«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Լյարդի ռեզեկցիաների իրականացում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության կլինիկայում

Լյարդի ռեզեկցիաների իրականացում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության կլինիկայում

Հոդվածը ներկայացնում է «Արմենիա» ՀԲԿ Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Սուրեն Ստեփանյանը:

Լյարդի նորագոյացությունները, որոնց դեպքում հնարավոր է կիրառել վիրաբուժական բուժում, բազմազան են: Դրանք են հեպատոցելյուլյար և խոլանգիոցելյուլյար կարցինոմաները, լյարդի ադենոմաները, ֆոկալ նոդուլար հիպերպլազիաները, խթաղու քաղցկեղի մետաստազները լյարդում և այլն: Նշված   ախտահարումների ընդհանուր կլինիկական պատկերն ընդգրկում է հետևյալ ախտանիշերը՝ ծանրության զգացում և ցավ աջ թուլակողում, ընդհանուր թուլություն, արագ վրա հասնող հոգնածություն: Պացիենտի մոտ առավել ծանր ընթացք է դիտվում, երբ վերոնշյալ ախտաբանություններն ուղեկցվում են  լեղուղիների լուսանցքի խցանումով և մեխանիկական դեղնուկով ուղեկցվելու պարագայում: Ախտորոշման մեջ անգնահատելի է ուլտրաձայնային հետազոտոթյան և կոնտրաստավորմամբ համակարգչային շերտագրության դերը: Ընդ որում, ուլտրաձայնային հետազոտությունն անհրաժեշտ է նաև որպես ներվիրահատական միջոց՝ որոշելու լյարդի նորագոյացության հեռացման հնարավորությունը:


Վիրաբուժական մեթոդին զուգահեռ լյարդի նորագոյացությունների բուժման մեջ կիրառվում են նաև ռադիոհաճախային աբլացիան, միկրոալիքային աբլացիան, կրիոդեստրուկցիան: Այս մեթոդները որոշակի ցուցումների դեպքում տալիս են լավ արդյունքներ, չնայած նաև զերծ չեն բարդություններից:


Լյարդի նորագոյացությունների վիրաբուժական բուժման մեջ առավել հաճախ են կիրառվում անատոմիական խնայող մասնահատումները՝ սեգմենտէկտոմիաները: Առավել ռադիկալ հեմիհեպատէկտոմիաներից հետո հաճախ են բարդությունները, լյարդային անբավարարության դեպքերը կամ փակուղային վիճակները, երբ վիրահատությունից որոշ ժամանակ անց հայտնաբերվում է ախտահարում լյարդի պահպանված բլթում:

 

  

 

ԼՅԱՐԴԻ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅԱՆ ՀՇ ՊԱՏԿԵՐ         ԼՅԱՐԴԻ ՌԵԶԵԿՑԻԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ


«Արմենիա» ՀԲԿ վիրաբուժության կլինիկայում վերջին տարիներին աշխատանքներ են իրականացվել լյարդի նորագոյացությունների վիրաբուժական բուժման ուղղությամբ: Կատարվել են վիրահատություններ այս ոլորտում մեծ փորձ ունեցող վիրաբույժ Ս.Հ. Հակոբյանի հետ համատեղ: Ռուսաստանի հայ բժիշկների միության և անձամբ պրոֆ. Ի.Ռ. Կարապետյանի ջանքերով կազմակերպվել են «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժության կլինիկայի ղեկավար Ս.Ա. Ստեփանյանի և նույն կլինիկայի վիրաբույժ Հ.Ս. Հովհաննիսյանի վերապատրաստումը Մոսկվայի Ա.Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում, Լյարդի և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության բաժանմունքում:

 

 

 

ԼՅԱՐԴԻ ՀՅՈՒՍՎԱԾՔԸ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ                                            ԼՅԱՐԴԻ ՀՅՈՒՍՎԱԾՔԻ ԵԶՐԵՐԸ ՄՈՏԵՑՎԵԼ ԵՆ


Որպես այդ վերապատրաստումների և նախապատրաստական աշխատանքների արդյունք «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժության կլինիկայում վերջին մեկ տարում կլինիկայի ղեկավար Ս.Ա. Ստեփանյանի կողմից կատարվել են լյարդի երեք մասնահատումներ բարորակ նորագոյացությունների կապակցությամբ: Մասնահատումներից երկու դեպքում կատարվել է լյարդի 7-րդ սեգմենտի մասնահատում, երրորդ դեպքում՝ 8-րդ սեգմենտի մասնահատում: Բուժման ընթացքում առանձնապես կարևոր էր անէսթեզիոլոգիական ծառայության (ղեկավար Ա.Ս. Ղազարյան) և ինտենսիվ թերապիայի ծառայության (ղեկավար Ա.Ա.Ղազարյան) դերը: Կլինիկայից հիվանդները դուրս են գրվել առողջացմամբ:

 

 

ԼՅԱՐԴԻՑ ՀԵՌԱՑՎԱԾ ՖՈԿԱԼ ՆՈԴՈՒԼՅԱՐ ՀԻՊԵՐՊԼԱԶԻԱՅԻ ՊՐԵՊԱՐԱՏԸ


Կատարված աշխատանքները և արդյունքները հուսադրող են, այս բնագավառում մեր հետազոտությունները, որոնումները շարունակվելու են:

22.02.2017