես ժամանակին անվանում էին մանրէներին, մեր իմունային համակարգը կզրկվի աշխատանքից: Այդ դեպքում մանրէների հարձակումն օրգանիզմի վրա ամբողջ հզորությամբ կլինի. այդպես են առաջանում տարբեր տեսակների ալերգիաները և այլ աուտոիմուն հիվանդությունները:

Պետք է սովորել մանրէների հետ խելամիտ վարվել, հարգել կենդանական աշխարհի միասնականությունը, խուսափել անհարկի հակաբիոտիկների օգտագործումից, նշանակում է` նվազեցնել հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Հարկ է հնարավորին խուսափել գերհոգնածությունից, մշտական սթրեսից, ոչ այնքան առողջ կենսակերպից, շատ ուտելուց, քիչ քնելուց, որոնք  մեր օրգանիզմի հետ կնքած «ուզում եմ առողջ լինել» պայմանագրի հիմնական կետերի խախտումներն են:

 

 

04.04.2018