Անոթային վիրաբուժության կենտրոն
«Արմենիա» ՀԲԿ Անոթային վիրաբուժության կենտրոնը հիմնադրվել է 80-ական թվակաների սկզբին: Սկզբնական շրջանում այն գործել է ընդհանուր վիրաբուժական բաժանմունքում, իսկ 1986թ. պրոֆ. Գ.Գ. Գրիգորյանի կողմից հիմնադրվեց անոթային վիրաբուժության կենտրոնը որպես Հանրապետական կլինիկական հիվանդանոցի առանձին բաժանմուք: Ստեղծման օրվանից առ այսօր կենտրոնը հանրապետության անոթային առաջատար բաժանմունքներից է, որտեղ բուժվել և բուժվում են հազարավոր հիվանդներ: Ժամանակին զուգընթաց՝ կենտրոնում ներդրվել և հաջողությամբ շարունակվում են կիրառվել տարբեր բարդության անոթային վիրահատություններ:
2003 թվականից կենտրոնում զուգահեռ գործում է նաև միկրո-պլաստիկ վիրաբուժության ծառայությունը: Այն համալրված է պլաստիկ-վերականգնողական, էսթետիկ և միկրովիրաբուժական բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, վիրաբուժական գործիքներով և բարձրակարգ մասնագետներով:
2015 թվականից ներդրվեց նաև ներանոթային (ինվազիվ) վիրաբուժական ծառայությունը: Կենտրոնի բարձր մասնագիտական մակարդակը թույլ է տալիս ներդնել և կլինիկական պրակտիկայում կիրառել անոթային հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդները:
Կենտրոնի վիրաբուժները վերապատրաստվել են Ռուսաստանի վիրաբուժության գիտական կենտրոնում և այլ առաջատար անոթային բաժանմուքներում, մասնակցում են միջազգային տարբեր համաժողովների: Փորձառու բուժքույրերի թիմն ապահովում է անհրաժեշտ հետվիրահատական միջոցառումերը և հիվանդների խնամքը:
Անոթային վիրաբուժության կենտրոնն իրականացնում է շուրջօրյա անոթային և միկրովիրաբուժական օգնություն:
Անոթային վիրաբուժության կենտրոնում իրականացվում են հետևյալ վիրահատությունները.
Անոթային վիրահատություններ.
- աորտայի և մագիստրալ (նաև պարանոցային) զարկերակների վերականգնողական և վերակառուցողական վիրահատություններ (պրոթեզավորում և շունթավորում),
- գոտկային և կրծքային սիմպատէկտոմիա,
- թրոմբէմբոլէկտոմիա և էնդարտերէկտոմիա,
- ծայրամասային երակային հունի զարկերակայնացում (արտերիալիզացիա)՝ վերջույթների կրիտիկական թերսնուցման դեպքում,
- անոթային բնածին արատների շտկում,
- զարկերակ-երակային խուղակների ստեղծում (աուտովենայով և անոթային պրոթեզով),
- պերիֆերիկ զարկերակների ներանոթային անգիոպլաստիկա` բալոնային դիլատացիա և ստենտավորում,
- ստորին սիներակում «կավա -ֆիլտրի» տեղադրում,
- երակային վիահատություններ (ֆլեբէկտոմիա և անոթային պրոթեզներով երակների վերակառուցում),
- սկլերոթերապիա:
Միկրո- և պլաստիկ վիրահատություններ և ոչ վիրահատական միջամտություններ.
- դեմքի պլաստիկ և էսթետիկ վիրահատություններ` դեմքի ձգում, շրթունքների կոռեկցիա (մեծացում, փոքրացում և այլն), բլեֆարոպլաստիկա,
- ռինոպլաստիկա, սեպտոպլաստիկա, ականջախեցու պլաստիկա,
- մազերի տրանսպլանտացիա ուռուցքների հեռացումից հետո և հետվնասվածքային վիճակների շտկում,
- կրծքագեղձի վիրահատություն` ձգում, ծավալի մեծացում (իմպլանտներով և առանց), փոքրացում,
- աբդոմինոպլաստիկա,
- լիպոսակցիա,
- վերջույթների վիրահատություն` տարբեր ծագման վնասվածքների դեպքում (ջլերի, նյարդերի, անոթների վնասվածքների դեպքում վիրահատություններ),
- միկրո- և պլաստիկ համատեղ վիրահատություններ (անոթային, ուրոլոգիական, դիմածնոտային, վնասվածքաբանական, հետայրվածքային և այլն),
- պիլինգ (կնճիռների հարթեցում, ակնեի և նրանցից գոյացած ակոսների, ստրիաների վերացում), շրթունքների կոռեկցիա ֆիլերների միջոցով, բոտոքսի կիրառում (կնճիռների և հիպերհիդրոզի ժամանակ ), մեզոթերապիա: