«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Թունաբանության ծառայություն

 

Սուր թունավորումներ կենտրոնը Հայաստանում միակ մասնագիտացված ստորաբաժանումն է` հիմնված «Արմենիա» ՀԲԿ բազայի վրա, որտեղ իրականացվում են քիմիական սուր թունավորումներով հիվանդների բուժումը։ 2019 թ. փետրվարին կենտրոնը տարանջատվել է վերակենդանացման բաժանմունքից և գործում է ինքնուրույն։

 

Կենտրոնը բաղկացած է երկու բաժանմունքից.

 

1. Սուր թունավորման բաժանմունքը բաղկացած է 12 մահճակալից, որը նախատեսված է քիմիական սուր թունավորումներով հիվանդների բուժման համար։
2. Հիպերբարիկ օքսիգենացիայի բաժանմունքում (ՀԲՕ) թթվածնի բարձր ճնշում ապահովող սարքերի միջոցով իրականացվում են ՀԲՕ սեանսներ` ամբուլատոր-ստացիոնար հիվանդների համար։

 

Սուր թունավորումների իրավիճակներում առաջնահերթ բուժօգնություն ցուցաբերող կենտրոնը եզակի է հանրապետությունում։ Այն սպասարկում է ամբողջ հանրապետության և Արցախի բնակիչներին։ Կենտրոնում աշխատում են հմուտ մասնագետներ, որոնք տիրապետում են արդի բոլոր ախտորոշիչ և թունազերծման մեթոդներին։

 

Անհետաձգելի բուժօգնությունից զատ, կենտրոնի մասնագետներն իրականացնում են նաև տարբերակիչ-ախտորոշիչ խորհրդատվություններ։

 

Հարկ եղած դեպքում սուր և ծանր հիվանդները տեղափոխվում են բուժկենտրոն։ Կենտրոնը սերտ համագործակցում է «Արմենիա» ՀԲԿ մյուս բաժանմունքների հետ` հատկապես ընդհանուր վերակենդանացման, հոգեբուժական, նյարդավիրաբուժական, քիթկոկորդականջաբանության, էնդոկրինոլոգիական։ Հեմոդիալիզի բաժանմունքի հետ համատեղ տարվող աշխատանքը թույլ է տալիս արտամարմնական դետոքսիկացիոն բուժման մեթոդների իրականացումը կլինիկայում` ապահովելով համաշխարհային ստանդարտներով հաստատված բուժօգնություն սուր էկզոգեն թունավորումների ժամանակ։

 

Հիպերբարիկ օքսիգենացիայի բաժնում իրականացվում են սեանսներ <<ՀԲՕ>>բուժմիավորման տարբեր բաժանմունքներից, ինչպիսին են վերակենդանացման բաժանմունքը, օրթոպեդիայից, էնդոկրինոլոգիայից, նաև այլ բուժմիավորումներից ուղեգրված ամբուլատոր հիվանդներին։

 

Իրականացվում են մեծ աշխատանքներ բուժման նոր մեթոդների կիրառման համար,ինչպես նաև ներդրվում են նոր հակաթունային (անտիդոտ) դեղամիջոցներ։ Տարվում են աշխատանքներ գիտական բազայի վերականգնման համար։ Նախատեսվում է ստեղծել  կլինիկական տոքսիկոլոգիայի ամբիոն, որտեղ կիրականացվեն գիտական հետազոտություններ նշված ուղղությամբ` կիրառելով ուսումնամեթոդական դասընթացներ ուսուցման և մասնագետների վերապատրաստման համար։ Նախատեսնվում է նաև ԱԻՆ ծառայության հետ մշակել համատեղ գործողությունների ալգորիթմ մասայական թունավորումների դեպքում, ստեղծել  «Հակաթույների բանկ» արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար: Պլանավորվում է նաև հոգեբուժական ծառայության հետ համատեղ ներդնել և զարգացնել այնպիսի կարևորագույն ուղղություն, ինչպիսին է սուիցիդոլոգիան։

 

Սուր թունավորումների բուժումն ՀՀ քաղաքացիների համար իրականացվում է պետպատվերի շրջանակներում: