«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Ձվարանի պապիլյար ցիստադենոմայի բարձիթողի դեպքի բարեհաջող ելք. Արմենուհի Ավետյան

Ձվարանի պապիլյար ցիստադենոմայի բարձիթողի դեպքի բարեհաջող ելք. Արմենուհի Ավետյան

Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա։

 

Կինը մոտավորապես մեկ տարի ունեցել է որովայնի ցավեր, ծանրության զգացողություն և այդ կապակցությամբ այցելել է տարբեր կենտրոններ, ուղղորդվել է լաբորատոր հետազոտությունների. ախտորոշվել է ձվարանի գոյացություն (կիստա): Սակայն բուժառուն անուշադրության է մատնել գանգատները, հավանաբար այն պատճառով, որ  մասնագետների կողմից ճիշտ չի ներկայացվել հիվանդության բարդության աստիճանը:

 

Կինը որովայնի սուր ցավերով դիմել է ընդունարան, ընդհուպ ախտորոշվել է ձվարանի մեծ կիստոմա՝ սնուցման մասնակի խանգարումով։ Ելնելով գոյացության չափերից, արտահայտված ցավերից, մասնագետների կոնսեսուսի արդյունքում  որոշում է կայացվել անմիջապես վիրահատական միջամտություն իրականացնել՝  առանց նախնական հետազոտությունների՝ հաշվի առնելով դեպքի հրատապությունը։

 

Վիրահատության ժամանակ գրեթե 5 լիտրանոց պարկ հիշեցնող ուռուցքի բնույթը տեսքով արդեն նման չէր կիստայի, այլ ձվարանի պապիլյար ցիստադենոմայի էր նման, որն 90 տոկոս դեպքերում  ունենում է չարորակ բնույթ:  Քանի որ վիրահատությունը պլանային չէր, և չէինք  կարող նախապես հետազոտություններով մանրամասն հստակեցնել ախտորոշումը, պետք էր հնարավորին արագ և ճիշտ կողմնորոշվել վիրահատական ծավալի հարցում: Ուռուցքի արտաքին մորֆոլոգիական փոփոխություններն արդեն հուշում էին, որ հետազոտման ժամանակ չարորակացման գործընթաց հայտնաբերվելու հավանականությունը մեծ է։  Այդ պատճառով որոշվեց կատարել ծավալուն օնկոլոգիական միջամտություն. հեռացվեց ամբողջ արգանդը` հավելումներով և, միաժամանակ, իրականացվեց մեծ ճարպոնի ռեզեկցիա` լիմֆոդիսեկցիայով: Վիրահատությունը տևել է 4 ժամ։

 

Վիրահատությունից հետո՝ 5-6 օր անց, հյուսվածաբանական հետազոտության արդյունքում հաստատվեց ձվարանի պապիլյար կարցինոմա ախտորոշումը: Փաստորեն, առաջնորդվելով ընդամենը արտաքին մորֆոլոգիական փոփոխություններով, վիրահատության ծավալի վերաբերյալ ընդունած որոշումը միանգամայն ճիշտ էր:

 

Աշխատանքը թիմային էր: Այդպիսի բարդ վիրահատության վճիռ ընդունելու մեջ մեծ էր ուռուցքաբան Գագիկ Համբարձումյանի դերը:

 

Հիվանդանոցում մասնագիտական ուռուցքաբանական թիմի առկայությունը հնարավորություն է տալիս համարձակ  որոշումներ կայացնել նմանատիպ ծավալուն և բազմապրոֆիլ վիրահատական միջամտությունների ժամանակ, ինչը վստահություն է ներշնչում բուժառուներին։

 

Ներկայում, երբ տեղեկատվությունը  հասանելի է բոլորին, պոլիկլինիկաներում խորհրդատվությունն անվճար է, ժամանակին հնարավոր է հայտնաբերել բոլոր խնդիրները, զարմանալի է նման ռիսկային վիճակների առկայությունը:

 

Վերոնշյալ վիրահատությունն իրականացվել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման պայմաններում (պետպատվերով)։ Փաստորեն, ֆինանսական խնդիր ուշացման համար չի եղել, բժշկին դիմելու ուշացումների պատճառն անփութությունն ու տեղեկատվության պակասն են, ինչը, ցավոք, կանանց անտարբերության հետևանք է:

 

Թերևս, կանանց համար խորհուրդների շարքում կառանձնացնեմ երկուսը։

 

Առաջինը. ամենաանմեղ թվացող կիստան, անգամ ոսպի հատիկի չափ ունեցող միոման արդեն ուշադրության կենտրոնում պետք է լինեն։ Անհնար է նախապես իմանալ կամ կանխատեսել, թե դրանք ինչ ընթացք կունենան: Եթե հայտնաբերվում է որևէ խնդիր, առնվազն տարին  մեկ անգամ պետք էիրականացվի ՈՒՁՀ, իսկ անգամ չնչին աճի դեպքում դիմել ավելի լուրջ հետազոտությունների, այլապես հետագայում դրանց հետևանքները կարող են լինել անդառնալի։

 

Երկրորդը. հորդորում եմ, որ կանայք ավելի հետաքրքրված լինեն սեփական առողջությամբ։ Այսօր բոլորն օգտվում են սոցիալական կայքերից, որտեղ տեղեկատվության պակաս չկա։ Սա, իհարկե պետք է չբերի մյուս ծայրահեղությանը, որ կանայք բժիշկներին փոխարինեն արհեստական բանականությամբ կամ ինքնաբուժությամբ, թեև գրագիտությունը և տեղեկատվությունը երբեք շատ չեն և, սովորաբար, խթանում են զգոնության մակարդակի բարձրացմանն ու հետևողականությանը։

24.05.2023