«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Բնածին հարականջային խուղակ․ մեծահասակների և երեխաների ԼՕՌ մասնագետ Աննա Պետրոսյան

Բնածին հարականջային խուղակ․ մեծահասակների և երեխաների ԼՕՌ մասնագետ Աննա Պետրոսյան

Ո՞րն է բնածին հարականջային խուղակի առաջացման պատճառը
Այս արատը որոշ բացասական գործոնների ազդեցությամբ առաջանում է ներարգանդային կյանքի 9-11 շաբաթականում, քանի որ այդ շրջանում է առաջնային և երկրորդային խռիկային ճեղքերից հետագայում ձևավորվում ականջախեցին: Խուղակը ձևավորվում է առաջնային և երկրորդային խռիկային ճեղքերի ոչ լրիվ փակվելու հետևանքով: 30 % դեպքերում այս խնդիրը ժառանգվում է աուտոսոմ-ռեցիսիվ եղանակով:

 

Բնածին հարականջային խուղակը հանդիպում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ: Այն սովորաբար չի անհանգստացնում և հաճախ հայտնաբերվում է պատահականորեն:

 

Խուղակի առանձնահատկությունները և տեղակայումը
Խուղակն ունի բնորոշ տիպիկ տեղակայում. այն հիմնականում տեղակայվում է այծիկից վեր՝ ականջի պարույրի վերընթաց հատվածի վրա: Ունենում է մի քանի սանտիմետր երկարություն: Հազվադեպ հանդիպող ատիպիկ տեղակայման ժամանակ կարող է լինել ականջախեցու ցանկացած հատվածում, բացի բլթակից:

 

Լինում է միակողմանի կամ երկկողմանի: Բնածին հարականջային խուղակը հաճախ կարող է զուգակցվել ականջի կամ մարմնի այլ հատվածների արատների հետ:

 

Ի՞նչ կլինիկական արտահայտություն ունի բնածին հարականջային խուղակը
Խուղակի անցքը պատված է մաշկով, պարունակում է քրտնագեղձեր և ճարպագեղձեր, այդ պատճառով նրանում պարբերաբար կուտակվում և հոսում է դեղնավուն մածուցիկ արտադրություն: Տեղային կամ ընդհանուր տարբեր նպաստող գործոնները կարող են հիմք դառնալ մանրէների ներթափանցման և բորբոքային գործընթացի առաջացմանը, որի ֆոնին ի հայտ են գալիս տեղային և ընդհանուր կլինիկական ախտանշաններ:

 

Տեղային նշաններից դիտվում են խուղակի շրջանի մաշկի հիպերեմիա, այտուց, խուղակի բացվածքից թարախային բնույթի արտադրություն: Բորբոքված խուղակի շրջանը ցավոտ է, և ցավն ուժեղանում է պալպացիայի (շաշափման) ժամանակ: Բորբոքային գործընթացը կարող է տարածվել դեպի խորանիստ հյուսվածքներ՝ բերելով պերիխոնդրիտների և ականջախեցու դեֆորմացիաների առաջացման:

 

Ընդհանուր նշաններից երեխաների մոտ լինում են սուբֆեբրիլ ջերմություն, ախորժակի անկում, քնի խանգարում և այլն:

 

Ինչպե՞ս է ախտորոշվում խուղակը
Խուղակի ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում. զննման ժամանակ ականջախեցու շրջանում մաշկի վրա փոքրիկ անցք է երևում: Իսկ արդեն բորբոքային գործընթացի դեպքում դիտվում են տեղային և ընդհանուր ախտանշանները:

 

Ինչպե՞ս է իրականացվում այս խնդրի լուծումը
Բուժումը հիմնականում վիրահատական է: Բուժառուները հաճախ դիմում են սուր շրջանում, երբ խուղակն արդեն բորբոքված է լինում: Եթե խուղակը բորբոքված չէ և չի անհանգստացնում, ապա որևէ բուժում չի պահանջվում:

 

Սակայն, երբ խուղակի շրջանում կա ցավ, մաշկը հիպերեմիկ է և ինֆիլտրացված, անպայման պետք է դիմել քիթ-կոկորդ-ականջաբանի:

 

Վիրաբուժական ճանապարհով հեռացումը կատարվում է միայն սուր վիճակի՝ ակտիվ բորբոքային շրջանի ավարտից հետո:

 

Վիրահատության նպատակն է հեռացնել ամբողջ խուղակն իր երկարությամբ և շրջակա հյուսվածքով՝ խուսափելով հետագա կրկնություններից և կիստաների առաջացումից:

07.11.2022