«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Ֆիզիոթերապիան թոքաբանության ոլորտում. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ

Ֆիզիոթերապիան թոքաբանության ոլորտում. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ

Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:

 

Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում։ Համաճարակի հետևանքով ավելի հաճախակի է դարձել ֆիզիթերապիայի կիրառումը վիրուսային թոքաբորբերի վերականգնման գործընթացում։

 

Որքանո՞վ է ֆիզիոթերապիան արդյունավետ թոքաբորբերի ժամանակ:

 

Ֆիզիոթերապիան թոքաբորբերի բուժման ժամանակ կիրառվում է հիվանդության սուր ընթացքից հետո մնացորդային երևույթների առկայության դեպքում և քրոնիկ ընթացքի ժամանակ։ Ուստի թոքաբորբերի բուժման գործընթացում այն բուժման փուլ է համարվում, որի արդյունքում թոքերը վերականգնվում են գրեթե ամբողջությամբ։

 

Թոքային ախտաբանության ժամանակ ե՞րբ է նշանակվում ֆիզիոթերապիա:

 

Ֆիզիոթերապիա նշանակվում է քրոնիկ, ալերգիկ, ասթմոիդ կոմպոնենտով բրոնխիտների, ասթմաների, դժվար լավացող թոքաբորբերի կամ մնացորդային երևույթներով (կպումային վիճակներ և այլն) թոքաբորբերի բուժման ժամանակ: Երբեմն ցուցված է նաև թաց պլևրիտների ժամանակ: Լայնորեն կիրառվում է նաև քովիդի հետևանքով առաջացած թոքաբորբերի ժամանակ:

 

Ֆիզիոթերապիայի ո՞ր մեթոդներն են արդյունավետ թոքաբանության ոլորտում:

 

Թոքաբանության մեջ կիրառվում են ֆիզիթերապևտիկ բոլոր միջոցները: Կախված ախտաբանությունից և հիվանդության փուլերից` մեթոդները տարբեր են։ Օրինակ՝ թոքաբորբերի սուր փուլում կիրառվում է ԳԲՀ, ենթասուր շրջանում՝ էլեկտրաֆորեզ, իսկ կպումային գործընթացների դեպքում` ՈՒՁԹ և այլն։

 

Ֆիզիոթերապիան քովիդի դեպքում…

 

Քովիդային թոքաբորբերի բուժման գործընթացում ֆիզիոթերապիայի արդյունավետությունը որպես վերականգնողական թերապիա բավականին բարձր է, հատկապես, երբ քովիդից հետո թոքաբորբերը քրոնիկ ընթացք են ունենում:

 

Թոքային հիվանդության ո՞ր շրջանում է նշանակվում ֆիզիոթերապիա:

 

Ընդհանրապես, թոքային հիվանդությունների հենց առաջին օրվանից կարելի է ֆիզիոթերապիա նշանակել, սակայն առավել արդյունավետ է քրոնիկ գործընթացների ժամանակ: Սուր վիճակում ֆիզիոթերապիա ցանկալի է սկսել չորրորդ-հինգերորդ օրվանից` բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար:

 

Թոքային ախտաբանության ժամանակ որքա՞ն է բուժման տևողությունը:

 

Բոլոր ֆիզիթերապևտիկ միջոցառումների համար նվազագույնը 7 օր է, առավելագույնը՝ 15-30 օր։ Բուժումը կարելի է կրկնել 3-6 ամիս անց: Քրոնիկ հիվանդների դեպքում այն ցանկալի է կրկնել մեկ տարի անց, եթե դրա կարիքը կա:

13.06.2022