Լուրեր
Հազվադեպ հանդիպող կլինիկական դեպք նյարդաբանի պրակտիկայում. Ազնար Այդինյան

Նեյրոբորելյոզ կամ Լայմի հիվանդություն
«Արմենիա» ՀԲԿ էր դիմել մարզում բնակվող 40 տարեկան տղամարդ` հետևյալ գանգատներով. ընդհանուր թուլություն, դեմքի ձախ կեսի ասիմետրիա (ձախ աչքը փակելու անկարողություն, բերանի ձախ անկյան թեքվածություն), գլխացավ, անքնություն, գերզգայունություն, ձախ ստորին վերջույթի ճառագայթող, շշող բնույթի սաստիկ ցավ, կաղություն` ոտքի ցավի ու թուլության պատճառով:
Նախքան մեր կլինիկա դիմելը տղամարդը հետազոտվել էր, ստացել էր բուժում, այդ թվում` ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ, որոնք այնքան էլ արդյունավետ չէին:
Բուժառուի կողմից տրամադրվել են նախկինում իրականացված գլխուղեղի և ողնաշարի գոտկա-սրբանային հատվածի 1,5 T ՄՌՏ հետազոտությունների արդյունքները: Ըստ մասնագետի` գլխուղեղում օջախային փոփոխություններ չկային, իսկ ողնաշարի գոտկա-սրբանային հատվածում առկա էին բազմամակարդակ պրոտրուզիաներ, որոնք, բնականաբար, չէին կարող հանգեցնել նման կլինիկայի:
Ուստի անհրաժեշտ էր փնտրել այլ պատճառ:
Նեյրոֆիզիոլոգ Աննա Չախոյանի կողմից իրականացվեց բուժառուի դեմքի ձախ կեսի և ձախ ստորին վերջույթի Էլեկտրանեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ), որի արդյունքում հայտնաբերվեց ձախ դիմային նյարդի, ձախ ոլոքային ու ձախ նրբոլոքային նյարդերի լոկալ դեմիելինիզացնող ախտահարում:
Մանրամասն հավաքված անամնեզից պարզ դարձավ, որ 3 տարի առաջ բուժառուի մոտ տիզ են հայտնաբերել, ինչը ևս հուշեց Լայմի հիվանդության մասին. առկա էին ռադիկուլոպաթիա, կրանիալ նեյրոպաթիա (ավելի հստակ` ձախ դիմային նյարդի): Վերոնշյալ տվյալների համաձայն` ենթադրվում էր Բաննվարտի համախտանիշ, սակայն առանց մենինգիտի առկայության:
Անհրաժեշտ կլինիկալաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց նեյրոբորելյոզ, և մշակվեց արդեն սպեցիֆիկ հետազոտման և բուժման պլան:
Բուժումը կազմակերպվել է տեղամասային վարակաբանի հետ համատեղ` սպեցիֆիկ էթիոլոգիական և նյարդաբանական ուղղվածությամբ:
Արդյունքում վերականգնվեցին նյարդաբանական խանգարումները, իսկ ընդհանուր ինքնազգացողությունը բավարար է:
Բուժառուի հսկողությունը շարունակվում է առայսօր: