Անգիոգրաֆիա
Սիրտ անոթային համակարգի հիվանդություններն աշխարհում մահացության թիվ մեկ պատճառն են: Եթե ԱՄՆ-ում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների պատճառով մահացությունը կազմում է բոլոր մահերի մոտավորապես 34%-ը, ապա Հայաստանում, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կազմում է բոլոր մահերի մոտավորապես 50%- ը:
Սրտի իշեմիկ հիվանդությունը սիրտ-անոթային համակարգի առավել տարածված հիվանդությունն է, որի հիմքում սրտամկանի արյան վատ մատակարարումն է՝ հիմնականում պայմանավորված սրտի պսակաձև զարկերակների աթերոսկլերոզով: Այդ առումով կորոնարոգրաֆիան սիրտը սնուցող անոթների (զարկերակների) հետազոտության ամենաառաջավոր և ճշգրիտ եղանակն է: Այն թույլ է տալիս գնահատել կոլատերալ արյունամատակարարման և զարկերակների նեղացման աստիճանը:
Հետազոտությունը կատարվում է տեղային անզգայացման պայմաններում, միջամտությունը բացարձակապես անցավ է: Որպես մուտք օգտագործվում է կամ ոտքի աճուկային շրջանում ազդրային (ֆեմորալ) զարկերակը և կամ ձեռքի ճաճանչային (ռադիալ) զարկերակը: Այնուհետև զարկերակից հատուկ կաթետերով հասնում են սիրտը սնուցող զարկերակներին, որից հետո կոնտրաստային նյութ է ներարկվում և ռենտգեն հսկողության տակ գնահատում զարկերակների վիճակը: Ներկայում մեծ մասը կատարվում է տրանսռադիալ մուտքով՝ ճաճանչային զարկերակից, ինչն իջեցնում է միջամտությունների բարդությունների տոկոսը և ավելի հարմարավետ է հիվանդների համար, ինչպես նաև կրճատում է հոսպիտալացման ժամկետը:
Այս հետազոտության հիման վրա որոշվում է բուժման հետագա ռազմավարությունը.
- զարկերակների նեղացումները թեթև կամ միջին աստիճանի են և կարիք չունեն ստենտավորման, իրականացվում է դեղորայքային բուժում,
- ստենտավորման կարիք ունեն,
- սրտի բաց վիրահատության անհրաժեշտություն՝ աորտակորոնար շունտավորում (ԱԿՇ):
Ստենտը մետաղական հենք ունեցող ցանցանման կառուցվածքով խողովակ է, որը գտնվում է բալոնի վրա: Այն ուղղորդիչ լարի միջոցով հասցվում է անոթի նեղացած հատվածը, որտեղ, երբ բալոնը մեծ ճնշմամբ փչելու ժամանակ (մինչև 18 մթն) անոթն ընդունում է անհրաժեշտ տրամագիծը, այն հեռացվում է, իսկ ստենտը մնում է անոթի մեջ՝ պահպանելով անոթի լուսանցքը նորմային համարժեք բացված վիճակում:
Ներկայում սրտի իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում ստենտավորումը զբաղեցրել է իր արժանի տեղը: Ո՞ր մեթոդին տալ նախապատվություն, ո՞ր մեթոդն է ցուցված տվյալ հիվանդին (ԱԿՇ, անգիոպլաստիկա, ստենտավորում), դա հնարավոր է որոշել միայն մանրակրկիտ հետազոտությունից հետո: Բուժման ընտրության հիմքում մասնագետների համաձայնեցված կարծիքն է՝ ի շահ հիվանդի առողջացման:
Արմենիա ՀԲԿ-ում գործող անգիոգրաֆիկ ծառայության բաժանմունքը հագեցած է գերմանական վերջին սերնդի՝ Siemens Artis Zee անգիոգրաֆով, որը Հայաստանում եզակի է : Սարքի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում, ո՛չ միայն սրտի , այլև մնացած բոլոր օրգանների անոթների:
Անգիոգրաֆիկ ծառայությունն իրականացնում է.
- սրտի կորոնար զարկերակների անգիոգրաֆիա՝ կորոնարոգրաֆիա,
- կորոնար զարկերակների անգիոպլաստիկա՝ բալոնային դիլատացիա և ստենտավորում,
- սրտի խոռոչների ներանոթային հետազոտություն՝ վենտրիկուլոգրաֆիա և հեմոդինամիկ ցուցանիշների գնահատում,
- աորտայի և նրա ճյուղերի անգիոգրաֆիա,
- քնային զարկերակների և ներուղեղային զարկերակների անգիոգրաֆիա,
- երիկամային զարկերակների անգիոգրաֆիա,
- վերին և ստորին վերջույթների զարկերակների անգիոգրաֆիա:
Ինտերվենցիոն սրտաբանության պատմության մեջ առկա են չորս կարևորագույն և շրջադարձային ժամանակահատվածներ կամ, կարելի ասել՝ հեղափոխություններ: Առաջին հիմնական հեղափոխությունը դա բալոնային անգիոպլաստիկան էր, որն իրականացվեց 16.09.1977 թ. գերմանացի սրտաբան Անդրեաս Գրունցիգի կողմից: Երկրորդը ստենտի կիրառումն էր 1988 թ. (ոչ դեղապատ ստենտներ Bare metal stents (BMS)): Երրորդը՝ դեղապատ ստենտերի մուտքն էր 2001 թ. (Drug eluting stents (DES)), իսկ չորրորդն (Bioresorbable vascular scaffolds (BVS)) ինքնալույծ ստենտների մուտքն էր բուժման գործընթաց: