«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Ականջի խնդիրների բուժական մոտեցումները. հարցազրույց Գայանե Սարգսյանի հետ

Ականջի խնդիրների բուժական մոտեցումները. հարցազրույց Գայանե Սարգսյանի հետ

Ականջի հետ կապված խնդիրների և բուժման մոտեցումների հետ կապված հարցերով զրուցեցինք «Արմենիա» ՀԲԿ քիթ-կոկորդ-ականջաբանական կլինիկայի օտովիրաբույժ-ականջաբան, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ՔԿԱ ամբիոնի դոցենտ Գայանե Սարգսյանի հետ:

 

Լսողական խանգարումների ո՞ր դեպքերն են ենթակա բուժման և ի՞նչ մեթոդներով:
Քանի որ լսողական օրգանի վնասման պատճառները բազմապիսի են, դրանից ելնելով, նաև բուժական մոտեցումներն են բազմապիսի՝ դեղորայքային միջոցներից մինչև վիրահատական միջամտություններ, մինչև իսկ լսողության օրգանի  պրոթեզավորում:

 

Ե՞րբ են կիրառվում լսողական սարքեր:

Եթե դեղորայքային, վիրահատական միջոցառումները հնարավոր չէ կազմակերպել, այդ դեպքում կիրառվում են  լսողական սարքեր: Ժամանակակից աշխարհում կան բազմապիսի հնարավորություններ, թվայնացված սարքեր, որոնք թույլ են տալիս որոշ չափով լավացնել ախտահարված օրգանի ֆունկցիան: Դեպքեր կան, երբ սարքի միջոցով լսողությունը նույնիսկ լիովին վերականգնվում է:

 

Լսողական սարքերը հեշտությա՞մբ են կիրառվում հիվանդների կողմից:
Ցավոք, հիվանդները հաճախ հրաժարվում են սարքերից, բայց դա ճիշտ մոտեցում չէ: Չէ՞ որ, օրինակ, տեսողության խնդիրների դեպքում ակնոց են կրում, իսկ լսողական օրգանը տեսողականի նման զգայական օրգան է, և այն ևս ենթարկվում է նույն տարիքային փոփոխություններին: Տարիքի հետ  զգայարաններում ատրոֆիկ փոփոխություններ են ընթանում,  որն օրգանիզմի համար համարվում է նորմալ էվոլուցիոն գործընթաց: Իսկ ներկայում՝ պատվաստանյութերի, բժշկագիտական զարգացումների արդյունքում մարդիկ շատ ավելի երկար են  ապրում, և այդ երկար ժամանակահատվածում, բնականաբար, փոփոխություններն ավելի են խորանում:

 

Ուստի լսողությունը, տեսողության նման, կյանքի ընթացքում շտկման, օգնության  կարիք ունի: Ժամանակակից աշխարհն այդ հնարավորությունը տալիս է, այսինքն, այսպես կոչված, պրեսբիակուզիսը՝ լսողության տարիքային իջեցումը, պահանջում է լսողության շտկում` լսողական սարքերի միջոցով:

 

Բրիտանական դպրոցի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ երկարատև վատ լսողությունը  նպաստում է տարիքային դեմենցիայի զարգացմանը, որը լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում: Ուստի լսողական սարքի կիրառումը կարևոր է նաև ծերունական դեմենցիայի, նույնիսկ Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման համար:

 

Դեղերի օտոտոքսիկ ազդեցությունը. ո՞ր դեղերն են հատկապես օտոտոքսիկ:
Օտոտոքսիկ դեղերից են ամինագլիկոզիդային շարքի հակաբիոտիկները, սալիցիլատները, միզամուղները, խինինները, որոնք լսողության օրգանի` հատկապես պերիֆերիկ ռեցեպտորի (ներքին ականջ) վրա ազդող հիմնական գործոններն են: Այդ դեղերն ախտահարում են ներքին ականջը՝ խխունջը, անդաստակային (վեստիբուլյար) համակարգը:

 

Քիմիաթերապիայում լայնորեն օգտագործվող լատինիում պարունակող ժամանակակից շատ դեղեր նույնպես օտոտոքսիկ ազդեցություն ունեն և բերում են լսողական օրգանի՝ անդաստակային և խխունջային համակարգերի՝ լսողության և հավասարակշռության անալիզատորի ախտահարման: Սալիցիլատները, մակրոլիդները, միզամուղները` հատկապես  ֆուրոսեմիդը, թեև ժամանակակից դեղեր են, բայց նույնպես ունեն կողմնակի օտոտոքսիկ ազդեցություն, և նրանց չարաշահումը կարող է ազդել լսողության վրա: Վերջին շրջանում, հատկապես կովիդի հետ կապված, շատ կիրառվեցին մակրոլիդներ:

 

Այնպես որ, օտոտոքսիկ  դեղերը` հատկապես հակաբիոտիկները, պետք է լինեն թիրախավորված: Դա ավելի է կարևորվում մանրէների նկատմամբ նրանց անընկալունակության բարձրացման պատճառով:

 

Ո՞ր դեպքերում է բուժման համար վիրահատությունն անփոխարինելի:
Հիվանդություններ կան, որոնք միայն վիրահատական միջամտություն են պահանջում,  կամ վիրահատականը` համակցված դեղորայքային բուժման հետ: Ներկայում այդ վիրահատությունները շատ ընդունված են. մեթոդները կատարելագործվում են, գիտության առաջընթացի հետ համահունչ կատարելագործվում են նաև պրոթեզները,  լսողական սարքերը, և տալիս են երկարատև, կայուն արդյունք:

 

Վիրահատական մեթոդով բուժում պահանջող հիվանդություններից առաջին տեղում են բորբոքական գործընթացները՝սուր և քրոնիկ միջին օտիտները, հատկապես ատիկոանտրալ տիպը, օտոսկլերոզի տիմպանալ ձևը, մանկական տարիքում լսողության միակողմանի կամ երկկողմանի ծանր աստիճանի ծանրալսությունը և այլն: Մանկական տարիքում սուր օտիտը ամենահաճախ հանդիպող ախտաբանությունն է, որը ոչ ճիշտ բուժման արդյունքում դառնում է քրոնիկ՝ պահանջելով լուրջ վիրահատական միջամտություն: Միջին ականջաբորբը կարող է բերել նաև ներգանգային և արտագանգային բարդությունների, մասնավորապես՝ մենինգիտի, գլխուղեղի երակածոցերի թրոմբոզի զարգացման, և դրա բուժումը լսողական օրգանի սանացիան է՝ երբեմն նույնիսկ կյանքի ցուցումով:

 

Մյուս խումբը՝ լսողության ռեկոնստրուկտիվ վերականգնողական վիրահատություններն են, որոնց արդյունքում ձգտում ենք ապահովել նորմալ լսողություն։ Օրինակ, օտոսկլերոզ կոչվող հիվանդությունը, երբ առկա է  լսողական ոսկրիկի՝ ասպանդակի անշարժություն, որի հետևանքով առաջանում է լսողության պրոգրեսիվող իջեցում, բուժումը վիրահատական է. անշարժ ոսկրիկը փոխարինվում է պրոթեզով:

 

Դա օտովիրաբույժների ամենանախընտրելի վիրահատությունն է, որովհետև հենց վիրահատության ընթացքում աշխատանքի արդյունքը տեսանելի է՝ չլսող հիվանդը միանգամից սկսում է լսել, ինչը երջանկություն է և՛  հիվանդի, և՛ բժշկի համար: Սակայն այն պահանջում է լուրջ մասնագիտական գիտելիքներ, փորձառություն: Նույնիսկ այսպիսի կարծիք կա, որ մինչև ստապերոպլաստիկա կատարելը, օտովիրաբույժը պետք է 100 տիմպանոպլաստիկա կատարած լինի։

28.07.2021