«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

«Արմենիա» ՀԲԿ-ի և Ն.Ն.Բուրդենկոյի անվ. նյարդավիրաբուժության ինստիտուտի մասնագետների համատեղ ջանքերով իրականացվել է գլխուղեղի զարկերակային անևրիզմայի կլիպավորման բարդ վիրահատություն

«Արմենիա» ՀԲԿ-ի և Ն.Ն.Բուրդենկոյի անվ. նյարդավիրաբուժության ինստիտուտի մասնագետների համատեղ ջանքերով իրականացվել է գլխուղեղի զարկերակային անևրիզմայի կլիպավորման բարդ վիրահատություն

Փետրվարի 3-ին «Արմենիա» ՀԲԿ-ում Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի և տեղի մասնագետների միացյալ թիմի ջանքերով հաջողությամբ իրականացվեց գլխուղեղի մեծ չափերի անևրիզմայի կլիպավորման բարդ վիրահատություն:

 

Այս համագործակցությունը կարևոր է մեր և արտերկրի մասնագետների միջև փորձի փոխանակման, Հայաստանում նյարդավիրաբուժական վիրահատությունները նոր մակարդակի բարձրացնելու, միջազգային փորձի ներդրման, ավելի լավ հետվիրահատական արդյունքներ գրանցելու համար։ Սա բուժառուներին հնարավորություն է տալիս նման խնդիրների դեպքում որակյալ բուժօգնություն ստանալ արդեն Հայաստանում:

 

Համագործակցությունը լինելու է շարունակական և նպաստելու է մեր երկրում նյարդավիրաբուժության ոլորտում աշխարհի փորձի ներդրմանը, նորագույն վիրաբուժական եղանակների կիրառմանը, տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ նյարդավիրաբուժական եղանակների արդիականացմանը։

 

Իրականացված վիրահատության մասին զրուցեցինք նյարդավիրաբույժ, Արմենիա ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Ծերունի Հովհաննիսյանի հետ:

 

Այսօր իրականացված վիրահատությունը թիմային աշխատանքի արդյունք էր, որին մասնակցում էին մեր մասնագետները և Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի անոթային բաժանմունքի առաջատար մասնագետները:

 

Բուժառուն «Արմենիա» բժշկական կենտրոն էր դիմել գլխուղեղի առաջային կապակցող զարկերակի մեծ չափերի, պարկաձև, դեֆորմացված, օրեր առաջ պատռված անևրիզմայի կապակցությամբ: Մինչև այդ նա արդեն դիմել էր տարբեր բժշկական կենտրոններ, որտեղ, սակայն, հրաժարվել էին վիրաբուժական միջամտություն իրականացնել։

 

Տվյալ դեպքում խիստ բարձր է անևրիզմայի կրկնակի պատռման վտանգը, ինչը մեծ հավանականությամբ կարող էր հանգեցնել անցանկալի ելքի։ Այլ կերպ ասած, դա «ռումբ էր» գլխում, որը կարող էր «պայթել» ամեն վայրկյան։

 

Քանի որ մեր բաժանմունքը համագործակցում է Մոսկվայի Բուրդենկոյի անվ. նյարդավիրաբուժության ինստիտուտի հետ, ձեռք բերվեց պայմանավորվածություն` բարձր ռիսկայնությամբ այս վիրահատությունը` անևրիզմայի կլիպավորումը, նրանց մասնակցությամբ իրականացնել Հայաստանում: Նման թիմային աշխատանքը նաև հիանալի փորձի փոխանակում էր Բուրդենկոյի անվ. նյարդավիրաբուժության ինստիտուտի և «Արմենիա» ՀԲԿ նյարդավիրաբույժների, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների միջև: Այն կլինի շարունակական, որը կխթանի բազմապրոֆիլ նյարդավիրաբուժական ծառայության զարգացումը` հատկապես փակ և բաց անոթային նյարդավիրաբուժութան ոլորտում։ Բաժանմունքում արդեն իրականացվում է գլխուղեղի անոթային հիվանդությունների ներանոթային (էնդովասկուլյար) բուժում։ Այսպիսով, յուրաքանչյուր բուժառուի համար ընտրվում է լավագույն բուժման եղանակը` բաց կամ փակ։

 

 

Զրուցեցինք նաև Բուրդենկոյի անվ. նյարդավիրաբուժության ինստիտուտի էնդովասկյուրալ վիրաբույժ Գևորգ Հովսեփյանի հետ, ով այս պահին համատեղության կարգով աշխատում է նաև «Արմենիա» ՀԲԿ-ում։

 

Բուժառուի մոտ ախտորոշվել էր բարդ և կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն` գլխուղեղի զարկերակային անևրիզմա: Այս հիվանդության մասին մարդիկ հիմնականում իմանում են անևրիզմայի պատռումից հետո, երբ զարգանում է գլխուղեղի հեմոռագիկ կաթված (ինսուլտ)։ Անևրիզմայի պատռումն ունի շատ բարձր մահացություն, չբուժվելու դեպքում կարող է պատռվել երկրորդ անգամ, որի դեպքում անցանկալի հետևանքը գրեթե անխուսափելի է։ Հայաստանում այս հիվանդության տարածվածությունը կազմում 10-12` 100,000 բնակչության թվով։

 

Բուրդենկոյի անվ. նյարդավիրաբուժության ինստիտուտի էնդովասկուլյար և միկրոանոթային վիրաբուժական բաժանմունքների, «Արմենիա» ՀԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքի բժիշկների համատեղ կոնսիլիումի արդյունքում որոշվեց ներկայացվող դեպքում կատարել բաց վիրահատություն` անևրիզմայի կլիպավորում։

 

Թիմում ներգրավվեցին Բուրդենկոյի ինստիտուտից՝ էնդովասկուլյար նյարդավիրաբույժ (կարիքի դեպքում համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար), բաց անոթային նյարդավիրաբույժ Անտոն Նիկոլաևիչ Կոնովալովը, անեսթեզիոլոգ-նեյրոռեանիմատոլոգ Անտոն Անդրեևիչ Պաշինը, «Արմենիա» ՀԲԿ նյարդավիրաբուժական, անէսթեզիոլոգիական և վերակենդանացման բաժանմունքների մասնագետները:

 

Վիրահատությունը և աշխատանքի ամբողջական կազմակերպումն իրականացվել է «Արմենիա» ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Ծերունի Նորիկի Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

 

Ապագայում շարունակվելու է այս համագործակցությունը նաև նեյրոօնկոլոգիայի (ուռուցքաբանության), էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության, նեյրոնավիգացիոն և  նեյրովիրաբուժական վիրահատությունների նորագույն տեխնոլոգիաների ներդրման ասպարեզում, կատարվելու են այնպիսի բարդ վիրահատություններ, որոնց համար մեր քաղաքացիները ստիպված են լինում մեկնել արտերկիր և մեծ գումարներ ծախսել։

 

Ներկա դրությամբ մեր համագործակցության շնորհիվ տվյալ բուժառուն արտասահման մեկնելու փոխարեն հնարավորություն ստացավ իր հայրենի երկրում բարձրակարգ անոթային վիրաբույժների, նեյրոռեանիմատոլոգների, նեյրոանեսթեզիոլոգների համատեղ աշխատանքի շնորհիվ ստանալ բարձրորակ բուժօգնություն:

 

Ի դեպ, վիրահատությունը կատարվել է պետական պատվերի շրջանակում, ինչն անհնար էր պատկերացնել արտերկիր մեկնելու դեպքում։

 

«Արմենիա» ՀԲԿ-ում ներդրված ժամանակակից սարքերը հեշտացնում են հիվանդությունների ախտորոշումը և նյարդավիրաբուժական միջամտությունների իրականացումը` միջազգային չափանիշներին համապատասխան։ Բժշկական կենտրոնում ստեղծվում են նեյրոռեանիմացիոն և նեյրոանեսթեզիոլոգիական ծառայություններ, որոնք, իրենց յուրահատկություններով հանդերձ, կապահովեն յուրահատուկ մոտեցում նյարդավիրաբուժական հիվանդներին և խիստ կբարձրացնեն հետվիրահատական բարենպաստ ելքերի հարաբերակցությունը։

 

Համատեղ թիմային աշխատանքը ժամանակակից ու բարդ նյարդավիրաբուժական միջամտությունների ներդրման երաշխիքն է:


03.02.2023