«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Գինեկոլոգիական բաժանմունքի գործունեությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Արմենուհի Ավետյանի հետ

Գինեկոլոգիական բաժանմունքի գործունեությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Արմենուհի Ավետյանի հետ

Խոսենք գինեկոլոգիական բաժանմունքի գործունեության մասին:

 

Արմենիա ՀԲԿ ում միշտ գործել է գինեկոլոգիական ամբուլատոր ծառայությունը,  որի նպատակն եղել է հիվանդանոցում հոսպիտալիզացված կանանց կանխարգելիչ հետազոտությունների իրականացումը։ 2002 թվականից ի վեր, համապատասխան լիցենզիաները ստանալուց հետո, գինեկոլոգիական ծառայությունն ընդլայնվել է։ Ներկայում,  ամբուլատոր ծառայության հետ զուգահեռ,  գործում է նաև ստացիոնար ծառայությունը, որտեղ հետազոտվում և, անհրաժեշտության դեպքում, վիրահատվում  է հիվանդանոց դիմած գինեկոլոգիական խնդիրներ ունեցող յուրաքանչյուր պացիենտ։

 

Հարկ եմ համարում ընդգծել, որ հիվանդանոցում գործող գինեկոլոգիական ծառայության շնորհիվ հետազոտվում են հիվանդանոցում հոսպիտալիզացված բոլոր կանայք, որոնցից, սովորաբար, 20-30%-ի մոտ հայտնաբերվում են գինեկոլոգիական խնդիրներ։

 

Հետազոտության արդյունքներից ելնելով՝  հիվանդները հենց մեզ մոտ ստանում են բուժում կամ, անհրաժեշտության դեպքում,  վիրահատական միջամտություն։ Նույն սկզբունքով՝ վճարովի և պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, հիվանդանոցային բժշկական օգնության (պետպատվերի) շրջանակում, ծառայությունները  մատուցվում են նաև հիվանդանոց դիմած գինեկոլոգիական խնդիր ունեցող յուրաքանչյուր կնոջ։

 

Ի՞նչ ախտաբանությունների դեպքում են դիմում և ի՞նչ միջամտություններ են իրականացվում:

 

Կատարվում է գինեկոլոգիական խորհրդատվություն, բուժում, կոնքի խոռոչի օրգանների սոնոգրաֆիկ ախտորոշում, էնդոկրին գինեկոլոգիական խնդիրների ախտորոշում և բուժում, ինչպես նաև էնդոկրին համակարգի խանգարումներով պայմանավորված անպտղության, տարբեր ծագման կոլպիտների և ցերվիցիտների բուժում, ներարգանդային ախտաբանությունների հետ կապված միջոցառումներ և բուժում, վիրաբուժական գինեկոլոգիա, ներքին և արտաքին սեռական օրգանների հետ կապված բոլոր վիրահատական միջամտություններ, միոմաների հեռացում (կոնսերվատիվ միոմէկտոմիա), հավելումների բարորակ նորագոյացությունների հեռացում (նաև էնդոսկոպիկ եղանակով), գինեկոլոգիական պլաստիկ վիրաբուժություն։

 

Ի՞նչ հագեցվածություն ունի բաժանմունքը:

 

Բաժանմունքը հագեցած է նորագույն սարքերով։ Պարբերական վերապատրաստումները և սարքերի թարմացումը հսկվում է հիվանդանոցի ադմինիստրացիայի կողմից։

 

Աշխատանքի կազմակերպման մեջ կա՞ն դժվարություններ:

 

Բնականաբար, աշխատող բժշկի համար բարդություններն անխուսափելի են, սակայն դրանք հասցվում են նվազագույնի։ Առավելությունը կայանում է նրանում, որ հիվանդանոցն ինքնին բազմապրոֆիլ է, և դա օգնում է կողմնակի ծագած բարդությունների դեպքում դիմել նեղ մասնագիտական օգնության, ինչը նպաստում է հիվանդի արագ ապաքինմանը։

 

Ներկայում գինեկոլոգիայում առկա ի՞նչ խնդիրներ կան:

 

Կարծում եմ կարևորագույն մարտահրավերը, ոչ թե խնդիրը, գինեկոլոգիական սարքերի արագընթաց զարգացումն է և դրանց կիրառելության ու հասանելիության ապահովումը։ Այժմ բժիշկների առջև ո՛չ միայն անընդհատ մասնագիտորեն վերապատրաստվելու խնդիր է դրված, այլ նաև՝ տեխնիկաներին ծանոթանալու և դրանցով աշխատել- հմտանալու խնդիր։

 

Միևնույն ժամանակ, սեփական փորձից պետք է նշեմ, որ թեև այժմ կանայք ավելի շատ են դիմում պարբերական հետազոտությունների, այնուամենայնիվ, կա հիվանդությունների քանակի և ախտաբանությունների շատացում։

 

Խոսենք այսօրվա երիտասարդ մասնագետների մասին:

 

Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա, կան կրթված, առաջադեմ երիտասարդներ և հարաբերականորեն` թույլ։ Բայց մեր խնդիրը բոլորի հետ հավասարապես աշխատելն է, քանի որ նրանք են մեր հերթափոխը։ Ներկայում երիտասարդներին ընձեռված են մեծ հնարավորություններ` վերապատրաստվելու թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Ներկայում նրանց հասանելի տեղեկատվությունը սահման չունի։ Կարևորը միայն ունեցածով չբավարարվելը և այդ հնարավորությունը բաց չթողնելն է։  Դա կարող եմ փաստել  նաև իմ փորձով․ երիտասարդ տարիքում երեք ամիս Իտալիայում վերապատրաստվելուց հետո զգացել եմ մասնագիտական որակի զգալի բարձրացում։

 

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին:

 

Ընդհանրապես, բոլոր երիտասարդներին՝ անկախ մասնագիտությունից, խորհուրդ եմ տալիս չբավարարվել իմացածով, անդադար կրթվել։ Իսկ բժշկի մասնագիտությունը ընտրած երիտասարդներին խորհուրդս է` հիշել, որ բժշկության մեջ կաղապարված, ստանդարտ մոտեցումներն անընդունելի են․  նույն հիվանդությունը տարբեր դրսևորում ունի տարբեր մարդկանց մոտ։

 

Հիվանդությունը կարող է լինել նույնը, բայց հիվանդները տարբեր են։ Պետք է կրթվել ամեն օր, մասնագիտանալ, ձեռք բերել փորձ, հասկանալ ընտրած մասնագիտության կարևորությունը և սիրել այն։

30.06.2021