«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Գլխուղեղի բարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան

Գլխուղեղի բարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան

Ինչպե՞ս են բարորակ ուռուցքները տարբերակվում չարորակներից
Ինչպես և չարորակ ուռուցքները, բարորակ ուռուցքները ախտորոշվում են գլխուղեղի ՄՌՏ հետազոտությամբ, որի ընթացքում ներարկվում է կոնտրաստ նյութ։

 

Ի տարբերություն չարորակ ուռուցքների` բարորակ ուռուցքները ՄՌՏ պատկերի վրա ունեն հստակ սահմաններ, բուռն կերպով կուտակում են կոնտրաստ նյութ։

 

Դրանք հաճախ աճում են գլխուղեղի թաղանթից, գանգուղեղային նյարդից կամ թրքական թամբի շրջանից։

 

Քանի որ բարորակ ուռուցքները դանդաղ են աճում, ունենում են լավ արյունամատակարարում, իսկ երբեմն էլ՝ կալցիումի: Եթե ՄՌՏ կամ ԿՏ հետազոտությամբ ուռուցքի մեջ կրակալում է երևում՝ կալցիֆիկատ, ապա դա միանշանակ բարորակ ուռուցք է:

 

Չարորակները երբեք չեն կրակալվում, քանի որ նրանց աճը չափազանց արագ է ընթանում:

 

Բարորակ ուռուցքները հեշտ են տարբերակվում նաև թարախակույտերից, էխինակոկոզից, պարազիտար հիվանդություններից, մելանոմայից և այլն։

 

Կարո՞ղ է բարորակ ուռուցքը վերափոխվել չարորակի
Գլխուղեղի բարորակ ուռուցքները կարող են փոխվել չարորակի, եթե հաճախակի ակտիվ ճառագայթման կամ բարձր էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության տակ են գտնվում:

 

Սակայն, հասարակության շրջանում տարածված այն պատկերացումը, թե վիրահատությունը կարող է գրգռել և չարորակի վերածել բարորակ ուռուցքը, իրականությանը չի համապատասխանում։ Վիրահատությունը չի «չարորակացնում» բարորակ ուռուցքը։

 

Այն դեպքերում, երբ տարբեր պատճառներով հիվանդը չի վիրահատվում, սահմանվում է հսկողություն ուռուցքի նկատմամբ` կատարելով գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն 3, 6 ամիս, ապա 1 տարի պարբերականությամբ։


Բարորակ ուռուցքների տեսակները
Բարորակ ուռուցքները դասակարգվում են ըստ տեղակայման, հիստոլոգիայի, չափերի՝ մեծ, փոքր, միջին:

 

Բարորակ ուռուցքները կարո՞ղ են միաժանակ մի քանի տեղում առաջանալ
Ընդհանրապես ուռուցքները լինում են եզակի և բազմակի: Բազմակիները հիմնականում չարորակներն են և մետաստազները, իսկ բարորակ ուռուցքները հիմնականում եզակի են լինում։

 

Բարորակ ուռուցքների առաջացման պատճառները
Բարորակ ուռուցքների պատճառները չեն տարբերվում չարորակ ուռուցքների պատճառներից: Դրանք են՝ ժառանգական նախատրամադրվածությունը, իմունիտետի անկումը տարբեր պատճառներից, վիրուսները, վնասակար սովորությունները, անառողջ սնունդը, սխալ ապրելակերպը:

 

Հետևաբար, ուռուցքների կանխարգելման համար անհրաժեշտ է բացառել նպաստող գործոնները, վարել առողջ ապրելակերպ, շատ հեղուկ օգտագործել, նվազեցնել ճառագայթումը՝ մասնավորապես հեռախոսի և համակարգչի օգտագործումը։

 

Ի՞նչ կլինիկական նշաններով են արտահայտվում գլխուղեղի բարորակ ուռուցքները
Կլինիկական ախտանիշները պայմանավորված են ուռուցքի տեղակայմամբ։ Եթե ճակատային բլթի ուռուցք է, ապա կարող են լինել հակառակ կողմի վերջույթների շարժողական խանգարումներ, խոսքի խանգարում, հոգեկան խնդիրներ, վարքի խանգարում։

 

Ծոծրակային բլթի ուռուցքներն արտահայտվում են տեսողական խնդիրներով։ Հիպոֆիզի շրջանի ուռուցքներին բնորոշ են հորմոնալ խանգարումները և տեսադաշտի սահմանափակումը։ Իսկ օրինակ քունքային բլթի ուռուցքները կարող են արտահայտվել ցնցումային նոպաներով։

 

Դեմքի ծռվածությունը կարող է լինել ոչ միայն գլխուղեղի կաթվածի կամ դիմային նյարդի բորբոքման, այլև լսողական նյարդի նևրինոմայի հետևանքով։

 

Առավել վտանգավոր են ուղեղաբնի շրջանի ուռուցքները, որոնք առաջացնում են բուլբար (ուղեղի ցողունի) նշաններ` շնչառության, սրտի ռիթմի խանգարումներ, զկրտոց և այլն։

 

Քանի որ կլինիկական ախտանիշները խիստ բազմազան են, ապա խորհուրդ եմ տալիս բոլոր կասկածելի դեպքերում դիմել նյարդաբանի կամ նյարդավիրաբույժի։ Բարձիթողի վիճակում հիվանդանոց հասնելը և՛ դժվարացնում է բժշկի աշխատանքը, և՛ ավելացնում է ֆինանսական բեռը, և վատթարացնում է հիվանդության ելքը։

 

Բուժման ի՞նչ տարբերակներ են օգտագործվում բարորակ ուռուցքի դեպքում
Ես գրեթե միշտ խորհուրդ եմ տալիս հեռացնելու գլխուղեղի հայտնաբերված ուռուցքը։ Կան որոշ բացառություններ։ Օրինակ, եթե հայտնաբերվում է գլխուղեղի` մասնակի կամ ամբողջությամբ կրակալված փոքր չափսերի բարորակ ուռուցք, որը ոչ մի կլինիկական ախտանիշով չի արտահայտվում, ճիշտ է համարվում սպասողական մարտավարությունը` 3, 6 ամիս, ապա 1 տարի հետո կատարելով գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն կոնտրաստավորմամբ։

 

Սակայն, եթե նույն այդ կրակալված փոքր ուռուցքի պատճառով հիվանդի մոտ առաջանում են էպիլեպտիկ նոպաներ (որը հաստատվում է ԷԷԳ հետազոտությամբ), ապա խորհուրդ է տրվում վիրահատական եղանակով հեռացնելու ուռուցքը։

 

Փոքր չափի ուռուցքների դեպքում դիմում ենք գամմա/կիբեր դանակի օգնությանը, որը, ցավոք, այսօր Հայաստանում դեռ չկա։ Մեծ ուռուցքների դեպքում ցուցված է վիրահատություն` ուռուցքի հեռացում։

 

Վիրահատական բուժումը բարորակ ուռուցքների ժամանակ
Բարորակ ուռուցքների դեպքում վիրահատությամբ այն հեռացնելը շատ ավելի հեշտ է, քան չարորակի դեպքում, քանի որ բարորակ ուռուցքները չեն ներաճում ուղեղային հյուսվածքի մեջ և ունեն հստակ սահմաններ։ Վիրահատության ժամանակ պարզապես կոագուլացիայի ենթարկելով ուռուցքը սնուցող անոթները, փուլ առ փուլ այն հեռացվում է:

 

Հիպոֆիզի շրջանի ոչ մեծ ուռուցքները հեռացվում են տրանսնազալ մուտքով (քթով)։ Այս եղանակը թույլ է տալիս չունենալ լրացուցիչ սպի ճակատային շրջանում և խուսափել վիրահատության ժամանակ խոշոր զարկերակների վնասումից։

 

Սակայն, հիպոֆիզի շրջանի խոշոր ուռուցքները, որոնք ներաճում են քնային զարկերակների և տեսողական նյարդերի շուրջ, տրանսնազալ մուտքով հեռացնել հնարավոր չէ։ Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում վիրաբույժն է որոշում, թե կոնկրետ ինչ վիրահատություն է անհրաժեշտ կատարել։

 

Բարորակ ուռուցքները վիրահատությունից հետո քիմիոթերապիա և ճառագայթում չի պահանջվում:

 

Վիրահատության ցուցումները
Վիրահատության ցուցում են ոչ միայն ուռուցքի չափերը, բարորակությունը կամ չարորակությունը, այլ այն նյարդաբանական խնդիրները, որոնք առաջացնում է ուռուցքը: Օրինակ, հիպոֆիզի ադենոման բարորակ ուռուցք է, սակայն, քանի որ առաջացնում է տեսողական և հորմոնալ խնդիրներ, հիմնականում պետք է հեռացվի:

 

Վերջին տասնամյակներում, սակայն, հիպոֆիզի ուռուցքներից պրոլակտինոման չի հեռացվում, այլ բուժվում է հորմոնալ դեղամիջոցներով (դոստինեքս)։

 

Լսողական նյարդի նևրինոման բարորակ ուռուցք է, արտահայտվում է ուռուցքի կողմում լսեղության թուլացմամբ կամ բացակայությամբ։ Սակայն, հիվանդները դիմում են բժշկի՝ դեմքի ծռվածության կապակցությամբ, քանի որ այս նևրինոման ուղղակիորեն սեղմում է դիմային նյարդը։ Որքան ուշ է հիվանդը դիմում վիրահատության, այնքան անդառնալի են վնասվում լսողական և դիմային նյարդերը, ուստի, տվյալ պարագայում, վիրահատությունը պարտադիր է: Այն պետք է կատարվի ներվիրահատական նեյրոմոնիտորինգի կիրառմամբ` դիմային նյարդի մնացորդների վնասումը կանխարգելելու նպատակով։

 

Նշեմ մի կարևոր հանգամանք. մենք չենք բուժում ՄՌՏ-պատկերը, մենք բուժում ենք մարդուն` կախված նրա մոտ առկա կլինիկական ախտանիշներից, նյարդաբանական տվյալներից, գլխուղեղի ՄՌՏ հետազոտության արդյունքներից, հիվանդության ընթացքից և հիվանդի ցանկությունից։

 

Վիրահատությունից հետո կարո՞ղ է կրկին բարորակ ուռուցքի աճ դիտվել

 

Բարորակ ուռուցքները հիմնականում չեն կրկնվում, եթե հեռացվում են լիարժեք: Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում դրանց ամբողջական հեռացումը: Սակայն, ապահովության համար, միշտ հետվիրահատական շրջանում 3, ապա՝ 6 ամիս, այնուհետև 1 տարի անց կոնտրաստավորմամբ ՄՌՏ հետազոտություն է արվում, որպեսզի բաց չթողնվի ուռուցքի կրկնակի աճը կամ նոր օջախի առաջացումը:

13.02.2023