Ընդհանուր վիրաբուժական կլինիկա
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան գործում է 1970թվականից, բազա է Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի համար: Կլինիկայում գործում են ընդհանուր վիրաբուժության երկու վիրաբուժական բաժանմունքներ: Կատարվում են տարեկան մինչև 2000 պլանային և անհետաձգելի վիրահատական միջամտություններ, բարձրակարգ բուժսպասարկում են ապահովում անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայությունները:
Հայաստանում առաջին անգամ մեր կլինիկայում է կատարվել պորտոկավալ բերանակցման ձևավորում պորտալ հիպերտենզիայի բուժման նպատակով (պրոֆ. Վ.Թ. Ափոյան, 1992թ.), ուռուցքի կապակցությամբ կերակրափողի հեռացում և պլաստիկա ստամոքսով (պրոֆ. Վ.Թ. Ափոյան, 1995թ.), ներդրվել է հակահելմինթային դեղորայքային բուժումը էխինոկոկոզի բուժման և կանխարգելման նպատակով (պրոֆ. Վ.Թ. Ափոյան,1997թ.):
2001թ. կլինիկայում ներդրվել է լապարոսկոպիկ վիրաբուժությունը (պրոֆ. Ս.Ս. Հովհաննիսյան, Դ.Ա. Սարգսյան, Ս.Ս. Հովհաննիսյան): Մեր վիրաբուժական ծառայությունում են առաջինը Հայաստանում կատարվել աշխատանքներ կպումային սուր բարակաղիքային անանցանելիության (դոց. Ս.Ա. Ստեփանյան, 2009թ.), 12-մատնյա աղու պերֆորատիվ խոցի (դոց. Ս.Ա. Ստեփանյան, 2010թ.) լապարոսկոպիկ վիրահատությունների ուղղությամբ: Հայաստանում առաջին անգամ մեզ մոտ է կատարվել աճուկային ճողվածքների էնդոսկոպիկ էքստրապերիտոնեալ պլաստիկա ինքնաֆիքսվող ցանցերով (դոց. Ս.Ա. Ստեփանյան, 2014թ.):
Վիրաբուժական կլինիկան համագործակցում է Գերմանիայի, Ավստրիայի, Ռուսաստանի Դաշնության առաջավոր բժշկական կենտրոնների հետ: Այդ կենտրոններում վերապատրաստված վիրաբույժները կատարում են բազմապրոֆիլ բաց և լապարոսկոպիկ վիրահատություններ լեղաքարային հիվանդության, ճողվածքների տարբեր տեսակների, էխինոկոկոզի, ստամոքսաղիքային տրակտի տարբեր տեղակայման ուռուցքների և նրանց բարդությունների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, վահանագեղձի, հարվահանագեղձերի, մակերիկամների հիվանդությունների կապակցությամբ:
Հայաստանում առաջին անգամ մեր կլինիկայում է ներդրվել կերակրափողի և ստամոքսի 24-ժամյա pH-մոնիտորինգ և իմպեդանսոմետրիա, որն անհրաժեշտ հետազոտություն է կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ախտորոշման և բուժման համար:
Մեզ մոտ կարելի է որակյալ էնդոսկոպիկ և վիրահատական բուժօգնություն ստանալ կերակրափողի տարբեր ախտահարումների դեպքերում:
Վիրաբուժական բաժանմունքներում կատարվում են ընդհանուր վիրաբուժական, կրծքային և որովայնային լայն սպեկտրի միջամտություններ.
- կերակրափողի էնդոսկոպիկ ստենտավորում ուռուցքների, նեղացումների դեպքում,
- կերակրափողի պլաստիկա ստամոքսով, հաստ աղիքով՝ ուռուցքների կապակցությամբ, էքստիրպացիայից հետո,
- կերակրափողի դիվերտիկուլների հեռացում,
- կերակրափողի բուժավորում, պլաստիկա հաստ աղիքով՝ հետայրվածքային և այլ նեղացումների կապակցությամբ,
- Կերակրափողի ախալազիայի կապակցությամբ` կարդիոդիլատացիա,
- ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության կապակցությամբ կիրառվում են ֆունդոպլիկացիայի, ցանցով պլաստիկայի բաց և լապարասկոպիկ մեթոդներ,
- պորտալ հիպերտենզիայի ժամանակ կերակրափողի և կարդիայի վարիկոզ լայնացած երակներից արյունահոսության դեպքում կատարվում են էնդոսկոպիկ լիգավորում և սկլերոթերապիա,
- թոքերի ուռուցքների, էխինոկոկոզի, բուլյոզ հիվանդության, սնկային ախտահարումների կապակցությամբ վիրահատություններ,
- միջնորմի ուռուցքների, բշտերի կապակցությամբ վիրահատություններ,
- կրծքագեղձի ուռուցքների, դիսհորմոնալ հիվանդությունների, մաստիտների կապակցությամբ վիրահատություններ,
- ստամոքսի ուռուցքների, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության կապակցությամբ վիրահատություններ,
- ստամոքսի և 12-մատնյա աղու խոցերից արյունահոսության դեպքում կատարվում է էնդոսկոպիկ դադարեցում,
- ստամոքսի և 12-մատնյա աղու խոցերի պերֆորացիաների կապակցությամբ՝ բաց և լապարասկոպիկ վիրահատություններ,
- ստամոքսի պոլիպների էնդոսկոպիկ հեռացում,
- ենթաստամոքսային գեղձի ուռուցքների և կիստաների կապակցությամբ վիրահատություններ,
- բարակ և հաստ աղիների հիվանդությունների դեպքում վիրահատություններ,
- վիրահատություններ հաստ աղու, ուղիղ աղու քաղցկեղի ժամանակ,
- հաստ աղու պոլիպների էնդոսկոպիկ հեռացում,
- լապարոսկոպիկ և բաց վիրահատություններ են կատարվում լեղաքարային հիվանդության տարբեր արտահայտությունների (սուր, քրոնիկ քարային խոլեցիստիտներ, խոլեդոխոլիթիազ) դեպքում,
- լեղուղիների ուռուցքների, տարբեր պատճառականության մեխանիկական դեղնուկների կապակցությամբ վիրահատություններ,
- էնդոսկոպիկ պապիլոսֆինկտերոտոմիա և լեղածորաններից քարերի հեռացում,
- էխինոկոկոզի տարբեր տեղակայումների (լյարդի, թոքերի, փայծաղի և այլ) կապակցությամբ վիրահատություններ և հատուկ դեղորայքային բուժում էխինոկոկոզի կրկնությունը կանխելու նպատակով,
- պրոկտոլոգիական միջամտություններ թութքի, հետանցքի ճաքի, պարապրոկտիտների, պոչուկի էպիթելային ուղիների կապակցությամբ,
- սինթետիկ ցանցերով պլաստիկաներ տարբեր տեղակայման ճողվածքների դեպքում,
- աճուկային ճողվածքների լապարոսկոպիկ վիրահատություն (TEP մեթոդով) ֆրանսիական արտադրության ինքնաֆիքսվող ցանցերով,
- լապարոսկոպիկ և բաց ապենդէկտոմիա,
- վահանագեղձի (հանգուցավոր խպիպ, դիֆուզ տոքսիկ խպիպ), հարվահանագեղձերի (ադենոմաներ, հիպերպարաթիրեոզ) վիրահատություններ,
- մակերիկամների հիվանդությունների` հիպերպլազիաների, կիստաների, ուռուցքների դեպքում վիրահատություններ,
- Ճարպակալման դեպքում ներստամոքսային բալոնի տեղադրում, ճարպամաշկային գոգնոցի հեռացում,
- աղիքային անանցանելիության դեպքում լապարոսկոպիկ և բաց վիրահատություններ,
- որովայնի խոռոչի թարախակույտերի, կիստաների միջմաշկային դրենավորում ՈՒՁՀ և համակարգչային տոմոգրաֆիայի հսկողութան տակ,
- շաքարային դիաբետի վիրաբուժական բարդությունների, դիաբետիկ ոտնաթաթի բուժում:
Կլինիկայում գործում է օպերատիվ գինեկոլոգիայի ծառայություն:
Մեծ թիվ են կազմում սիմուլտանտ միջամտությունները, երբ մեկ վիրահատության ընթացքում կատարվում են միջամտություններ տարբեր օրգանների վրա:
Բանիմաց և բարեխիղճ բուժանձնակազմն ապահովում է որակյալ ախտորոշում և բուժում: