«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Բացառիկ վիրահատություն Արմենիա ՀԲԿ–ում՝ ենթաստամոքսային գեղձի հազվադեպ հանդիպող ուռուցքի (ինսուլինոմա) կապակցությամբ

Բացառիկ վիրահատություն Արմենիա ՀԲԿ–ում՝ ենթաստամոքսային գեղձի հազվադեպ հանդիպող ուռուցքի (ինսուլինոմա) կապակցությամբ

2023 թ. հունվարին «Արմենիա» ՀԲԿ էնդոկրինոլոգիական բաժանմունքի ղեկավար, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ Լուսինե Մամիկոնյանին դիմել է 23 տարեկան աղջիկ: Նա նախկինում բուժվել է Ռուսաստանում, ապա Հայաստանի տարբեր կլինիկաներում, սակայն վերջնական ճշտված ախտորոշում այդպես էլ չի գրանցվել:

 

Երիտասարդ աղջիկը գանգատվում էր թուլությունից, քրտնարտադրությունից, քաշի ավելացումից (30 կգ)՝ հորմոնալ բուժում ստանալու արդյունքում։ Առկա էր  ադինամիա, ապաթիա, ունենում էր  ցնցումներ, ճնշման տատանում: Բժշկուհու հետ ունեցած զրույցի ընթացքում ծնողները տագնապած էին: Աղջկա վիճակը բավականին ծանր էր, առկա էր հիպոգլիկեմիկ համախտանիշ՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակն իջնում էր մինչև 1,8-2,8մմ/լ,  հաճախակի ունենում էր գիտակցության կորուստ, ցնցումներ, ճնշման անկում և այլն: Հիվանդության ախտանիշներն ի հայտ էին եկել մեկ ու կես տարի առաջ։ Բազմիցս հետազոտվել և կոնսերվատիվ բուժում էր ստացել Ռուսաստանի և Հայաստանի տարբեր  կլինիկաներում, սակայն բուժառուի վիճակը մնում էր անհասկանալի և բարդ:

 

Լ. Մամիկոնյանը, ենթադրելով ինսուլինոմայի առկայության մասին, դիմում է գործընկերոջը` «Արմենիա» ԲԿ վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., վիրաբույժ-ուռուցքաբան Գագիկ Համբարձումյանին, ով, տեղեկանալով հիվանդի գանգատներին և հետազոտությունների տվյալներին (ՀՏ, ՄՌՏ), կիսում է կարծիքը: Ախտորոշումը ճշտելու համար կատարվում է պոզիտրոն էմիսիոն սքանավորում, որի արդյունքում հաստատվում է ենթաստամոքսային գեղձի պոչի գոյացություն (ինսուլինոմա) ախտորոշումը: Կատարված հյուսվածաբանական հետազոտությունը նույնպես հաստատել է ախտորոշումը:

 

Բուժառուն տեղափոխվում է վիրաբուժական բաժանմունք, որտեղ լապարոսկոպիկ եղանակով հեռացում է ինսուլինոման (1.5 սմ):
Վիրահատությունը կատարվել է վիրաբույժների փորձառու թիմի կողմից (վիրաբույժ-ուռուցքաբաններ Գագիկ Համբարձումյան, Վահագն Համբարձումյան, վիրաբույժներ՝  Գևորգ Դանիելյան, Շահեն Բադալյան):

 

 

 

Վիրահատությունը տևել է մոտավորապես 3,5-4 ժամ։ Վիրաբույժների բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում պահպանվել է գեղձի մարմնի զգալի մասը և փայծաղը։ Օրգանապահպան մասնահատումը կանխարգելել է վիրահատության այնպիսի  բարդության զարգացումը, ինչպիսին է շաքարային դիաբետը:

 

Էնդոկրինոլոգների հետ համագործակցության արդյունքում հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների։ Արյան մեջ գլյուկոզայի քանակի ամենօրյա վերահսկողությունը ցույց է տվել, որ գեղձի առողջ հատվածը ապահովում է գլյուկոզայի նորմալ մակարդակը: Բուժառուի մոտ շաքարային դիաբետ չզարգացավ:

 

Բուժառուն հետվիրահատական շրջանում «Արմենիա»  ՀԲԿ-ում անցկացրեց 10 օր և դուրս գրվեց բավարար վիճակում:

 

Ինսուլինոման չափազանց հազվադեպ հանդիպող նորագոյացություն է՝ 1 միլիոն  բնակչության մեջ գրանցվում է ընդամենը 4-դեպք: Մեր պրակտիկայում դա առաջին դեպքն էր:

 

Վիրահատության հաջողությունը լապարոսկոպիկ եղանակով ուռուցքի հեռացնելն էր՝ առանց փայծաղի հեռացման:

 

 

 

 

10.03.2023