«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Կինեզոթերապիայի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Էմիլյա Խաչատրյանի հետ

Կինեզոթերապիայի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Էմիլյա Խաչատրյանի հետ

Ի՞նչ է կինեզոթերապիան:

 

Կինեզոթերապիան հունարենից թարգմանված նշանակում է՝ բուժում շարժման միջոցով (կինեզո-շարժում, թերապիա-բուժում):

 

Կինեզոթերապիան ոսկրակապանային համակարգի առողջացումն է շարժման միջոցով, իսկ երեխաների դեպքում՝ շարժում-խաղերի միջոցով:

 

Շարժման թերապիան բավարար արդյունք է տալիս հետևյալ խնդիրների և հիվանդությունների ժամանակ.
•    ողնաշարի քրոնիկ հիվանդություններ (օստեոխոնդրոզ, միջկողային աճառային հյուսվածքի ճողվածք, սպոնդիլոարթրոզ, սպոնդիլոլիստեզ),
•    խոշոր հոդերի (ծնկահոդ, ուսահոդ) հիվանդություններ (արթրոզ, արթրիտ),
•    երեխաների և մեծահասակների կեցվածքի շեղում (կիֆոզ, լորդոզ, սկոլիոզ),
•    հոդերի մկանակապանային համակարգի հետվնասվածքային և հետվիրահատական շրջան,
•    հղիության ընթացքում առաջացած խնդիրներ,
•    սիրտ-անոթային և շնչառական համակարգի հիվանդություններ,
•    հավելյալ քաշ և այլն:

 

Կինեզոթերապիան ուղղված է մարմնի բնական շարժունակության վերականգնմանը: Ոսկրամկանային համակարգի տարբեր (բնածին և ձեռքբերովի) շարժումներ, որոշ հիվանդություններ, վնասվածքներ կարող են բերել շարժունակության սահմանափակման, ինչը հիմք է հենաշարժիչ համակարգի տարատեսակ հիվանդությունների զարգացմանը:

 

Կինեզոթերապիայի նպատակն է ստանալ առողջ և համաչափ մարմին՝ առանց օրգանիզմին վնասելու:

 

Ե՞րբ է հիմնվել կինեզոթերապիա ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում:

 

«Արմենիա» ՀԲԿ-ում կինեզոթերապիան հիմնվել է հիվանդանոցի ստեղծման օրից: Այն ժամանակ կոչվում էր բուժական ֆիզկուլտուրայի և մերսման բաժանմունք, 2000 թվականից՝ կինեզոթերապիայի բաժանմունք, իսկ այս տարվա հունիսից՝ վերականգնողական կենտրոն:

 

Որքանո՞վ է հագեցված կենտրոնը:

 

Կենտրոնի նյութատեխնիկական բազան բավարար է, որպեսզի կատարի իր առջև դրված խնդիրները:

 

Ո՞ր հիվանդությունների դեպքում և ինչպե՞ս է իրականացվում կինեզոթերապիան:

 

Քանի որ կինեզոթերապիան վերականգնողական միջոցառում է, ապա բոլոր բժշկական միջամտություներից հետո վերջնական վերականգնումը հիվանդը ստանում է կինեզոթերապիայի միջոցով:

 

Կինեզոթերապիայի հիմնական միջոցը ֆիզիկական վարժություններն են, որի ընթացքում կիրառվում են հատուկ վարժություններ (ակտիվ և պասիվ): Այն բուժման ակտիվ մեթոդ է, որտեղ հիվանդը մասնակցում է վերականգնման գործընթացին:

 

Կա՞ն լրացուցիչ միջոցառումներ:

 

Կենտրոնում, բացի կինեզոթերապիայից, անհրաժեշտության դեպքում, հիվանդը ստանում է բուժական մերսում, լինֆոդրենաժ, մեխանոթերապիա, կմախքային ձգում (տրակցիա), ֆիզիոթերապիա և այլն:

 

Ո՞ր բաժանմունքների հետ եք համագործակցում:

 

Քանի որ հիվանդանոցը մեկ ամբողջական համակարգ է, որն աշխատում է խիստ պատճառաբանված և հետևողական, այդ պատճառով աշխատում ենք բոլոր բաժանմունքների և բժիշկների հետ:

 

Ծառայության շրջանակում կատարվում է վնասվածքաբանական, անոթային և միկրովիրաբուժության, ընդհանուր վիրաբուժության, ուրոլոգիական և քիթ-կոկորդի բաժանմունքների հետվիրահատական շրջանի հիվանդների վերականգնում։ Սրտաբանական, աղեստամոքսային, թոքային, նևֆրոլոգիական և նյարդաբանական բաժանմունքների հիվանդների հենաշարժողական համակարգի վերականգնումն իրականացվում է բուժող բժիշկի ուղեգրով:

 

Բժիշկները` զինվորի կողքին…

 

Վերականգնողական կենտրոնը, դեռևս 1988-ի երկրաշարժի տարիներից սկսած, ազգաբնակչությանն առաջին բուժօգնության և հենաշարժողական վերականգնման աշխատանքների մեծ փորձ ունի: 2020 թվականի պատերազմի ընթացքում զինվորի բուժման և վերականգնման աշխատանքները մեր կենտրոնում մեծ ծավալով են եղել և առաջնահերթ:

 

 

Պատերազմը դաժան փորձություն է: Կենտրոնը նույնպես պատերազմի ժամանակ և հետո մեծ փորձության միջով անցավ, դա աննկարագրելի է: Աշխատանքի ժամանակ առաջացած ցավի հաղթահարումը՝ կապված հետվիրահատական բարդությունների հետ (լիմֆոստազ, մկանա- և ջլակապանային սպազմ) և աշխատասիրությունը տալիս էին մեծ արդյունք: Այս հերոսական սերնդից մենք օրինակ վերցնելու շատ բան ունենք:

24.09.2021