«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Բոտուլիզմի ծանր վիճակի հերթական դրական հանգուցալուծումը. հարցազրույց Սիրանուշ Ավագյանի հետ

Բոտուլիզմի ծանր վիճակի հերթական դրական հանգուցալուծումը. հարցազրույց Սիրանուշ Ավագյանի հետ

Հիմնականում ձմռանը միշտ ավելանում են բոտուլիզմի դեպքերը: Ինչպիսի՞ն էր վիճակն այս տարի:

 

Վերջերս՝ միաժամանակ տարբեր վայրերում, ընդունվեցին պահածոյացված սնունդ օգտագործած մի քանի հիվանդներ` բոտուլիզմ ախտորոշմամբ: Տարօրինակ զուգադիպությամբ բոլորը թունավորվել էին պահածոյացված կանաչ պղպեղից (ծիծակ):

 

«Արմենիա» ՀԲԿ ընդունվեցին այդ ախտորոշմամբ ևս հիվանդներ, որոնց մոտ արձանագրվել էր հիվանդության ծանր ընթացք. երիտասարդ մի աղջկա մոտ ընթացքը կայծակնային էր, չափազանց ծանր:

 

Ի՞նչ միջոցառումներ անցկացվեցին:

 

Իրականացվեց նյարդաբանի խորհրդատվություն, հարուցչի կապակցությամբ քննության տրվեց սննդային զանգվածը, հաստատվեց բոտուլիզմը: Հիվանդ տղամարդկանցից երկուսին անմիջապես ներարկվեց հակաբոտուլինային շիճուկ: Նրանք դուրս եկան ծանր վիճակից և դուրս գրվեցին:

 

Իսկ ինչպիսի՞ն է երիտասարդ աղջկա վիճակը:

 

Երիտասարդ՝ 21 տարեկան ուսանողուհին ընկերուհիների հետ կոնսերվացված սնունդ (կանաչ պղպեղ) էր կերել:

 

Արդեն նշեցի, որ նրա մոտ թունավորումը կլինիկորեն ծանր, կայծակնային ընթացք ուներ: Աղջիկը ստացավ հակաբոտուլինային շիճուկի կրկնակի դոզա, սակայն դա ընթացքը չկանգնեցրեց, և ստիպված էինք անցնել գործիքային շնչառության: Հիվանդի շնչափողի մեջ տեղադրվեց թթվածին ապահովող խողովակ:  Նա ստանում էր նաև դեղորայքային բուժում: Վիճակը ծայրահեղ էր՝ կյանքին վտանգ սպառնացող:

 

Բայց, ի վերջո, վիճակը կայունացավ, բարեբախտաբար, չզարգացան երկրորդային խնդիրներ, ըստ սխեմայի ծրագրավորված դեղորայքային բուժման արդյունքում դրական տեղաշարժ ունեցանք, հնարավոր եղավ խուսափել շնչափողահատումից (գործիքային երկարատև շնչառության դեպքում երբեմն շնչափողահատման անհրաժեշտություն է առաջանում):

 

Սարքն անջատելուց հետո աղջկա մոտ հեռացվեց նաև խողովակը, մի քանի օրվա ընթացքում վերականգնվեց նաև կլման ակտը և հեռացվեց քիթ-ստամոքսային զոնդը:

 

Հիվանդը բավարար վիճակում դուրս է գրվել հիվանդանոցից:

 

Ի՞նչ բարդություններ են բնորոշ բոտուլինային թունավորմանը:

Հիվանդը միանգամայն գիտակից վիճակում շնչառական համակարգի խնդիրներ է ունենում, որոնց պատճառով իրականացվում է գործիքային շնչառության: Հնարավոր է թույնի ազդեցության հետևանքով սրտամկանի բորբոքումից կամ ծանր թոքաբորբից հիվանդի մոտ առաջանա կյանքի հետ անհամատեղելի վիճակ:

 

Մեր բաժանմունքը բոտուլիզմի բուժման մեծ փորձ ունի Ցավոք, ունեցել ենք նաև կորուստներ:

 

Ինչո՞ւ են բոտուլիզմային թունավորումներն այդքան շատ հանդիպում:

 

Մեր բնաշխարհը շատ հարուստ է մրգերով և բանջարեղենով: Այդ պատճառով, որպես ձմռան պաշար, մեր բնակչությունը շատ է պատրաստում և օգտագործում պահածոյացված մթերք՝ մոռանալով, կամ հաշվի չառնելով, որ շատ վտանգավոր է տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումը:

 

Կա՞ն քիչ կամ շատ վտանգավոր մթերքներ:

 

Բոլոր պահածոներն էլ վտանգավոր են: Միայն մուրաբաներն իրենց քաղցրությամբ մնում են անվտանգ և կլինիկորեն բոտուլիզմի դեպքեր չեն գրանցվում:

 

Ի՞նչ անել այս խնդրի լուծման համար:

 

Հեռուստատեսությամբ մենք հաճախ ենք ելույթներ կազմակերպում և ներկայացնում վտանգները, բացատրում, որ եթե նույնիսկ օգտագործում են նման մթերք՝ թունավորումից խուսափելու համար, մթերքով տարան բացելիս՝ կափարիչը փակ վիճակում 15-20 րոպե պետք է այն եռացնել: Դա բավարար է, որպեսզի թույնը չեզոքացվի: Կարելի է նաև մթերքը լցնել կաթսայի մեջ, ավելացնել մի փոքր ջուր և դարձյալ եռացնել: Դրանից սննդի որակը չի պակասում, բայց այն դառնում է անվտանգ և կարելի է հանգիստ օգտագործել:

 

Ի վերջո, ուտելու պատճառով անսպասելի մահը շատ անհեթեթ է, անիմաստ և անչափ ցավալի:

 

Այդ պատճառով նորից ազգաբնակչությանն ուզում եմ խնդրել՝ չպահածոյացնել մթերքը և չգնել պահածոյացված բույսեր, բանջարեղեն, կամ գոնե դրանք եռացնել 15-20 րոպե: Ի վերջո, մթերքը կարելի է չորացնել կամ պահել սառցախցիկում: Որովհետև, որքան էլ մաքուր լվացված լինի մթերքը, միևնույն է, վտանգը միշտ կա:

28.04.2022