«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Կորոնավիրուսը և նրա ախտորոշման անտիգենային թեստը. հարցազրույց «ԱՐՄԵՆԻԱ» ՀԲԿ մանրէաբանական լաբորատորիայի վարիչ Նարինե Մուրադյանի հետ

Կորոնավիրուսը և նրա ախտորոշման անտիգենային թեստը. հարցազրույց «ԱՐՄԵՆԻԱ» ՀԲԿ մանրէաբանական լաբորատորիայի վարիչ Նարինե Մուրադյանի հետ

Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է:

 

COVID-19-ը դարձել է մեր ժամանակի մարտահրավերը՝ ազդելով կյանքի շատ ոլորտների վրա` և՛ անհատական, և՛ սոցիալական մակարդակներում: Չմանրամասնելով նրա ազդեցությունը շատ և շատ ոլորտներում, հարկ է շեշտադրել COVID-19-ի հակաբիոտիկային ռեզիստենտականությունը` որպես բացասական հետևանք:

 

Ի՞նչ դեր ունեն հակաբիոտիկները կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն, հակաբիոտիկները COVID-19-ի բուժման գործընթացում արդյունավետ չեն, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով:

 

2016 թվականից «Արմենիա» ՀԲԿ-ն, Հայաստանի մի քանի այլ բուժհաստատությունների հետ համատեղ, մասնակցել է «Մանրէների՝ հակաբիոտիկների դեմ կայունության ձեռք բերման պայքարի» ծրագրին:

 

Ինչպես COVID-19-ի, այնպես էլ այլ վիրուսային ծագման հիվանդությունների ժամանակ, հակաբիոտիկների կիրառման վնասակարության մասին բազմիցս ահազանգվել է առողջապահության նախարարության կողմից: Դրանք կարելի է նշանակել միայն ծանր ախտանիշներով հիվանդներին՝ բակտերիալ թոքաբորբերը կանխելու կամ բուժելու համար:

 

ԱՀԿ-ն պարզել է, որ հոսպիտալացված հիվանդների 72 տոկոսը ստացել է հակաբիոտիկներ, սակայն նրանցից միայն 8 տոկոսի մոտ է հայտնաբերվել բակտերիալ վարակ:

 

Անդրադառնանք COVID-19-ի ախտորոշման հարցերին:

 

Հիվանդությունների դեղակայուն ձևերի առաջացումը և տարածումը կանխելու համար շատ կարևոր է COVID-19-ի վաղ ախտորոշումը, որի համար կիրառվում են նաև COVID-19-ի արագ թեստերը, որոնց օգնությամբ հայտնաբերվում է վիրուսի սպիտակուցային անտիգենը` իմունոխրոմատոգրաֆիկ մեթոդով:

 

Անտիգենային հետազոտությունը ՊՇՌ հետազոտության արագ և այլընտրանքային միջոց է: Հակամարմիններն օրգանիզմում սկսում են հայտնաբերվել միայն հիվանդության 5-7-րդ օրից, իսկ անտիգենային թեստը շատ ավելի վաղ է հայտնաբերում վիրուսի առկայությունն օրգանիզմում:

 

Երբ կորոնավիրուսը տեղակայվում է վերին շնչուղիներում և սկսում է բազմանալ, ախտորոշման համար 1-14 օրը նպատակահարմար է կատարել անտիգենի հայտնաբերում: 15-30 րոպեի ընթացքում պարզվում է ՝ վարակ կա՞ արդյոք և տվյալ անհատը վարակի աղբյո՞ւր է այլոց համար:

 

Անտիգենային հետազոտության առավելություններն են՝ արագությունը և վարակի հայտնաբերումը նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, որը թույլ է տալիս վարակված հիվանդի մեկուսացում և բուժման ճիշտ մոտեցման մշակում:

 

Ելնելով ներկայացված խնդիրներից, «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել են COVID-19 անտիգենի հայտնաբերման արագ թեստերը:

 

Ինչպե՞ս է կատարվում անտիգենի որոշման թեստը:

 

Անտիգենի հայտնաբերման համար հետազոտվում է է քիթ-ըմպանից վերցրած քսուկը: Հետազոտության համար հատուկ լաբորատոր սարքեր և հատուկ պայմաններ չեն պահանջվում: Հետազոտության պատասխանը տրվում է 15-30 րոպեի ընթացքում:

 

Ինչպիսի՞ սահմանափակումներ կան:

 

Հետազոտությունը նպատակահարմար է իրականացնել 1-14-րդ օրը, այսինքն, վիրուսի վերարտադրողականության (ռեպլիկացիայի) շրջանում:

03.05.2021