Լուրեր
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների, կենցաղային և աշխատանքային վնասվածքների, ռազմական գործողությունների և այլն:
Ըստ ծանրության` տարբերում են թեթև, միջին և ծանր գանգուղեղային վնասվածքներ:
Թեթև ԳՈՒՎ-ին պատկանում են գլխուղեղի ցնցումը և գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդը, միջին աստիճանին՝ գլխուղեղի միջին աստիճանի սալջարդը, ծանր ԳՈՒՎ-ին՝ գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդը և դիֆուզ աքսոնալ ախտահարումը:
Միջին և ծանր ԳՈՒՎ-երը հաճախակի բարդանում են գանգի ոսկրերի կոտրվածքներով, ներգանգային արյունազեղումներով, գլխուղեղի այտուցով, պնևմոցեֆալիայով և այլն:
Տարբերում են նաև համակցված կամ կոմբինացված գանգուղեղային վնասվածքներ:
Գանգուղեղային վնասվածքների ախտորոշումը:
Հիվանդանոցային պայմաններում ԳՈՒՎ-ով հիվանդներին կատարվում են ուղեցույցային հետազոտություններ. ԿՏ, գանգոսկրերի ռենտգենոգրաֆիա, հարկ եղած դեպքում նաև՝ ՄՌՏ, դուպլեքս, անգիոգրաֆիկ հետազոտություններ և այլն:
Ինչպե՞ս են արտահայտվում գանգուղեղային վնասվածքները:
Գլխուղեղի ցնցման ժամանակ դիտվում են՝ գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, հիշողության, գիտակցության ժամանակավոր կորուստ:
Սալջարդի ժամանակ կարող է լինել նաև օջախային համախտանիշ:
Նյարդավիրաբուժության մեջ կա լուսավոր շրջան՝ համր գոտիներ արտահայտությունը, երբ խնդիրն առկա է, սակայն չի արտահայտվում կամ ավելի ուշ է ի հայտ գալիս: Հիվանդն ընդունվում է առանց լուրջ ախտանշանների, սակայն 2-3 օր անց դիտվում է կտրուկ վատացում:
Այդ պատճառով շատ մեծ դեր ունեն հետազոտման մեթոդները /ԿՏ և այլն/, որոնք ցույց են տալիս վիճակի իրական պատկերը, որից էլ հնարավոր է լինում ճիշտ կողմնորոշվել հետագա քայլերի, բուժման վիրահատական կամ կոնսերվատիվ տակտիկա վարելու մեջ:
Ծանր ուղեղի սալջարդով, բարդացած կոնտուզիոն հեմոռագիկ օջախներով և արյունազեղումներով, սակայն չվիրահատված հիվանդներին պահանջվում է երկարատև ինտենսիվ բուժում:
Գանգուղեղային վնասվածքների բուժումը
Գանգուղեղային վնասվածքների բուժումը ենթաբաշխվում է դեղորայքայինի /կոնսերվատիվ/ և վիրահատականի:
Դեղորայքային բուժումը կազմվում է ինտենսիվ թերապիայի միջոցառումներից, հակաայտուցային, վերականգնողական, նեյրոպաշտպանող բուժական մոտեցումներից:
Ավելի ծանր դեպքերում՝ ախտորոշիչ հետազոտություններից հետո, ընտրվում է բուժման մոտեցումն ըստ ախտաբանության: Բոլոր պաթոլոգիաները, որոնք կապված են ներուղեղային արյունազեղումների հետ /էպիդուրալ, սուբդուրալ հեմատոմաներ/, անհետաձգելի բուժօգություն են պահանջում:
Վնասվածքներն ունեն իրենց բարդությունները, եթե ներուղեղային արյունազեղում է կամ էպիդուրալ, սուբդուրալ հեմատոմա, կամ գանգի ներհրված կոտրվածք, շտապ կատարվում է վիրահատություն կյանքի ցուցումով:
Վիրահատության նպատակն է դատարկել արյունը, հանել ուղեղի ճնշվածությունը:
Իրականացվում է ռեզեկցիոն տրեպանացիա, կոսմոպլաստիկ տրեպանացիա, երբեմն բացվում է 2 ֆրեզերային անցք՝ կախված արյունային կուտակման տեղից և չափերից:
Վիրահատությունները կատարվում են մեծ արհեստավարժությամբ, օգտագործվում են ժամանակակից սարքավորումներ:
Վիրահատությունից հետո բուժումը շարունակվում է կոնսերվատիվ՝ անհրաժեշտ դեղորայքի նշանակմամբ: Դրուրսգրումից հետո դեռևս որոշ ժամանակ բուժառուն գտնվում է հսկողության տակ, և պահպանվում է կապը հիվանդանոցի, բժշկի, նյարդաբանի, նյարդավիրաբույժի հետ: Հարկ եղած դեպքում կատարվում են զննում, հետազոտություններ:
Ի՞նչ կասեք վնասվածքների ելքերի վերաբերյալ։
Ժամանակակից բժշկությունը՝ դեղորայքը, սարքավորումերը բուժման մեծ հնարավորություններ են ընձեռում: Վերակենդանացման, նյարդավիրաբուժության բաժանմունքներում էլ արվում է ամեն բան, որպեսզի նվազեն ծայրահեղ ծանր ելքերը:
Ձեր խորհուրդը վնասվածքների դեպքում։
Գանգուղեղային վնասվածքի դեպքում չպետք է խուսափել բժշկի դիմելուց, հետազոտվելուց, որովհետև ավելի լավ է պարզել, որ խնդիր չկա, քան վտանգի ենթարկել առողջությունը:
Հսկողությունը։
Հսկողությունը դուրսգրումից հետո 1 շաբաթից մոտ 10 օր է, հարկ եղած դեպքում՝ ավելի երկար: Նյարդավիրաբուժության մեջ կարևոր է ընթացքի այդ շրջանը, երբ կարող են դեռևս անակնկալ բարդացումներ դիտվել: Ուղեղն իրեն կարող է պահել անկանխատեսելի: Թվում է՝ որևէ խնդիր չկա, սակայն հանկարծ կտրուկ փոխվում է վիճակը:
Առաջին օգնությունը։
Ցնցման և սալջարդի ժամանակ պետք է պառկել, մոտ կես ժամ սառը դնել այտուցված փափուկ հյուսվածքներին: Սառը թրջոցը երկարատև թողնելու դեպքում բարդություններ կարող են առաջացնել բորբոքումներ /մենինգիտ և այլն/: