Լուրեր
Կլինիկական դեպք՝ «Արմենիա» ՀԲԿ-ում. քնային զարկերակների ստենտավորում` բարդագույն անամնեզով պացիենտի մոտ.անոթային վիրաբույժ՝ Վրեժ Հովակիմյան

Իշեմիկ ինսուլտից մահացությունը զարգացած երկրներում կազմում է ընդհանուր մահացության 12-20%ը` զիջելով միայն սրտային ախտաբանություններից և բոլոր տեղակայման նորագոյացություններից` մահացությանը (Gote R., Battista R., Wolfson C. «Can. J. Neurol. Sci.1998): Հիվանդների 40-60%-ն, իշեմիկ ինսուլտից հետո, դառնում են հաշմանդամ, կայուն մնացորդային փոփոխությունները պահպանվում են 30%-ի մոտ, լիարժեք աշխատունակությունը վերականգնվում է միայն 10%-ի մոտ: Սրտի ամերիկյան ասոցիացիայի (AHA) տվյալներով ինսուլտի միջին հաճախականությունը ԱՄՆ-ում և Եվրոպայում կազմում է տարեկան 3,1` 1000 բնակչության հաշվարկով, որից 85%-ը՝ իշեմիկ, 15%-ը` հեմոռագիկ ինսուլտ (Heart and Stroke statistical update, 2002):
Հիվանդը՝ Հ.Ս., 70 տարեկան, դիմել է «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության կլինիկա (19.12.2020 թ.)՝ գանգատվելով աջ վերին և ստորին վերջույթներում` թուլությունից (աջակողմյան հեմիպարեզ), խոսակցական խանգարումներից (մոտոր դիսֆազիա), որոնք ի հայտ են եկել մոտավորապես 1 ամիս առաջ:
Կլինիկա դիմելուց 14 օր առաջ դիտվել է ուշագնացության էպիզոդ, որն ուղեկցվել է դեմքի ասիմետրայով, մարմնի աջ կեսի թուլության խորացմամբ: Ամբուլատոր կատարվել է պարանոցի անոթների դուպլեքս սկանավորում, և հայտնաբերվել է ձախ ԸՔԶ/ՆՔԶ նեղացում 95%<, ԳԱ 450սմ/վ: Կլինիկական դեպքը բարդանում էր հիվանդի մոտ ուռուցքային գործընթացի առկայության պատճառով. հիվանդը տառապում էր ձվարանների ուռուցքով, իսկ արգանդում և միզապարկում առկա էին մետաստազներ: Վերոնշյալ ախտաբանությանն ուղեկցում էին ձախակողմյան հիդրոթորաքս և ասցիտ:
ՇԴ II տիպով և ուռուցքային գործընթացի բուժման առաջին փուլում պլանավորվում էր իրականացնել սիստեմային քիմիաթերապիա, որն, ինքնին, բարձրացնում է կրկնակի ինսուլտի ռիսկը:
Հաշվի առնելով հիվանդի ծանր կոմորբիդ ֆոնը, բարձր անեսթեզիոլոգիական ռիսկը, որոշում է կայացվել ձեռնպահ մնալ բաց միջամտությունից (կարոտիդային էնդարտերէկտոմիա) և կատարել ներանոթային միջամտություն (քնային զարկերակների ստենտավորում` դիստալ ցերեբրալ պրոտեկցիայի պայմաններում)՝ նախապես կատարված ՀՏ-անգիոգրաֆիայով հաստատելով ախտահարման համապատասխանությունը` ներանոթային միջամտությանը:
Այսպիսով, ախտորոշվել է քնային զարկերակների հիվանդություն, ձախ ԸՔԶ/ՆՔԶ նեղացում 95%<, տարած ԳԱՇՍԽ` աջակողմյան հեմիպարեզով և մոտոր դիսֆազիայով, ՏԻԳ, ձվարանի նորագոյացություն՝ միզապարկում և արգանդում մետաստազների առկայությամբ, ՇԴ II տիպ:
21.12.2020 թ., կաթետերիզացիոն լաբորատորիայի պայմաններում, կատարվել է ձախ քնային զարկերակների (ՆՔԶ/ԸՔԶ) ստենտավորում` դիստալ ցերեբրալ պրոտեկցիայի պայմաններում.
Փուլերը.
1. Աջ ԸԱԶ ռետրոգրադ պունկցիա (sol. Lidocaini 1%-10մլ), 11 սմ 6F ֆեմորալ շիթի տեղադրում
2. Ձախ ԸՔԶ կաթետերիզացիա` JR 3,5 5F-ի միջոցով
3. ԱՔԶ Terumo Glide Wire 0,35 260 stiff-ի անցկացում
4. 11 սմ 6F ֆեմորալ շիթի փոխում` Destination 6F 90sm hockey stick-ի
5. Անգիոգրաֆիա



7. X-ACT 6-8-40 ստենտի իմպլանտացիա ՆՔԶ/ԸՔԶ
8. Ստենտի պոստդիլատացիա 6-40-135 Armada բալոնով` ատրոպինի լուծույթի ներարկումից հետո


9. Ստոգիչ անգիոգրաֆիա. էմբոլիա ցերեբրալ անոթներ, մնացորդային նեղացում, դիսսեկցիա առկա չէ:


Հիվանդը հետվիրահատական շրջանում գտնվել է ԱՎԲ-ում, պունկցիոն անցքը չոր էր, նյարդաբանական ստատուսը կայուն էր, հիվանդը դուրս է գրվել հ/վ հաջորդ օրը` կրկնակի հակաագրեգանտային, ստատինային բուժման ֆոնի վրա:
P.S. Ներանոթային միջամտությունները քիչ տրավմատիկ են, ունեն քիչ թվով հակացուցումներ և կարող են լինել բարձր վիրաբուժական ռիսկ ունեցող հիվանդների համար` բաց միջամտության այլընտրանք:
Մենք պետք է միշտ փորձենք յուրաքանչյուր հաջորդ միջամտությունը կատարել ավելի լավ, քան` նախորդը:
Յուրաքանչյուր հայացքի հետևում թաքնված է հետաքրքրագույն կյանք, որը մենք պարտավոր ենք պահպանել…