«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան

Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան

Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է։

 

Ըստ հետազոտությունների՝ ականջի աղմուկով տառապում է երկրի բնակչության մինչև 15 %-ը։

 

Ինչպե՞ս է այն արտահայտվում
Աղմուկը կամ տինիտուսը ձայնի ընկալումն է առանց արտաքին ազդակների։ Այն հաճախ կրում է ժամանակավոր բնույթ, երբեմն դառնում է կայուն, մշտական՝ առաջացնելով լսողության իջեցում, քնի խանգարում, գրգռված վիճակ, ազդում է աշխատունակության վրա և փոխում է մարդու կյանքի որակը։

 

Ականջի աղմուկի տեսակները
Տինիտուսն ըստ բնույթի կարող է լինել տարբեր՝ սուլոց, զնգոց, ֆշշոց, կտտոց։ Կարող է արտահայտվել մեկ կամ երկու ականջներում, առաջանալ և՛ առողջ, և՛ առողջական տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց մոտ։

 

Աղմուկը հաճախ ուղեկցվում է լսողության իջեցումով, որը պայմանավորված է ներքին ականջի նյարդային բջիջների գրգռմամբ, անոթային սնուցման, միկրոցիրկուլյացիայի խանգարմամբ, իսկ երբեմն ախտաբանական գործընթացի մեջ է ընդգրկվում վեստիբուլյար համակարգը: Այդ դեպքում աղմուկին և լսողության իջեցմանը միանում են վեստիբուլյար խանգարումները՝ գլխապտույտ, սրտխառնոց, հավասարակշռության խանգարում։

 

Ի՞նչ պատճառներով է առաջանում ականջի աղմուկը
Տինիտուսն ինքնուրույն հիվանդություն չէ, այլ տարբեր ախտաբանությունների համախտանիշ։ Պատճառ կարող են լինել ծծմբային խցանը, եվստախիտը, միջին օտիտները, օտոսկլերոզը, Մենյերի հիվանդությունը, նեյրոսենսոր ծանրալսությունը, սիրտ-անոթային, թոքային, էնդոկրին համակարգերի ախտահարումները, վահանաձև գեղձի դիսֆունկցիան, քունքա-ծնոտային հոդի ախտահարումը, գլխի վնասվածքները (տրավմաներ), գլխուղեղի ուռուցքները, օտոտոքսիկ դեղերը, վարակիչ հիվանդությունները։

 

Կորոնավիրուսը ևս կարող է ականջի աղմուկի պատճառ դառնալ։

 

Ի՞նչ դիտարկումներ կան կորոնավիրուսի հետ կապված
Հետազոտությունները պարզել են, որ համավարակից հետո մոտ 15 % բուժառուների մոտ առաջացել է աղմուկ ականջներում, իսկ մոտ 40 %-ի մոտ եղած աղմուկն ուժեղացել է,  հաճախացել, դարձել է մշտական՝ անկախ կորոնավիրուսի ընթացքի ծանրությունից։

 

Աղմուկի առաջացման մեխանիզմը կովիդի ժամանակ պարզաբանված չէ, ենթադրվում է, որ առաջացման հիմքում ընկած է ներքին ականջում լոկալ (տեղային) բորբոքումը՝ ի պատասխան վիրուսային վարակի։

 

Տինիտուսը պայմանավորված է ոչ միայն հենց կորոնավիրուսային վարակով, այլ կովիդին բնորոշ որոշ գործոններով՝

 

  • Մեկուսացում, որն առաջացնում է սթրես, վախի զգացում, տագնապ
  • Ուսում ու աշխատանք տնային պայմաններում, որի պատճառով հաճախ են օգտագործվում հեռախոս, համակարգիչ, լարվում են տեսողական նյարդը, գլխուղեղը,
  • Վնասակար սովորությունների չարաշահում՝ սուրճ, ծխախոտ, ալկոհոլ,
  • Ֆիզիկական ակտիվության նվազում՝ նստակյաց կյանք, հարկադրական դիրք,
  • Ապրելակերպի կտրուկ փոփոխություն։

 

Այս գործոններն ազդում են մարդկանց հոգեհուզական վիճակի, կյանքի որակի, ինքնազգացողության, լսողության որակի վրա և առաջացնում աղմուկ ականջներում, լսողության իջեցում։

 

Կովիդի ախտանիշները խիստ տարբերվում են մյուս վիրուսային վարակներից իրենց բարդությամբ։ Ախտանիշների առաջացումը պայմանավորված է գլխուղեղի թթվածնային քաղցով, անոթների ախտահարմամբ (անոթներում առաջանում է թրոմբ), ներքին ականջի նյարդային վերջույթների ախտահարմամբ։

 

Կորոնավիրուսային ինֆեկցիան չի բուժվում, բուժվում են նրա ախտանիշները, ուստի պետք է ժամանակին դիմել բժշկի և ճիշտ կազմակերպել բուժումը:

 

Ինչպե՞ս է կազմակերպվում ականջների աղմուկի բուժումը
Ականջներում աղմուկի արդյունավետ բուժման համար կարևոր է կարգավորել կամ վերացնել այն առաջացնող պատճառը:

 

Կիրառվում է դեղորայքային բուժում՝ հակաբակտերիալ, հանգստացնող, սեդատիվ, նոոտրոպ, արյունը ջրիկացնող դեղեր:

 

Համալիր բուժման մեջ ներառվում են նաև ֆիզոթերապիա, շնչական վարժություններ: Կարևոր են ճիշտ սնունդը, դիետան, առողջ քունը, վնասակար սովորությունների բացառումը։

 

Եթե կովիդից հետո ծանրալսությունը թեթև է, և բուժումը ճիշտ և շուտ է կազմակերպվում, ապա կարելի է վերականգնել լսողությունը, աղմուկը մեղմացնել։ Իսկ եթե լսողությունը զգալի վատացել է, բուժումն էլ ուշացել, ծանրալսությունը դառնում է քրոնիկ և դեղորայքային բուժման չի ենթարկվում, ուստի անհրաժեշտ է լսողության պրոթեզավորում։

 

Այսպիսով, կորոնավիրուսը և տինիտուսը սերտորեն կապված են, և առաջին իսկ գանգատների դեպքում պետք է դիմել ՔԿԱ մասնագետի, կազմակերպել ճիշտ բուժում և համապատասխան մասնագետների ճիշտ խորհրդատվություն։

21.11.2022