«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Օնկոմարկերներ. ուռուցքաբան Վահագն Համբարձումյան

Օնկոմարկերներ. ուռուցքաբան Վահագն Համբարձումյան

Օնկոմարկերները սպիտակուցներ են, որոնք օրգանիզմում միշտ ինչ-որ չափով արտադրվում են: Նրանց քանակությունն ավելանում է ուռուցքների և բորբոքային գործընթացների դեպքում, երբ սկսում են արտադրվել նաև ուռուցքային կամ բորբոքված հյուսվածքների կողմից:

 

Ի՞նչ տարբերություն կա ուռուցքների և բորբոքային խնդիրների ժամանակ արտադրվող օնկոմարկերների միջև:

 

Գոյություն ունի այդ սպիտակուցների քանակի բարձրացման շեմ: Բորբոքային հիվանդությունների ժամանակ այդ շեմն իր նորմայից քիչ է բարձրանում, իսկ ուռուցքային հիվանդությունների դեպքում առկա է նորմայից տասնապատիկ, հարյուրապատիկ, որոշ դեպքերում՝ հազարապատիկ բարձրացում։

 

Օնկոմարկերների տեսակները:

 

Տարբեր ուռուցքների բնորոշ են տարբեր օնկոմարկերներ: Կան օնկոմարկերներ, որոնք կարող են մի քանի ուռուցքների դեպքում արտադրվել և բարձր թվերի հասնել, բայց կան նաև այնպիսիք, որոնց քանակը բարձր է միայն որոշ ուռուցքների ժամանակ. այդ դեպքում օնկոմարկերների որոշումը ճիշտ ախտորոշման համար պարտադիր է:

 

Որո՞նք են այդ ուռուցքները:

 

Օրինակ, կան օնկոմարկերներ, որոնք ձվարանների ուռուցքների ժամանակ են բարձր, կամ շագանակագեղձի ուռուցքներին են բնորոշ և այլն: Դա հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու ուռուցքի տեսակի հարցում:

 

Ինչպե՞ս է իրականացվում օնկոմարկերների հետազոտությունը:

 

Օնկոմարկերների քանակը որոշվում է արյան կենսահետազոտության միջոցով։

 

Օնկոմարկերներ հայտնաբերվո՞ւմ են ռիսկի խմբի բուժառուների մոտ:

 

Այո, որոշ օնկոմարկերներ հայտնաբերվում են ռիսկի խմբում գտնվող անձանց մոտ:

 

Որքա՞ն հաճախ են ախտորոշվում օնկոմարկերները ուռուցքային հիվանդությունների ժամանակ:

 

Դա կախված է ուռուցքի տեսակից։ Կան ուռուցքներ, օրինակ` ձվարանի, շագանակագեղձի, լյարդի քաղցկեղը, որոնց դեպքերում օնկոմարկերների  առկայությունը պարտադիր է, և կան ուռուցքներ, որոնց դեպքում ընդհանրապես օնկոմարկերներ չեն հայտնաբերվում։

07.04.2022