«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Ռենտգենագրաֆիայի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց բաժանմունքի ղեկավար Արշակ Հովհաննիսյանի հետ

Ռենտգենագրաֆիայի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց բաժանմունքի ղեկավար Արշակ Հովհաննիսյանի հետ

Արմենիա ՀԲԿ-ում ռենտգեն ծառայություններին տրամադրված է բավարար կահավորված ռենտգեն բաժանմունք: Բաժանմունքում կատարվում են բոլոր հնարավոր ռենտգեն հետազոտությունները:

 

Բաժանմունքն աշխատում է շուրջօրյա, սպասարկում է նաև «Արմենիա» բժշկական կենտրոնին կից պոլիկլինիկային, որը սպասարկում է Աջափնյակ շրջանի բնակչությանը: Նրանք սպասարկվում են և՛ պետպատվերի շրջանակներում, և՛ ամբուլատոր հիմունքներով:

 

Ռենտգեն հետազոտության ի՞նչ տարբերակներ կան:

 

Իրականացվում են ռենտգենագրաֆիա և ռենտգենասկոպիա: Ռենտգենագրաֆիայի ժամանակ հետազոտվում են ռենտգեն ժապավենը և նկարները, իսկ ռենտգենասկոպիայի ընթացքում հիվանդը հետազոտվում է անմիջապես լուսանցման ժամանակ:

 

Նախապես է որոշվում է, թե ինչ ռենտգեն հետազոտություն պետք է իրականացվի տվյալ պացիենտի մոտ:

 

Առավել հաճախ ո՞ր հիվանդությունների ժամանակ են դիմում ռենտգենագրաֆիայի:

 

Հիվանդները բազմաբնույթ են. ռենտգեն հետազոտությունը հիմնականում կիրառվում է վնասվածքների, աղեստամոքսային, շնչառական, հենաշարժական  համակարգերի և այլ խնդիրների ժամանակ: Երբեմն, երբ ռենտգեն հնարավորությունները սահմանափակվում են, հարկ է լինում ռենտգեն հետազոտությունից հետո բուժառուին  ուղղորդել ՀՏ կամ ՄՌՏ հետազոտությունների:

 

Բաժանմունքն ի՞նչ հագեցվածություն ունի:

 

Ռենտգենոգրաֆիկ սենյակները թվով չորսն են, համալրված են ռենտգեն սարքերով: Բժիշկներն ունեն իրենց աշխատասենյակները, որտեղ հետազոտում են պացիենտին և գրում են հետազոտության պատասխանները:

 

Բաժանմունքը համալրված է բոլոր անհրաժեշտ ռենտգեն սարքերով՝  «TOSHIBA» ռենտգեն սարքեր, ռենտգենագրաֆներ և թվային ռենտգեն սարք: Թվային ռենտգեն սարքը կատարում է և՛ լուսանցում, և՛ ռենտգենագրաֆիկ հետազոտություններ: Բաժանմունքը նոր թվային սարքերով համալրվել է դեռևս 2018-ին:

 

Ռենտգեն սարքեր առկա են նաև վիրահատարաններում, վիրասրահում, որոնք օգտագործվում են վիրահատությունների ժամանակ:

 

Վերակենդանացման բաժանմունքում գործում է շարժական թվային ռենտգեն համակարգ, որը սպասարկում է ներհիվանդանոցային հիվանդներին` վերակենդանացման բաժանմունքում:

 

Խոսենք անձնակազմի մասին:

 

Բաժանմունքիում աշխատում են փորձառու, պրոֆեսիոնալ բժիշկներ և լաբորանտներ, որոնք ունեն երկար տարիների փորձ, մասնագիտացում:

 

Ինչպե՞ս է վերահսկվում ռենտգեն հետազոտության անվտանգությունը:

 

Թվային ռենտգեն սարքերի ռենտգեն ճառագայթման վտանգը նվազագույնի է հասցված, բոլոր աշխատասենյակները կապարապատված են, առկա են պաշտպանիչ գոգնոցներ և այլ անհրաժեշտ պաշտպանիչ պարագաներ:

 

Եռամսյակը մեկ անգամ միջուկային անվտանգութան կոմիտեի կողմից կատարվում են չափումներ, որոնք դեռևս ոչ մի անգամ նորմային չեն գերազանցել:

 

Հիվանդների անհատական դոզաները ֆիքսվում են ռենտգեն սարքերի վրա և ռենտգեն եզրակացություններում:  Աշխատակիցները հետևողական են, և դեռևս չի գրանցվել որևէ հիվանդի թույլատրելի ռենտգեն դոզաների գերազանցում:

 

Ինչպիսի՞ հաճախականությամբ կարելի է կատարել ռենտգենագրաֆիա:

 

Ռենտգեն հետազոտություն կատարվում է ըստ անհրաժեշտության Կան հիվանդներ, որոնք ընդամենը մեկ անգամ են հետազոտվում, և հիվանդներ, որոնց մոտ ախտաբանությունը պահանջում է բազմանգամյա հետազոտություն: Գրեթե բոլոր հիվանդները, որոնք ընդունվում են կլինիկա, անցնում են կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն և, եթե խնդիրներ չեն ունենում, այն չի կրկնվում:

 

Վիրաբուժական կամ վիրակապային միջամտութուններից հետո, ըստ բժիշկների պահանջի, նույնպես կատարվում են ռենտգեն հետազոտութուն:

 

Հետազոտությունից առաջ կա՞ նախապատրաստվելու անհրաժեշտություն:

 

Կան ռենտգեն հետազոտություններ, որոնց համար հիվանդները նախապես պետք է պատրաստվեն, դրանք են՝ ստամոքսաղիքային համակարգի հետազոտությունները, ներերակային ուրոգրաֆիաները: Այդ մասին տեղեկացվում է բուժառուներին: Մնացած այլ հետազոտությունների ժամանակ նախապես պատրաստվելու կարիք չկա:

 

Ժամանակակից նոր հետազոտությունների (ՀՏ, ՄՌՏ) հետ մրցակցության մեջ չի՞ ճնշվել, արդյոք, ռենտգեն հետազոտության դերը:

 

Այդ մրցակցության մեջ ռենտգեն հետազոտության դերը բացարձակապես չի ստվերվել. ռենտգենն անփոխարինելի է որոշ հիվանդագին խնդիրների դեպքում՝ իր արագության և մատչելիության հաշվին:

 

Ուսումնական և գիտական ի՞նչ աշխատանքներ են տարվում:

 

Բաժանմունքում ուսումնական աշխատանքներ իրականացվում են: Այստեղ ուսանում են կլինիկական օրդինատորներ, ուսանողներ Մայր բուհից: Տարիներ շարունակ «Արմենիա» ՀԲԿ-ն եղել է Ալմա Մատեր և՛ բուհի ուսանողների, և՛ ընդհանուր կրթական համալիրների համար, որոնք ցանկություն են ունեցել ուսանելու մեր կենտրոնում:

 

Հետևողական ենք բոլոր գիտական նորություններին, մասնակցում ենք գիտաժողովների, ճառագայթային ախտորոշման ասոցիացիայի անդամներ ենք:

07.10.2021