«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Քունք-ստործնոտային հոդի սովորութային հոդախախտ. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ դիմածնոտային վիրաբույժ Վոլոդիա Եփրեմյանի հետ

Քունք-ստործնոտային հոդի սովորութային հոդախախտ. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ դիմածնոտային վիրաբույժ Վոլոդիա Եփրեմյանի հետ

Ի՞նչ է քունք-ստործնոտային հոդի սովորութային ենթա- կամ լրիվ հոդախախտը:

 

Քունք-ստործնոտային հոդի (ՔՍԾՀ) սովորութային ենթա- կամ լրիվ հոդախախտերը հաճախ են հանդիպում 12-14 տարեկան ասթենիկ մարմնի կառուցվածքով աղջիկների մոտ: Արդեն անամնեզից պարզվում է ՔՍԾՀ շրջանում  «շրխկոցների» առկայությունը, որոնք ունեն մի քանի տարվա վաղեմություն և առաջանում են բերանի առավելագույն բացման ժամանակ: Այս պացիենտների մոտ լինում է ուղեկցող ախտահարում՝ հարթաթաթություն կամ սկոլիոզ:

 

Ինչպե՞ս ախտորոշել:
Արտաքին զննմամբ դեմքի կառուցվածքային փոփոխություն չի նկատվում: Հազվադեպ հայտնաբերվում է աննշան ասիմետրիա` ծամող կողմի ծամիչ մկանի հեմիհիպերտրոֆիայի պատճառով;

 

Առավել հաճախ դիտվում է ՔՍԾՀ երկկողմանի ախտահարում: Կլինիկական զննման և ՔՍԾՀ շրջանի շոշափման ժամանակ հայտնաբերվում է ստորին ծնոտի հոդագլխիկի շարժման ծավալի մեծացում, հոդում ի հայտ է գալիս «շրխկոցով» աղմուկ և դրսևորվում է դեվիացիա (ծնոտի շեղընթաց կողմնային շարժում): ՔՍԾՀ միակողմանի ախտահարման դեպքում դեվիացիան դիտվում է դեպի ախտահարման հակառակ կողմը:

 

Ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ հետազոտություններ՝ ռենտգենաբանական (զույգ հոդերի շերտագրում` ստորին ծնոտի ֆունկցիոնալ հանգստի և առավելագույն իջեցված դիրքերում), ֆունկցիոնալ էլեկտրամիոգրաֆիա, ֆոնոգրաֆիա, աքսիոնոգրաֆիա:

 

Որոշ դեպքերում՝ կծվածքի խանգարումները բացառելու նպատակով, օրթոդոնտի խորհրդատվության և ծնոտների ախտորոշիչ մոդելների չափումների կարիք է առաջանում:

 

Հենաշարժիչ համակարգի հոդերի ուղեկցող ախտահարում կամ դիսֆունկցիա ունեցող երեխաներին ցուցված է օրթոպեդ-վնասվածքաբանի խորհրդատվություն:

 

ՔՍԾՀ սովորութային հոդախախտերի բուժման ի՞նչ մոտեցումներ կան:

 

Բուժումը համալիր է, առանձին կուրսերով:

 

Երեխաներին անհրաժեշտ է նշանակել խնայողական սննդակարգ, հակաբորբոքային, ներծծող քսուքներով կապեր` ՔՍԾՀ շրջանում, դեղեր (սալիցիլատներ, հակահիստամինային և կալցիումական պատրաստուկներ):

 

Նշանակվում են նաև ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ (մագնսաթերապիա, էլեկտրաֆորեզ` կալիումի յոդիտի 6%-անոց լուծույթով): Մեկ տարվա ընթացքում, յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ հարկ է կրկնել ֆիզիոթերապիայի կուրսերը (առանց դեղերի):
Ներհոդային միջամտություններ (ներարկումներ, արթրոսկոպիա) երեխաների դեպքում չեն իրականացվում:

 

Կանխարգելիչ ի՞նչ միջոցառումներ են իրականացվում:

 

Անհրաժեշտ է շարունակել դիսպանսեր հսկողությունը, կանխարգելիչ զննումներ կատարել կես տարին մեկ անգամ:

 

Սովորութային ենթահոդախախտ կամ սովորութային լրիվ հոդախախտ ունեցող երեխաների դեպքում բուժկանխարգելիչ համալիր միջոցառումների իրականացումը հնարավորություն է տալիս խուսափել ՔՍԾ հոդում բորբոքական զարգացումներից և երկարատև կլինիկական արդյունք է ապահովում:

30.07.2021