Լուրեր
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել, վերաբացվել է 2021 թվականին: Ներկայում կրծքային վիրաբուժական ծառայությունը գործում է ընդհանուր վիրաբուժական կլինիկայի շրջանակում՝ Գագիկ Աշոտի Համբարձումյանի ղեկավարությամբ:
Այդ մեկ տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հիվանդներ՝ ամբուլատոր սովորական դեպքերից մինչև մեծածավալ, բարդ վիրահատություններ: Ծառայության աշխատանքներն օր-օրի ընդարձակվում են, և շուտով նոր կադրերի ընդգրկման կարիք կլինի:
Ծառայություններ են մատուցվում նաև պետպատվերի, սոցփաթեթի, ապահովագրության շրջանակներում:
Ո՞ր դեպքերում են դիմում կրծքային վիրաբուժության ծառայությանը:
Թոքի, միջնորմի, պլևրայի տարատեսակ ախտաբանությունները (բորբոքային ինֆիլտրատիվ ախտահարումներից մինչև տարատեսակ ուռուցքային փոփոխություններ, վնասվածքներ, պարազիտար ախտահարումներ) մեր ծառայության անբաժանելի մասն են կազմում: Հիմնականում դիմում են կրծքավանդակի և այլ վնասվածքներով պացիենտներ (կողի կոտրվածք, թոքի սալջարդ, վնասվածքային պնևմոթորաքս, հեմոթորաքս, սպոնտան պնևմոթորաքս, տարբեր ախտաբանությունների հետևանքով առաջացած հիդրոթորաքսներ, արյունախխումով պացիենտներ և այլն):
Պացիենտին նեղ մասնագետի կողմից ցուցաբերվող բուժօգնությունը կարևորում է նրանով, որ կան նրբություններ, որոնք միայն նա կարող է տիրապետել ու բարձրակարգ օգնություն ցուցաբերել, համապատասխան միջամտություն իրականացնել, որի արդյունքում պացիենտն ավելի շուտ է ապաքինվում:
Ինչպիսի՞ միջամտություններ են իրականացվում:
Ծառայության շրջանակում ախտորոշվում և բուժվում են ուռուցքային ախտաբանությամբ պացիենտները: Հարկ եղած դեպքում էնդոսկոպիկ կամ ինվազիվ եղանակով կատարվում է բիոպսիա` պարզելու ուռուցքի բնույթը: Անհրաժեշտության դեպքում իրականացվում են մեծածավալ վիրահատություններ:
Հետքովիդային շրջանում՝ թոքի դեստրուկտիվ գործընթացներով պայմանավորված, հաճախ են հանդիպում թոքերի քայքայվող գործընթացներով բարդացումներ, հեղուկի կուտակումներ, թարախի՝ էմպիեմայի առկայություն, որի դեպքում կատարվում է դրենավորում և այլն:
Ընդհանրապես, մեզ մոտ բարդ դեպքեր հաճախ են լինում, քանի որ բուժառուները տարբեր կլինիկաներ դիմելուց, թանկարժեք ժամանակը կորցնելուց հետո միայն դիմում են մեր ծառայությանը:
Ինչպե՞ս է կազմակերպվում մասնագիտական վերապատրաստումը:
Վերապատրաստումները ներկայում արդիական են՝ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) ներդրման պատճառով: Պլանավորված է էնդոսկոպիկ վիրահատությունների վերապատրաստում` արտասահմանում: Կարևոր է թորակոսկոպիայի, բրոնխոսկոպիայի ուսուցողական կուրսերի անցկացումը, որովհետև յուրաքանչյուր կրծքային վիրաբույժ պետք է լավ և հմուտ տիրապետի այդ միջամտությունների տեխնիկային, փորձառություն ձեռք բերի:
Երիտասարդների համար հատկապես կարևոր է ավագ, փորձառու մասնագետներից սովորելը: Այստեղ ուսանողների հետ երբեմն կարճատև դասախոսություններ են կազմակերպվում:
Հայկական կրծքային վիրաբուժության ասոցիացիայի կողմից պարբերաբար կազմակերպվում են գիտաժողովներ, ընդհանուր, և կրծքավիրաբուժության սեմինարներ: Մշտապես մասնակցում ենք գիտաժողովներին, քննարկում ենք հետաքրքիր դեպքերը, իրականացնում փորձի փոխանակում:
Ինչպիսի՞ նորամուծություններ կան կրծքային վիրաբուժության ասպարեզում և որքանո՞վ են դրանք կիրառվում:
Վիրաբուժության ոլորտում ամենակարևոր նորամուծությունը նվազագույն ինվազիվ միջամտությունների ներդրումն է, երբ կարելի է փոքր մուտքով, առանց բաց վիրահատության, ստանալ որակյալ արդյունք: Մեծ կտրվածքի փոխարեն կատարվում է 2-3 փոքր կտրվածք, և տեսասարքի օգնությամբ, գործիքներով իրականացվումն անհրաժեշտ գործողությունները:
Իհարկե, քիչ չեն դեպքերը, երբ հարկ է լինում մեծածավալ, բաց վիրահատություն կատարել` համապատասխան ցուցումներով, երբ այլ կերպ հնարավոր չէ արդյունավետ օգնություն ապահովել:
Խոսենք ձեռքբերումների մասին:
Այս ընթացքում երիտասարդ մասնագետները կարողանում են ինքնուրույն կլինիկական գործունեություն ծավալել, ինչը մեծ ձեռքբերում է:
Հիվանդությունների ավելացման ֆոնին` կրծքային վիրաբուժական ախտաբանությունների ավելացում դիտվո՞ւմ է:
Քովիդով պայմանավորված կրծքային վիրաբուժական ախտաբանությունների որոշ ավելացում է դիտվում` բարդացած թոքաբորբեր, թարախադեստրուկտիվ գործընթացներ, երկրորդային պնևմոթորաքսներ, միջնորմում օդի կուտակում և այլն: Բազմաթիվ են դեպքերը, երբ քովիդի կապակցությամբ հետազոտվելուց ի հայտ են գալիս բոլորովին այլ թոքային խնդիրներ:
Ախտաբանությունների հաճախացումը կամ պակասումը նաև սեզոնային բնույթ է կրում՝ ամռանը վնասվածքներն են շատ, ձմռանը՝ թարախադեստրուկտիվ գործընթացները: