«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Կլինիկական դեպք. թոքի հետքովիդային դեստրուկցիա. Ազատ Աղաբեկյան

Կլինիկական դեպք. թոքի հետքովիդային դեստրուկցիա. Ազատ Աղաբեկյան

Հետքովիդային բարդություններն առայսօր ուսումնասիրվում են և լիովին պարզված չեն:

 

Ինչպիսի՞ բարդություններ եք դիտարկել թոքային վիրաբուժության բաժանմունքում:

 

Քովիդ19-ով ասոցացված թոքաբորբով 74 տարեկան տղամարդը ս/թ փետրվարին 20 օր բուժվել է քովիդով հիվանդների բուժման բաժանմունքներից մեկում: Որոշ ժամանակ անց ևս 10 օր բուժվել էր թերապևտիկ բաժանմունքում՝ շնչարգելության, ընդհանուր թուլության, բարձր ջերմության, կրծքավանդակի աջ կեսում ցավի գանգատներով, երկկողմանի թոքաբորբ և աջակողմյան հիդրոթորաքս ախտորոշմամբ: Թերապևտիկ բաժանմունքում խորհրդատվության ժամանակ հիվանդին առաջարկվեց իրականացնել պլևրալ պունկցիա: Հիվանդը հրաժարվեց միջամտությունից և մի քանի օրից՝ վիճակի բարելավմամբ դուրս գրվեց:

 

Ե՞րբ է հիվանդը կրկին դիմել և ի՞նչ վիճակում:

 

15-20 օր անց գանգատները վերսկսվել են և հիվանդի վիճակը կտրուկ վատացել է: Նա այլևս չէր կարողանում պառկել, քնում էր նստած դիրքով: Առկա էր արտահայված դժվարաշնչություն, մի քանի քայլ անելուց հետո հևում էր, առկա էր արտահայտված հաճախասրտություն:


Կատարվեց համակարգչային տոմոգրաֆիա, հայտնաբերվեց ֆիբրոզացվող հիդրոթորաքս, պլևրալ խոռոչում մնացորդային օդի կուտակում, որը սահմանափակվել էր կպումներով: Հիվանդի բուժման միակ տարբերակը վիրահատական միջամտությունն էր:

 

Բաժանմունքում՝ անհրաժեշտ հետազոտություններից հետո, պլանային կարգով, հարաբերական շտապ ցուցումով իրականացվեց վիրահատություն:


Ինչպե՞ս ընթացավ վիրահատությունը:


Այլևս հնարավոր չէր վիրահատությունն իրականացնել թորակոսկոպիկ եղանակով: Կատարվեց բաց վիրահատություն՝ թորակոտոմիա: Պարզվեց, որ գրեթե ամբողջ աջ թոքը՝ ստորին և միջին բիլթը, արմատի շուրջ թորշոմած և պատված էին հաստ կեղևով, շնչառությանը մասնակցում էին միայն վերին բլթի գագաթային սեգմենտները: Առկա էր թոքի դեստրուկտիվ ախտահարում, որտեղ օդը կուտակվել էր և ձևավորել սահմանափակ պնևմոթորաքս:


Ախտաբանության վաղեմության հետևանքով կեղևի հաստությունը 6-7 մմ-ից մինչև 1 սմ էր: Սահմանափակ պնևմոթորաքսի շրջանում առկա էր բորբոսասնկերի աճ: Ամբողջությամբ հեռացվեցին վնասված հյուսվածքները, կատարվեց դեկորտիկացիա՝ հեռացվեց վիսցերալ և առպատային պլևրայի հաստ կեղևը և թոքի գործունեությունն ամբողջությամբ վերականգնվեց:


Ինչպե՞ս անցավ հետվիրահատական շրջանը և ի՞նչ վիճակում դուրս գրվեց հիվանդը:


Հետվիրահատական շրջանն անցավ հարթ: Հիվանդը բաժանմունքում անցկացրեց 6 օր: Նա նախկինում չէր կարողանում 3 քայլ անել, իսկ վիրահատությունից հետո բաժանմունքի երկար միջանցքը ծայրից-ծայր հանգիստ անցնում էր: Իր ոտքով դուրս գրվեց և վերադարձավ կյանքին, աշխատանքին:


Որքա՞ն հաճախ է հանդիպում նման ախտաբանությունը:


Ֆիբրոզացվող հիդրոթորաքսները հաճախ չեն հանդիպում: Բացի այդ, այս դեպքը յուրահատուկ էր գործընթացի մեծ ծավալով, թոքի թորշոմության չափերով, բորբոսասնկերի առկայությամբ: Որոշ տեղերում բորբոքային կեղևի հաստությունը 1 սմ էր: Պատճառը վաղեմությունն էր:


Եթե շուտ են դիմում, իրականացվում է թեթև միջամտություն, րովհետև սկզբում առկա է միայն հիդրոթորաքս, որը պունկցիայով կամ դրենավորումով հնարավոր է դատարկել ու խուսափել մեծ վիրահատությունից: Միայն ուշացնելու դեպքում է այն վերափոխվում ֆիբրոզայինի:

18.07.2022