«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Վիրաբուժական նոր բաժանմունք Արմենիա ՀԲԿ-ում. հարցազրույց Գևորգ Սիմոնյանի հետ

Վիրաբուժական նոր բաժանմունք  Արմենիա ՀԲԿ-ում. հարցազրույց Գևորգ Սիմոնյանի հետ

«Շատ կարևոր է, որ պացիենտներն առողջ և գոհ հեռանան մեզանից, միշտ լավը հիշեն և եթե, Աստված չանի, նորից բուժման կարիք ունենան՝ վստահորեն դիմեն մեզ»:

 

Որքա՞ն ժամանակ է, որ գործում է վիրաբուժական նոր բաժանմունքը և ո՞րն է նրա ստեղծման նպատակը:

 

Նոր բաժանմունքը գործում է արդեն երեք ամիս: Վիրաբուժական մեկ բաժանմունքը չէր հասցնում աշխատանքները, եղած մահճակալները չէին բավականացնում:

 

Նախկին վիրաբուժական բաժանմունքը վերանորոգվեց, կահավորվեց և այն նույնպես շահագործվում է: Արդյունքում այժմ ունենք լիարժեք աշխատող երկու վիրաբուժական բաժանմունք: Առայժմ այս ծավալը բավարարում է, եթե հետագայում ունենանք մահճակալների պակաս՝ հարկ կլինի կրկին ընդլայնել:

 

Վեցերորդ հարկում շարունակում է գործել առաջին վիրաբուժական բաժանմունքը, իսկ հինգերորդ հարկում՝  երկրորդը, ինչպես նախկինում էր:

 

Երեք ամսում բավականին աշխատանք է իրականացվել, ներկայում աշխատանքները շարունակվում են: Վերանորոգումն  արագացվեց, քանի որ վերջին շրջանում դիմող հիվանդների թիվն ավելացել է։

 

Ի՞նչ ծառայություններ են մատուցվում բաժանմունքում:

 

Բաժանմունքում գործում են ուռուցքաբանական, կրծքային վիրաբուժության, օպերատիվ գինեկոլոգիական ծառայություններ, իրականացվում է լապարոսկոպիկ վիրաբուժության ծառայություն:

 

Գործում է ամբողջովին նոր վիրահատարան՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով, սարքերով, գործիքներով: Ներգրավված են նոր մասնագետներ, պրոֆեսիոնալ միջին բուժանձնակազմ:

 

Մեծացել է նախկինում կատարվող վիրահատությունների ծավալը` հատկապես ուռուցքային հիվանդությունների հետ կապված:

 

Կլինիկայում իրականացվում են Հայաստանում կատարվող գրեթե բոլոր վիրահատությունները: Կատարվում են նաև գինեկոլոգիական վիրահատություններ:

 

Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

 

Ծառայությունների ծավալների ավելացման նպատակով (փոքր ինվազիվ վիրահատություններ) ռաջիկայում կընդգրկենք նոր մասնագետներ։

 

Փորձում ենք ոչ ինվազիվ վիրահատություններն իրականացնել նոր մեթոդներով՝ էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ, թորակոսկոպիկ, որոնք Հայաստանում ամբողջ ծավալով չեն իրականացվում:

 

Մեծ պատասխանատվություն է ենթադրում բաժանմունքի վարիչի աշխատանքը:

 

Այս կլինիկայում սկսել եմ աշխատել 2010-ից: 2013-ին ավարտել եմ կլինիկական օրդինատուրան, որից հետո աշխատանքի եմ անցել երկրորդ վիրաբուժական բաժանմունքում: Վերջերս՝ 3-4 ամիս է, ինչ նշանակվել եմ բաժանմունքի վարիչ:  

 

Աշխատանքներին զուգահեռ, 2013-ից, նաև դասավանդում եմ Հայբուսակ համալսարանում` օպերատիվ վիրաբուժություն և վիրաբուժական հիվանդություններ:

 

Այս ամենին զուգահեռ զաղվել նաև կազմակերպչական աշխատանքներով, բավականին բարդ է. պետք է աշխատել անձնակազմի հետ, որտեղ տարբեր մարդիկ են` տարբեր մոտեցումներով, տարբեր բնավորություններով, անհրաժեշտ է յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերել, պետք է հետևել բաժանմունքի կահավորմանը, նոր գույք ձեռք բերել, հիվանդների համար առավել հարմարավետ միջավայր ստեղծել և այլն: Շատ կարևոր է, որ հիվանդներն առողջ և գոհ հեռանան մեզանից, միշտ լավը հիշեն և, եթե Աստված չանի, նորից բուժման կարիք ունենան՝ վստահորեն դիմեն մեզ:

 

Ինչպե՞ս եք իրականացնում համաշխարհային փորձի ներառումը ձեր աշխատանքներում:

 

Մասնակցում ենք գիտաժողովների, վերապատրաստումների, նորությունների մասին տեղեկանում ենք նաև համացանցով: Գրեթե ամեն ամիս իրականացվում են սեմինար պարապմունքներ՝ վիրաբուժության ոլորտում նորություններին տեղեկանալու համար։
Մի խոսքով, բոլոր հնարավոր միջոցներով հետևում ենք նորություններին, համաշխարհային փորձին և աշխատում ենք դրանք կիրառել մեր կլինիկայում:

 

Ի՞նչ հեռակա ծրագրեր և նպատակներ կան:

 

Ծրագրերը շատ են. մտածում ենք և՛ նոր տեխնոլոգիաների, և՛ նոր վերապատրաստումների միջոցով բազմազանություն մտցնել վիրաբուժության մեջ,  առաջընթաց ունենալ, աշխատել ավելի նոր, նվազ ինվազիվ, քիչ տրավմատիկ մեթոդներով օգնել հիվանդներին:

 

Նախկին տարվանից  նոր խնդիրներ են մուտք գործել մեր իրականություն՝ կորոնավիրուս, պատերազմ...

 

Պատերազմի ժամանակ մեր կլինիկան մեծ դեր է ունեցել` հատկապես վիրաբուժական թևը: Թերապևտիկ բաժինները նույնպես ընդգրկվել էին` մեր զինվորներին, սպաներին լիարժեք օգնություն ցուցաբերելու համար:
 

14.09.2021