«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության նոր բաժանմունքը «Արմենիա» ՀԲԿ-ում. Արա Այվազյան

Մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության նոր բաժանմունքը «Արմենիա» ՀԲԿ-ում. Արա Այվազյան

«Արմենիա» ՀԲԿ-ում բացվել է նոր բաժանմունք, որտեղ Դուք նշանակվել եք ղեկավար. խոսենք այդ մասին:

 

Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի վերջերս բացված բաժանմունքը լիովին նոր ծառայություն է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Չնայած դրան, բաժանմունքում ներգրավված են ոչ թե սկսնակ բժիշկներ և միջին բուժանձնակազմ, այլ տարիների փորձ ունեցող հմուտ և փորձված մասնագետներ Երևանի տարբեր հիվանդանոցներից, որի կորիզն են կազմում նախկին վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնի փորձառու աշխատակիցներ: Բոլորն այս բնագավառում երեխաների հետ աշխատելու երկարատև փորձ ունեն:

 

Կատարվում է հնարավորը`ապահովելու որակյալ, մասնագիտացված օգնություն մեր փոքրիկներին՝ ինչպես օրթոպեդիկ, այնպես էլ՝ վնասվածքների արդյունքում ստացած խնդիրների ժամանակ:  Բաժանմունքը տեղակայված է հիվանդանոցի առաջին հարկում:

 

Ինչպիսի՞ն է իրականացվող ծառայությունների ծավալը:

 

Մանկական օրթոպեդիայի բաժանմունքում շուրջօրյա ընդունվում և բուժվում են տարբեր կոտրվածքներով, վնասվածքներով և բնածին արատներով երեխաներ, կատարվում է վերին և ստորին վերջույթների վնասվածքների բոլոր տեսակի վիրահատությունների ամբողջ ծավալը, կիրառվում են ժամանակակից իմպլանտներ:

 

Բաժանմունքում կատարվում են երեխաների և դեռահասների խորհրդատվություն, կոնսերվատիվ և վիրահատական, հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի  հիվանդությունների  բուժում՝ պետպատվերի շրջանակներում.

 

•    ծուռվզություն,
•    ծուռթաթություն,
•    սինդակտիլիա,
•    պոլիդակտիլիա,
•    մանկական ուղեղային կաթված,
•    ճաճանչային և դաստակային ծուռձեռություն,
•    ազդրի բանծին հոդախախտ,
•    վերջույթների հետտրավմատիկ դեֆորմացիա և կարճություն,
•    վերին և ստորին վերջույթների հոդերի շարժումների սահմանափակում,
•    ոսկրերի հետտրավմատիկ ոչ սերտաճած կոտրվածքներ,
•    հենաշարժիչ համակարգի բարորակ ուռուցքներ,
•    ծնկան հոդի արթրոսկոպիա:
  

Վիրահատությունները կատարվում են ժամանակակից սարքերով հագեցած վիրահատարաններում, որը նպաստում է հենաշարժիչ համակարգի ֆունկցիոնալ վերականգնմանը:

 

Հետվիրահատական շրջանում անց են կացվում վերականգնողական համակարգային բուժումներ:

 

Վիրահատական ի՞նչ միջամտություններ են  առաջարկվում պացիենտներին:

 

Ընդունվում են մանկական ուղեղային կաթվածով երեխաներ, որոնք ունեն վերջույթների կոնտրակտուրաներ, քայլքի բիոմեխանիկայի խախտման հետ կապված այլ խնդիրներ: Բուժման ժամանակ ընտրվում է լավագույն մոտեցումը` կոնկրետ բուժառուի համար, քանի որ այս հիվանդության դեպքում չկան երկու միանման ախտահարում և բուժման մոտեցում: Կատարվում է առավելագույնը. նախ` վերտիկալացմամբ, ապա` քայլ առ քայլ կարգավորման կիրառմամբ, երեխային առավելագույն նորմայի սահմաններում քայլել սովորեցնելու համար:
 

Օրթեզավորման հարցերում համագործակցում ենք ոլորտի առաջատար «Լույս բարի» կազմակերպության հետ: Յուրաքանչյուր հիվանդի համար ընտրվում է անհրաժեշտ օրթեզ կամ այլ օրթոպեդիկ պարագա, կատարվում է անհրաժեշտ օրթեզավորում և կորսեթավորում` պետպատվերի շրջանակում:

 

Ունենք նաև մեծ թվով ազդրի բնածին հոդախախտով երեխաներ, որոնց բուժումը սկսվում է ծնված օրից: Իրականացվում է կոնսերվատիվ բուժում և կոնքազդրային հոդի ցանկացած տեսակի վիրահատական ռեկոնստրուկցիա: Արդեն բավականին մեծ ծավալի ռեկոնստրուկցիաներ են կատարվել «Արմենիա» ՀԲԿ նոր վերանորոգված և ժամանակակից սարքերով հագեցած վիրահատարանում:

 

Բարորակ ուռուցքները և ուռուցքանման հիվանդությունները միջանկյալ ախտաբանություն են: Վիրահատություններն իրականացվում են փոքր ինվազիվ և մեծ ծավալի ոսկրային դեֆեկտների, դեֆիցիտների և ուռուցքների հեռացման ու ոսկրապլաստիկ նյութերով փոխարինման եղանակներով:

 

Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև իմպլանտների օգնությամբ թուլացած ոսկրերի պատերի ամրացում: Գործում է ախտաբանական ծառայություն և բոլոր հեռացված նյութերն անպայման անցնում են ախտահյուսվածաբանական հետազոտություն:

 

Առանձին տեղ են գրավում երեխաների մոտ ծնկան հոդի արթրոսկոպիաները, ինչը նոր ուղղություն է մանկաբուժության մեջ: Շատ ծնողներ լուրջ չեն վերաբերվում ծնկան հոդում հոդասկավառակի (մենիսկի) վնասվածքներին, կարծելով, որ ժամանակի ընթացքում այն կանցնի, բայց խնդիրը գնալով ավելի է խորանում և լրջանում:

 

Ծնկան հոդի վնասվածքների դեպքում պետք է շտապ դիմել վնասվածքաբանի: Երբ ծնկան հոդն այտուցվում է և լցվում արյունով, նշանակում է առկա ներհոդային վնասվածք կամ պատռվածք և այն պետք է բուժել: Նման դեպքերում ընդունված է բուժել հոդի խոռոչի չորացմամբ, որը ճիշտ մոտեցում չէ: Արթրոսկոպիան թույլ է տալիս երեխաների մոտ նվազագույն կտրվածքով հասնել մեծ արդյունքների:

 

Ի՞նչ հագեցվածություն ունի բաժանմունքը:

 

Ե՛վ տարածքային, և՛ աշխատանքային, և՛ սպասարկման, և՛ սենյակային պայմանները լիովին բավարարում են պահանջվող աշխատանքների իրականացմանը: Բաժանմունքը, վիրահատարանները նոր վերանորոգված են, ապահովված են անհրաժեշտ նոր սարքերով, տեխնիկայով, հարմարեցված է երեխաներին` անհրաժեշտ գույքով և իրերով:  Ունի 25 մահճակալ, դեղորայքը, բոլոր նյութական պարագաները համապատասխանում են միջազգային չափանիշներին:

 

Հիվանդանոցի համար այս ծավալի մանկական ծառայությունը նորություն է:

 

Որքա՞ն ժամանակ է, ինչ գործում է բաժանմունքը:

 

Բաժանմունքն աշխատում է տարուց ավելի: Մինչ այդ այն փոքր ծառայություն էր:

 

 

Երբ կորոնավիրուսային համավարակի պատճառով Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնում փակվեց մանկական բաժանմունքը, անձնակազմը տեղափոխվեց այստեղ:

 

Բաժանմունքում բուժում իրականացվում է նաև պետպատվերի սահմանում, պահանջվածից քիչ է: Փորձում ենք զբաղվել այդ հարցով, սակայն դա պետական խնդիր է:

 

Օրթոպեդիայում առկա նորություններին ինչպե՞ս եք հետևում:

 

Հնարավոր չէ առանց նորություններ հետևելու, սովորելու, ներդրման որակյալ ծառայություն մատուցել: Չնայած 20 տարի արդեն  աշխատում եմ այս ոլորտում, սովորել և ավարտել եմ Ռուսաստանում, վերապատրաստումներն անցել ԱՄՆ-ում և այլ երկրներում, սակայն շարունակում եմ վերապատրաստվել, տարբեր միջազգային կազմակերպությունների անդամ եմ, որի շնորհիվ ինքս էլ կազմակերպում եմ գիտաժողովներ:

 

Հաճախ նաև որպես բանախոս հրավիրվում եմ դասախոսություններ կարդալու:

 

Ռուսաստանից մեր գործընկերներն են հրավիրված` համատեղ վիրահատություններ իրականացնելու նպատակով: Այդպիսի փոխայցելություններ փորձում ենք հնարավորինս կազմակերպել:

 

Այս ամիսների ընթացքում որքա՞ն է իրականացված վիրահատությունների ծավալը:

 

Մի քանի ամսվա ընթացքում 100-ից ավելի վիրահատություններ ենք իրականացրել: Շաբաթական մոտ 3-6 վիրահատություն է կատարվում, ամիսը՝ 20-30: Վիրահատությունների քանակը սահմանափակվում է միայն պետպատվերի սղության պատճառով:

 

Կովիդն ինչպիսի՞ խնդիրներ առաջացրեց բաժանմունքի աշխատանքներում:

 

Կովիդի հետ կապված խնդիրներ չունենք, որովհետև երեխաները թեթև են տանում: Ունեցել ենք ավտովթարով հիվանդ, որին կովիդով այցելության եկած ազգականն էր վարակել: Լավ է, որ դա բարեհաջող ավարտվեց:

 

Մեզ մոտ կա այդ խնդիրը, երբ հետվիրահատական շրջանում բարեկամներով այցելության են գալիս իրենց հիվանդին: Պարզապես լուրջ չեն վերաբերվում իրենց հիվանդի առողջությանը: Այդ խնդիրը կա բոլոր բաժանմունքներում:

 

Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

 

Աշխատում ենք իրականացնել վիրահատություններ նաև մեծահասակների մոտ այնպիսի խնդիրների դեպքում, որոնք տարածաշրջանում յուրօրինակ են. օրինակ, ուսահոդի և արմնկահոդի պրոթեզավորում: Արմնկային հոդի պրոթեզավորում առաջին անգամ Հայաստանում 3-4 ամիս առաջ կատարվել է մեր հիվանդանոցում: Հիվանդը մինչ այդ 6 անգամ վիրահատվել էր անարդյունք, այս անգամ արդյունքը հիանալի էր և հիվանդը գոհ է: Նման վիրահատությունները թանկ են` անգամ կոնքազդրային հոդի պրոթեզավորումից:

 

Արա Այվազյան,
մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, բ.գ.թ., պրոֆեսոր
«Արմենիա» ՀԲԿ, մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար


19.11.2021